7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54078 By Google Analytics
Գլխավոր » 2019-ին զինված ուժերն աննախադեպ քանակի զենք-զինամթերք է ձեռք բերել. Կառավարությունն ԱԺ է ուղարկել 2019-ի կատարողականը․ Hetq.am
Այլ Լուրեր

2019-ին զինված ուժերն աննախադեպ քանակի զենք-զինամթերք է ձեռք բերել. Կառավարությունն ԱԺ է ուղարկել 2019-ի կատարողականը․ Hetq.am

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը օրենսդիր է ուղարկել 2019 թվականի իր գործունեության կատարողականը: Կառավարության գործունեության կատարողականը խորհրդարանում քննարկվելու է նախ հանձնաժողովներում` ըստ ոլորտների, ապա լիագումար նիստում: Այնուհետև ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի դրվում է քվեարկության, գրում է Hetq.am-ը։

Ներկայացնում ենք Կառավարության գործունեության զեկույցից այն հատվածը, որը վերաբերում է զինված ուժերին: Ըստ զեկույցի` նախորդ տարի զինված ուժերը համալրվել են ժամանակակից զինտեխնիկայով:

«Ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»,- ասված է զեկույցում:

Ընդգծենք, որ չենք կարող ստուգել, թե որքանով է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում իր ծրագրով նախատեսված խոստումները կատարել, քանի որ Կառավարության ծրագրում շատ ոլորտների, այդ թվում` պաշտպանության բնագավառի արվելիք քայլերի վերաբերյալ ցուցանիշներ չկային:

Ըստ զեկույցի` պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի պարենավորում:

Սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրական հոսանքով, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով:

Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Նշվում է, որ առաջիկայում սառնարաններով է ապահովվելու ևս 45 մարտական դիրք։ Զորամասերին տրամադրվել է 388 լվացքի մեքենա։

Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ըստ այս փոփոխության ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարությունը մեկ այլ նախաձեռնությամբ այժմ քննարկում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելը:

Գործադիրը նախորդ տարի 5.7 միլիարդ դրամ է հատկացրել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Այդ գումարի շնորհիվ՝ ծրագրի 1141 շահառուներից 119-ը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացել են բնակարաններ։ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք՝ Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան), Վայքում (44 բնակարան), Գյումրիում (44 բնակարան) և Չոփրլուում (33 բնակարան):

Զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով: Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի ուսումնասիրությունից հետո զոհված (մահացած) զինծառայողների 75 ընտանիքի բնակարանային ապահովումն իրականացվել է բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին