Գլխավոր » Վերլուծական նոթեր
Քաղաքականություն

Վերլուծական նոթեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վազգեն Մանուկյանի անվանական գլխավորությամբ նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու քաղաքական նախագիծը կանխատեսելի էր շատերի համար՝ հաշվի առնելով դրա բավականին ակտիվ տեղեկատվական նախապատրաստությունը ԶԼՄ-ների համապատասխան հատվածում: Արդեն բավականին շատ է խոսվել «Վերնատան» մասին, գնահատականներ են տրվել և այլն, բայց մեզ այստեղ պետք է հետաքրքրի ոչ թե գնահատականն ու ընդհանուր խոսքերն, այլ հարցի, այսպես ասենք, տեխնիկական-վերլուծական կողմը: Քաղաքական գործընթացներն՝ անկախ մեր վերաբերմունքից դրանց ու դրանցում ընդգրկվածներին, և անկախ նրանց կարևորության ու անկարևորության մեր արժևորումից պետք է վերլուծվեն, ոչ թե գնահատվեն:

Նախ՝ պետք է ճիշտ կերպով քարտեզագրել «Վերնատուն» ակումբի քննարկում կոչված այս միջացոռումը, դուրս բերել դա «նախկին իշխանավորներ» լայն ու անորոշ բնորոշման «մշուշից»:

Բավականին ակնառու էր, որ «Վերնատան» միջացոռմանը չէր մասնակցում նախկին իշխանության այն հատվածը, որը կարող ենք կոչել բուն «սերժական» կամ ՀՀԿ-ական (նրանք, ովքեր այսօր էլ մնացել են ՀՀԿ-ում և անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեծրի գոտում): Սա նույնպես, ի դեպ, բավականին կանխատեսելի էր: Ուշագրավ է, օրինակ, որ Սերժ Սարգսյանի վերջին շրջանի համեմատական ակտիվությունը՝ «ձերբակալության մասին ելույթ», հանդիպում ԱՄՆ դեսպանատանը, «պոպուլիզմի» քննարկմանը նվիրված ՀՀԿ միջացառում Սերժի մասնակցությամբ, գրեթե զրոյական աձագանքի արժանացան «քոչարյանական» հարթակների կողմից, որոնք էլ, մեծ հաշվով կորիզն են (բայց ոչ միակ մասնակիցը) Վերնատան մեջ հավաքված ուժերի: Սա, իհարկե, ոչ պատահականություն էր, ոչ էլ առանձնապես անակնկալ, այլ կայուն մի միտման շարունակություն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր բևեռի ձևավորմանը, ապա դեռ աշնան սկզբից «սերժական» ճամբարից եղան բավականին թափանցիկ ակնարկներ այն մասին, թե «որոշներն», ուզում են ընդդիմադիր միավորում ապահովել առանց ՀՀԿ-ի, և որ դա չի ստացվի: Այն ժամանակ էլ պարզ էր, թե ովքեր են այդ որոշները:

Ավելին կա: Խնդիրը ոչ միայն այն է, որ Սերժի ակտիվությունը զրոյական արձագանք ստացավ քաղաքական որևէ դեպքին միշտ էլ մանրամասնորեն արձագանքով «քոչարյանական» հարթակներում, այլև այն, որ, միգուցե հենց բուն այդ ակտիվությունն այնքան էլ պատահական չէ, որ համընկավ Վերնատան հրապարակայնացմանն անմիջապես նախորդող շրջանին: Իհարկե, խոսքն ուղղակի փոխկապակցվածության մասին չէ, այլ ավելի լայն ու բարդ կապի մասին:

Նախ՝ ուշագավ է ինքնին համընկման փաստը: Իր հրապարակային ակտիվությամբ՝ ելույթ, հանդիպում, միջոցառում, Սարգսյանն ու ՀՀԿ-ն, կարծես, փաստում են իրենց առաձին գոյությունն ի հակադրություն մեծ աղմկով ձևավորվող և «քոչարյական կորիզ» ունեցող Վերնատանը, երկրորդ՝ Սարգսյանի «ձերբակալման ելույթի» ուղերձների մի մասը, եթե համարենք ուղղած այսօրվա իշխանությանը, ապա մյուս մասն այդքան էլ հստակ չեն և շատերի կողմից ընկալվում են որպես ուղղված այլ կողմերի՝ դրսում, թե ներսում: Վերջապես Սերժ Սարգսյանի ակտիվացումն ակնհայտորեն հակադիր է գերազնացապես «ռուսական» տիրույթում ընկալվող Վերնատանը նաև արտաքին կողմնոշորման առումով՝ ԱՄՆ դեսպանատուն, Ադենաուերի հիմնադրամ (գերմանական քրիստոնյա-դեմոկրատներին պատկանող): Միգուցե նույնիսկ պոպուլիզմի թեմայի բարձրացումը, որն առաջին հայացքից թվում է ուղղված միայն այսօրվա իշխող թիմին, որոշ չափով իրականում արտաքին ենթատեքստ էլ ունի (մանավանդ, որ զարմանալիորեն արծարծվեց նաև ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման շրջարկում, այն դեպքում, երբ աշխարհի թիվ մեկ «պոպուլիստը» համարվում է ԱՄՆ նախագահը)՝ պոպուլիզմն այսօր արևմտյան էլիտաների թիվ մեկ քաղաքական հայհոյանքն է, մինչ ռուսներին կասկածում են «պոպուլիզմի» հովանավորության մեջ: Բայց եթե նույնիսկ պոպուլիզմի խնդրում մեր ասելիքի հիմքերը թեական են, սակայն, մնացյալը բավական է արձանագրելու մեր նշված կողմնորոշումային հակադրությունը:

Վերադառնանք «Վերնատան» ժողովին: Եթե «սերժական» հատվածի չմասնակցությունը բավականին կանխատեսելի էր, ապա որոշ չափով անակնկալ էր «միքայելմինասյանական» հատվածի բավականին թույլ ներկայացվածությունը: Խնդիրն այն է, որ «քոչարյանական» և «մինասյանական» հատվածները վերջին ամիսներին բավականին սինխրոն էին գործում գոնե տեղեկատվական քաղաքականության դաշտում: Իմիջիայլոց, Սերժի ակտիվության նկատմամբ «մինասյանական» հարթակները ցուցաբերել են նույն «սինխրոն» անտարբերությունը ինչ «քոչարյականները»: Ինչևէ, փաստն այն է, որ Վերնատան հավաքին մինասյանական թիմը ներկայացված էր թույլ, կարելի է ասել «սիմվոլիկ»: Բացի այդ, հավաքին անմիջապես նախորդեց մինչ այդ որոշ ժամանակ լռած Միքայել Մինասյանի ծավալուն ֆեյսբուքյան գրառումը, որը, թերևս սիմվոլիկ իմաստով տարանջատեց մինասյանական հատվածն ու դրա նպատակները Վերնատան շուրջ համախմբված հատվածից: Մինասյանի գրառման մեջ ազդարարվում էր «սկիզբ», ինչն ըստ ձևի համընկնում է Վերնատան ազդարարման հետ, սակայն, ըստ էության շեշտում է՝ երկու տարբեր «սկիզբերի» մտադրությունը: Իհարկե, սա մի միտում է, որ դեռ պետք է ստուգվի, որովհետև ամեն դեպքում երկու թիմերի համագործակցությունը բավականին ամուր հիմքեր ուներ, կարծես:

Այսպես է չներկայացված կամ թույլ ներկայացված հատվածների խնդիրը, այժմ տեսնենք, իսկ ովքե՞ր էին ներկայացված: Առաջին հայացքից Վերնատան ժողովին բավականին խառը կազմ էր: Սակայն, եթե մի կողմ թողնենք այս դեպքում ավելորդ մանրամասները, ապա իրականում ներկա կազմը կարելի է պայմանականորեն և կոպիտ բաժանել երկու մեծ թևի:

Առաջին թևը նրանք են, ովքեր հատկապես 2016-18 թթ.-ին ակտիվ հակասերժական դիրքերում էին: 2016-ի ամռանը նրանք «Սասնա ծռեր» խմբավորման հուլիսյան խռովության քարոզչական կազմակերպված աջակցության լայն թիմի ակտիվ մասն էին  (մյուս կարևոր մասն այսպես կոչված «սորոսական» թիմն էր: Այսօր «Ծռերի» նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, իսկ «սորոսական» թևի հետ հեռահար համագործակցությունը փոխվել է համատեղ թշնամանքով):

Այս նույն մարդիկ և խմբերը այս կամ այն կերպով մասնակցեցին կամ աջակցեցին 2018-ի գարնանը Սերժի մերժման գործընթացին: Իհարկե, նրանց հաշվարկները խիստ տարբեր էին այն արդյունքից, որն ի վերջո տվեց այդ շարժումը՝ վերածվելով ժողովորդական հեղափոխության, որին արդեն ահնար էր պարտադրել Սերժի փոխարեն մեկ այլ վարչապետի թեկնածու, բացի զանգվածների նախընտրածից:

Այս թևն էլ կարող ենք համարել «Վերնատան» կորիզը՝ ոչ թե քանակային առումով, որն այս դեպքում էական չէ, այլ քաղաքական մարտավարության, գաղափարաբանության և դրա քարոզչական ապահովման մեջ գերակայող, առաջնային դեր ունենալու առումով:

Մյուս թևն ավելի խայտաբղետ է, բայց հիմնականում այստեղ Սերժի օրոք նրա թիմի մասը կազմող կամ նրա իշխանությանն ուղղակի ու անուղղակի աջակցողներն են, որոնք 18-ից հետո աստիճանաբար դուրս են եկել այդ ազդեցության գոտուց (որոշ կապեր պահելով կամ ոչ) և հայտնվել են իրենց երբեմնի խիստ հակադիր՝ «քոչարյանական» ճամբարի ձգողականության ոլորտում: Այս մարդիկ և՛ 16-ին, և՛ 18-ին լիովին հակադիր դիրքերում են եղել առաջին թևի նկատմամբ, և հաճախ էլ եղել են վերջինիս թիրախավորման դաշտում: Չնայած քանակապես այս թևը գուցե և չի զիջում առաջին թևին, սակայն, ներկա քարտեզում նա քաղաքականապես երկրորդականն է, ոչ թե տանողն է, այլ «տարվողն է»: Իր քաղաքական «ծագումնաբանությամբ» սա պարտվածների թևն է, որն այսպես ասած «հյուրընկալվել է» առաջին թևի կողմից, և այդ կարգավիճակն ու հարաբերությունը:

Վազգեն Մանուկյանի դերի մասին քարտեզում: Նա կարող է մասամբ ընկալվել որպես երկրորդ՝ «հյուրերի» թիմի անդամ, բայց, անշուշտ նաև տարբեր ու առանձին՝ անհատական դիրք ունի: Իսկ ինչո՞ւ է որպես առաջին դեմք ընտրված մեկն, ով գերակայող թիմից չէ կամ նույնիսկ ավելի կապված է «հյուրերի», եթե չասենք՝ «գերի հանձնվածների» թիմի հետ: Սա կապված է «կոմպրոմիսային վարչապետ» և «անցումային կառավարություն» հղացքների հետ, որոնք մասն են իշխանափոխության մեծ ծրագրի: Դրանց անվանումներն էլ բավականաչափ նկարագրում են իմաստը: Այստեղ կարևոր է նշել, որ սրանք այնքան էլ նոր ձևակերպած կարգախոսներ չեն:

Հատկապես անցումային կամ ժամանակավոր կառավարությունը դեռևս 2016-ի ամառվանից առկա էր նույն թվականի հուլիսյան խռովությանն աջակցող ուժերի և անհատների կողմից, ապա դա արծարծվում էր նաև 2018-ի գարնանը: Նույնիսկ այն բանից հետո, երբ ժողովարդական զանգվածային գործոնի ազդեցությամբ 2018-ի գործընթացը վերածվեց հեղափոխականի (հեղափոխական է այն գործընթացը, որում վճռորոշ է զանգվածների մասնակցությունն ի հակադրություն վերնախավային դավադիր հեղաշրջումային ծրագրերի), որով և վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը և անցումային կամ ժամանակավոր կառավարության մասին թեզերը փաստացի անիմաստացան, միևնույն է 2018-ի ամռան սկզբին որոշ շրջանակների կողմից ակտիվ և կազմակեչպված փորձ էր արվում Փաշինյանի կառավարությունը ներկայացնել որպես անցումային և ժամանակավոր, ինչն, իհարկե ոչ թե ակադեմիական նպատակներ էր հետապնդում, այլ փորձ էր արդեն տապալված հղացքը փաթաթել նոր իրականության վզին: Դա բնականաբար չհաջողվեց, քանի որ զուրկ էր որևէ առարկայական հիմքից՝ զանգվածային քաղաքական ալիքով իշխանություն ձևավորած կառավարությունը, բնականաբար, ո՛չ ուզում էր, ո՛չ էլ կարող էր լինել սոսկ ժամանակավոր:

Մոռացության մատնվելով՝ այժմ անցումային կառավարության և կոմպրոմիսային վարչապետի հղացքները նորից վերադառնում են, ինչը վկայում է 2016-ից սկսած գործընթացների ժառանգականության մասին՝ միայն թե մասնակիցների դիրքավորման մի փոքր փոփոխությամբ:

Անցումային կառավարության և կոմպրոմիսային վարչապետի հղացքների մարտավարական տրամաբանությունն, իհարկե, պարզ է թվում: Ենթադրվում է, որ տարասեռ ուժերը, որոնք միացած են զուտ իշխանությանը դիմակայելու խնդրում, և որոնց ճանապարհները ենթադրաբար կարող են բաժանվել իշխանափոխությունից հետո, կարող են գալ համաձայնության հենց կոմպրոմիսային մի ֆիգուրի շուրջ, որն իրենցից ոչ մեկին անմիջապես չի ներկայացնում, այլ միջնորդի դեր է խաղում, կամ գուցե նույնիսկ՝ թամադայի: Անցումայինը շեշտում է թամադայությունը՝ նա ոչ հարսանիքի փեսան է, ոչ էլ իսկ քավորը: Կա և այլ խնդիր՝ կան ուժեր, որոնց թեկնածուները կարող են այնքան անընդունելի և կոնֆլիկտածին լինել հանրության այլևայլ խավերում, որ դրանց ուղիղ առաջադրումն անիրատեսական է թվում նույնիսկ հենց կողմնակիցների համար, որը նույնպես հանգեցնում է «անցումային» գաղափարին: Իսկ գաղափարական առումով հիմնավորվում է, թե հեղափոխության դեպքում բնական է անցումայինի կամ ժամանակավորի հղացքը (ինչն այդքան էլ անխոցելի տեսակետ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից): Ինչ էլ լինի, նույնիսկ չնայած այս ամենը կարող է թվալ տրամաբանական և խդիրը սպառող, սակայն, մնում են որոշ կասկածներ առ այն, որ խնդիրը միայն այսքանով բացատրելի չէ:  

Անցումայինի այսպիսի համառ շեշտումը տարիների ընթացքում կասկածել է տալիս, որ կարող է խոսք լինել ինչ որ ավելի խորքային ծրագրի մասին: Ի վերջո անցում ինչից և դեպի ո՞ւր պետք է կատարի Հայաստանը: Սովորական ներքաղաքական պայքարի, իշխանափոխության տեսակետից այնքան էլ օրգանական չէ անցումային կառավարության կարգախոսը: Ի վերջո Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և որևէ անցումային կառավարության անհրաժեշտություն չի զգացվել: Անցումայինի գաղափարն օրգանապես և տրամաբանորեն ենթադրում է կարգավիճակային, սահամնադրային, պետական կարգի փոփոխություններ: Ի՞նչ կարգավիճակային և այլ փոփոխություններ պետք է ունենա Հայաստանը, որ կարիք լինի անցումային փուլի: Այս հարցը թողնենք բաց, քանի որ չունենք դրա վերջնական պատասխանը, բայց ունենք որոշ դեռևս չորոշակիացած կասկածներ, որ խոսքն այստեղ կարող է լինել ավելինի մասին քան զուտ իշխափոխության ծրագիր և ընդհանրապես զուտ ներքին օրակարգ:

Եվ քանի որ հասանք ներքին և արտաքին օրակարգերի հակադրությանը, մի քանի խոսք էլ ավելացնենք այդ շրջարկի մասին: Նշել ենք, արդեն, որ Վերնատուն անունով քաղաքական հայտ ներկայացրած քաղաքական բևեռը կարող ենք համարել պայմանականության որոշ չափով ռուսամետ կողմնորոշման: Հետաքրքիրն այն է, որ զուգահեռ որոշ գործընթացներ են ընթանում նաև մյուս՝ արևմտամետ դաշտում: Դրանք այս պահին այդքան որոշակի չեն որքան պայմանական ռուսականում, նաև, կարծես, միասնական չեն, բայց կարևոր է դրանք մտքի մեջ պահել: Արևմտամետ բևեռում տեղի ունեցող խմորումները այս պահին դեռ իշխանամետ դիրք ունեն, սակայն, հեռանկարում դրանց նպատակը, կարծում ենք, ոչ թե իշխանության աջակցությունն է, այլ իշխանության ձգտող առանձին բևեռի ձևավորումն է:

Պետք է ասել, նաև, որ այս արևմտամետ պոտենցիալ բևեռը, թերևս տարբեր համարենք, այսպես կոչված, «սորոսականից», որը պայմանական կարող ենք կոչել «ձախ արևմտյան», և որն արդեն կայացած միավոր է, փաստացի ոչ պաշտոնական քաղաքական կուսակցություն, որը ներկայացված է նաև իշխող թիմում, ունի իր գաղափարախոսությունը և գործում է բավականին կազմակերպված՝ հեռանկարում նույնպես ունենալով ավելի մեծ իշխանության նպատակներ: Սրա դաշինքը ներկա իշխող թիմի հետ, իհարկե, ժամանակավոր է: Նոր խմորումներն «արեևմտյան» դաշտում թվում է թե մի քիչ այլ տեղ են տանում:

Ռուսական և արևմտյան բևեռների կայացումը հատկապես վառ արտահայտվեց վերջերս հոկտեմբերի 27-ի թեմայի շուրջ բանավեճում: Ուշագրավ է, որ կողմերն այստեղ, խախտելով Հայատանում ձևավորված որոշակի ավանդույթները թեմայի շուրջ, «կռիվը» տարան 27-ի ոչ թե ներքին, այլ արտաքին պատասխանատուների հարցի շուրջ: Հարցն այն չէ, թե ինքնին արտաքին վարկածն իրավունք չունի գոյության: Այն ոչ միայն իրավունք ունի գոյության, այլև, գուցե առավել տրամաբանականն է: Բայց այլ բան է, որ ելնելով հասկանալի իրողություններից, հրպարակայաին խոսքում հայաստանյան ուժերը խուսափել են չափից ավելի խորանալու արտաքին վարկածների մեջ, այլ նախընտրել են կենտրոնանալ ներքինի վրա: Այս խախտման նախաձեռնությունը, կարծես, արևմտամետ կողմից էր: Հոկտեմբերի 27-ի շուրջ ծավալված տեղեկատվական պատերազմում երկու հակադիր կողմերն առաջ քաշեցին արտաքին հակադիր վարկածներ՝ ռուսական և թուրք-ամերիկյան՝ միաժամանակ փոխադարձաբար հերքելով միմյանց վարկածները: Եվ սա ընդամենը նախապատրաստական, ցուցադրական մարտ կարող է դառնալ ապագա կռիվների:

Ընդհանրապես հետաքրքիր է նաև այն արտաքին շրջարկը, որի մեջ տեղավորվում են մեր ներքին գործընթացները: Այսպես, մի կողմից ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայկական ցեղասպանության ճանաչման բանաձևը, մյուս կոմղից՝ Հայաստանում ռուսական բազայի ընդլայնման ծրագիրը, նաև Լավրովի այցի ըթնացքում մեր գլխի տակ դրված փափուկ բարձերը և այլն: Չենք ասում ուղիղ կապ տեսնել բոլորի միջև, բայց որպես մեր ներքին գործթընացների շրջարկ պարտավոր ենք մտքի մեջ պահել:  

Այս պահին այնքան էլ հասկանալի չէ իշխող թիմի կուրսն ու դերը, որը, հենվելով իր ունեցած ժողովորդական մեծամասնության մանդատի վրա, պետք է ի զորու լիներ կազմակերպել և ներկայացնել մի հզոր հայաստանակենտրոն բևեռ՝ գաղափարական, քաղաքական և կառուցվածքային առումով, հավասարակշռող դեր կատարեր՝ լուսանցք մղելով արտաքին ազդեցությամբ գործող ուժերին: Օրինակ, գաղափարական առումով, թվում էր, թե ծիծաղելի պետք է լիներ, որ հայ ժողովրդի 80 տոկոսի քվե ստացած որևէ իշխանության օրոք, որևէ այլ ուժ իր վրա վերցներ «ազգայինից» խոսելու իրավունքը կամ, եթե նման փորձ իսկ աներ, դա բնում չոչնչացվեր ազգի աջակցությունն ունեցող իշխող թիմի կողմից: Մինչդեռ իշխող թիմը ոչ միայն իրեն դրել է «կինոյի առաջադեմ տղու» տեղ, այլև հաջողացնում է, լրիվ տասներորդական հարցերն օրակարգային դարձնելով (եկեղեցու պատմություն և այլն), առիթ տալ «ապազգային» մեղադրանքներին: Իշխող թիմը ոչ միայն ցայսօր չի ստեղծել հզոր համազգային կազմակերպություն, այլև թվում է մնում է թույլ կապակցված նույնիսկ իր նեղ սահմաններում:

Սակայն, ստեղծված իրավիճակում, հայաստանակենտրոն քաղաքականությունն ամենևին էլ մանևրելը չպետք է լինի տարբեր կողմնորոշումային բևեռների միջև, ոչ էլ բոլորի համար լավ տղա խաղալը: Հաշվի առնելով դեռ առկա ժողովորդական աջակցության ներուժն՝ իշխող թիմը կարող է և պետք է գաղափարական և կազմակերպչական կենտրոնացման քաղաքականություն վարել, որը հեղափոխության ներուժը կվերածի Հայաստանի ինքնիշխանության չափի բարձրացման նյութականացված արդյունքի:

Գրի առավ՝ Իրազեկ (Հակոբ Հակոբյան)

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին