-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » 2019 թվականն՝ առանձնակի կարևորության տարի ԵՄ համար
Վերլուծական

2019 թվականն՝ առանձնակի կարևորության տարի ԵՄ համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

2019թ.-ն ուշագրավ տարի էր՝ լի տարաձայնություններով և ԵՄ ներսում նշանակալի իրադարձություններով։

Տարին ԵՄ համար բավական հագեցած էր ընտրական գործընթացներով։ 2019թ. գարնանից մեկնարկած Եվրախորհրդարանի ընտրություններով, ապա ԵՄ ղեկավարների ու եվրոպական կարևոր մի շարք պաշտոնյաների նշանակմամբ, արդեն տարեվերջին Եվրահանձնաժողովի ընտրություններով վերջնականապես կազմավորվեցին ԵՄ նոր օրենսդիր և գործադիր թևերի կառուցվածքն ու կազմը։ Ընտրական գործընթացների ողջ ընթացքում ակներև դարձան մի քանի կարևոր միտումներ.

  • Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում ավանդական եվրոպական կուսակցություններին հաջողվեց պահպանել իրենց դիրքերն (չնայած 1979թ.-ից ի վեր առաջին անգամ բացարձակ մեծամասնություն չեն կազմել), ինչի ազդեցությունը նկատվեց նաև ԵՄ ղեկավար պաշտոնների նշանակման ժամանակ։
  • Աջակողմյան եվրոսկեպտիկ ուժերի հանդեպ վստահությունն աճել է, ինչի արդյունքում նրանց հաջողվեց ամրապնդել իրենց դիրքերը խորհրդարանում։ Չնայած նախորդ տարիների համեմատ աջերը մեծ քայլերով առաջ շարժվեցին, սակայն նրանց ուժերն այժմ բավարար չեն օրակարգ թելադրելու համար, նրանք կարող են միայն քիչ թե շատ ազդել (խոչընդոտել կամ դանդաղեցնել) որոշ օրենսդրական գործընթացների վրա։ Օրինակ՝ Եվրախորhրդարանում «Ինքնություն և դեմոկրատիա» ծայրահեղ աջ կամ ազգայնական խմբակցությունը 73 մանդատ է շահել՝ գրեթե կրկնակի նախորդ խորհրդարանի 36 մանդատի համեմատ։ Աջերը հատկապես բեկումնային առաջընթաց գրանցեցին Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում։

Պետք է նկատել, որ 2019թ.-ին Եվրոպական քաղաքականության համար սահմանվեցին նոր առաջնահերթություններ։ Առաջիկա տարիներին Եվրահանձնաժողովի նոր կազմի ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես բնակլիմայական խնդիրների լուծումն ու թվայնացման օրակարգը։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում. դեկտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովի կողմից «Եվրոպական կանաչ գործարքի» ճանապարհային քարտեզի ներկայացումն արդեն իսկ փաստում է Եվրոպայում խնդրի կարևորության և հրատապության մասին։ Ավելին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից այն հռչակվել է Եվրոպայի զարգացման նոր ռազմավարություն, որը նախատեսում է մինչև 2050թ.-ը դառնալ աշխարհի առաջին կլիմայապես չեզոք մայրցամաքը (climate-neutral continent)՝ հոգ տանելով բնության մասին զարգացնել տնտեսությունն ու կյանքի որակը և դրանով «վարակել» մյուս երկրներին։

Եվրոպական քաղաքականության գերակայությունների շարքում է նաև  պաշտպանական ոլորտի զարգացումը։ Անվտանգության և պաշտպանական ոլորտներում առավել ինքնիշխան դառնալու Եվրոպայի ձգտումները տարեցտարի ավելի տեսանելի են դառնում տարբեր նախաձեռնությունների տեսքով։ Այս ուղղությամբ զգալի ջանքեր է գործադրում հատկապես Ֆրանսիան։ Վերջինիս՝ համաեվրոպական պաշտպանական բանակ ստեղծելու հայեցակարգը ենթադրում է ոչ միայն ներքին կարողությունների ամրապնդում, այլև ԵՄ սահմաններից դուրս առավել ուժեղ և ազդեցիկ Եվրոպայի ստեղծում, որը կկարողանա բարձրացնել պաշտպանական ոլորտում Եվրոպայի սուվերենությունն ու նվազեցնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս առումով հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի ԵՄ նոր ղեկավարության հետ համագործակցությունն այս ոլորտում։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի (Գերմանիայի նախկին պաշտպանության նախարար) թեկնածությունն առաջարկել էր հենց Ֆրանսիայի նախագահը, ում հետ համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարի շուրջ տեսակետները հատվում են, ուստի, սա կարող է հիմնաքար հանդիսանալ երկկողմ համագործակցության ամրապնդման, և եվրոպական քաղաքականության մեջ սեփական առաջնահերթությունների առաջմղման համար։

Ողջ տարվա ընթացքում Եվրոպայի առջև ծառացած օրակարգային հարցերից մեկը շարունակեց մնալ Բրեքսիթի գործընթացի շուրջ բանակցությունները։ Չնայած՝ Բրեքսիթի շուրջ պաշտոնական բանակցությունները սկսվել են դեռևս 2017թ., սակայն այն մինչ օրս չի ստացել իր հանգուցալուծումը՝ Բրյուսելի և Լոնդոնի փոխզիջման հասնելու դժվարությամբ պայմանավորված։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր հանգամանքներով պայմանավորված գործընթացի տրամաբանական ավարտն անընդհատ ձգձգվում է. ըստ Լիսաբոնի պայմանագրի՝ ՄԲ-ն պարտավորվում էր լքել կառույցը մինչև 2019թ. մարտի 29-ը: Այնուհետև խուսափելու համար առանց գործարքի «կոշտ» Բրեքսիթից 2019թ. ապրիլին Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ ղեկավարների և Թերեզա Մեյի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ մինչև հոկտեմբերի 31-ը գործընթացի վերջնաժամկետը երկարաձգելու շուրջ, որը 6 ամիս ժամանակ էր տալիս Մեյին շահելու խորհրդարանական մեծամասնության աջակցությունը Եվրոպական միության հետ կնքած իր գործարքին, ինչը կրկին ձախողվեց։ Այժմ՝ գործընթացի վերջնաժամկետը 2020թ. հունվարի 31-ն է։

2019թ. գարնանից մեկնարկած ԵՄ ընտրական գործընթացները, «Բրեքսիթի» հարցում ընդհանուր հայտարարի գալու անհնարինությամբ պայմանավորված ՄԲ վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականը  և դրա արդյունքում հուլիսին կայացած վարչապետի ընտրություններն, իհարկե, ձգձգեցին Բրեքսիթը, սակայն ակտիվացրեցին գործընթացը։ ՄԲ նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի (կոշտ Բրեքսիթի կողմնակից)  վճռականությունը «Բրեքսիթը» նախատեսված ժամկետում իրագործելու հարցում տվեց իր պտուղները։ Հոկտեմբերի 17-ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային հաջողվեց  համաձայնության գալ Brexit-ի նոր գործարքի վերաբերյալ, որը թույլ կտար պաշտոնական Լոնդոնին լքել ԵՄ-ն։ Սակայն այն օրենքի ուժ կստանա այն դեպքում, երբ գործարքը վավերացվի ՄԲ խորհրդարանի, ԵՄ անդամ երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից։ Կողմերի համաձայնություն ձեռքբերելու անկարողության արդյունքում խորհրդարանն օրենք ընդունեց, որը Ջոնսոնից պահանջում էր մինչև հոկտեմբերի 19-ը ԵՄ-ից Բրեքսիթի երկարաձգում խնդրել։ Սա գործընթացի ժամկետը երկարաձգում էր 3 ամսով՝ հոկտեմբերի 31-ից հասցնելով մինչև 2020թ. հունվարի 31-ը։  

Հոկտեմբերի 22-ին օրինագծի ընդունման տապալումից հետո Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատ ներկայացրեց դեկտեմբերի 12-ին ՄԲ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին օրինագիծը, որին ընդդիմադիր լեյբորիստները համաձայնեցին «կոշտ բրեքսիթի» բացառման պայմանով։

Թերևս պետք է նշել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը պայմանավորված էր Բրեքսիթի գործընթացը մինչև հոկտեմբերի 31-ն իրականացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի բոլոր փորձերի ձախողմամբ։ Ըստ էության, Ջոնսոնի ակնկալիքներն արդարացան դեկտեմբերի 12-ին կայացած ընտրություններով, որի արդյունքում նրան հաջողվեց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ապահովել, այդ կերպ երաշխավորելով սեփական նախաձեռնության լեգիտիմությունը։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ բրիտանացիներն իրենց աջակցությունը հայտնեցին իշխող Պահպանողական կուսակցությանը Բրեքսիթի գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ հզոր մանդատ տալով նրանց։ Հաշվի առնելով նաև Ջոնսոնի, անկախ Եվրամիության հետ առևտրային բանակցությունների արդյունքներից, Բրեքսիթից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունն օրենսդրորեն բացառելու  մտադրությունները՝ կարելի է կանխատեսել, որ հաջորդ տարեսկզբին վարչապետը հնարավորություն կունենա արագացնել Եվրամիության հետ բանակցությունները և մինչև Բրեքսիթի վերջնաժամկետը՝ հունվարի 31-ը ստանալ խորհրդարանի աջակցությունն իր առաջարկած Բրեքսիթի նոր գործարքին։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել, որ գործարքի ուժի մեջ մտնելու համար անհարժեշտ է ոչ միայն ՄԲ խորհրդարանի կողմից գործարքի վավերացումն, այլև  ԵՄ անդամ երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից վավերացումը։

Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերներից մեկն էլ ԵՄ ընդլայնման քաղաքականությունն է, որի շուրջ ԵՄ ներսում տարաձայնությունները շարունակվում են դեռ 2017թ.-ից։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը որդեգրել է ավելի կոշտ քաղաքականություն ԵՄ ընդլայնման գործընթացի հարցում, ինչի մասին են վկայում ինչպես ինտեգրման գործընթացում փոփոխություններ մտցնելու նրա փորձերը, որը ենթադրում է «ավելի աստիճանական գործընթաց», այնպես էլ նրա կողմից հոկտեմբերին Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ԵՄ անդամակցության բանակցությունների հարցում վետոյի կիրառումը, որին միացան նաև Նիդերլանդներն ու Դանիան։ ԵՄ ընդլայնման ներկայիս քաղաքականությունը քննադատվել է Եվրոպական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Ըստ երևույթին, ԵՄ ընդլայնման քաղաքականության նկատմամբ եվրոպական որոշ երկրների դիրքորոշման կոշտացումը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Առաջինը վերաբերում է անվտանգային խնդրին՝ Հյուսիսային Մակեդոնիայում էթնիկ ալբանացիները մեծ թիվ են կազմում, ուստի, նրանց ակտիվացումը կարող է ներքին ապակայունություն մտցնել ԵՄ-ում: Երկրորդը պայմանավորված է միգրացիոն հոսքերի ավելացման և ծայրահեղ աջերի հնարավոր ակտիվացման մարտահրավերով։ Բացի այդ, առկա է նաև ԵՄ ներսում որոշումների կայացման գործընթացի դանդաղեցման, կոնսոլիդացիայի  և ինստիտուցիոնալ կայացման խնդիր։

Տարվա ընթացքում, հատկապես տարեսկզբին, շարունակվեցին նաև դեռևս նախորդ տարի Ֆրանսիայում մեծ աղմուկ հանած «դեղին բաճկոնավորների» հակակառավարական բողոքի ցույցերն (շուրջ 12 շաբաթ)՝ ուղղված դիզելային վառելիքի և բենզինի գների թանկացման դեմ։ Այնուհետև այս մարտահրավերը կարծես շղթայաձև տարածվեց նաև եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Շվեդիայում, Գերմանիայում, Չեռնոգորիայում և Բելգիայում: Հատկանշական էր հատկապես տարեվերջին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սկիզբ առած բողոքի լայնածավալ ցույցերն ու գործադուլները, որոնք թերևս Ֆրանսիայի ողջ պատմության մեջ հավակնում են դառնալ խոշորագույնը։ Բողոքի հսկա ալիքի և դժգոհությունների պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու ծրագիրն է, որից դժգոհ են ավելի քան 800.000 մարդ: Ըստ այդ ծրագրի՝ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել ավելի քան չորս տասնյակ մասնագիտական խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունը` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մակրոնը չի պատրաստվում չեղարկել օրինագիծը՝ մեծ է հավանականությունը, որ ցույցերը դեռ կշարունակվեն և ամանորյա տոնակատարությունների ավարտից հետո ավելի համընդգրկուն բնույթ կստանան։

Այսպիսով՝ կարելի է ընդգծել, որ տարին հագեցած էր ու որոշիչ եվրոպական քաղաքականության և զարգացման ռազմավարության հստակեցման տեսանկյունից։ Մի կողմից՝  ԵՄ ներսում տարվա ընթացքում ծագած խնդիրներն ու լարվածությունը, մյուս կողմից՝ Եվրոպայում ընթացող ընտրական գործընթացները, որոշակի առումով դանդաղեցրին ԵՄ ներսում իրադարձությունների ընթացքը։ Այնուամենայնիվ, ԵՄ-ին հաջողվեց պահպանել տարածաշրջանային կայունությունը։ Վերոնշյալ զարգացումները փաստում են, որ այս տարի ԵՄ ներսում քաղաքական կյանքը կշարունակի թոհուբոհի մեջ մնալ՝ պայմանավորված եվրոպական քաղաքականության նոր առաջնահերթությունների առաջմղմամբ, Բրեքսիթի գործընթացի հանգուցալուծմամբ, հակակառավարական ցույցերի հավանական ընդլայնմամբ։

Գոհար Հովհաննիսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին