22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » 400, թե 800 հեկտարի կորուստ Ապրիլյանի ժամանակ. Ի՞նչ «ավելի ճշգրիտ չափումների» մասին է խոսում Սերժ Սարգսյանը
Կարևոր

400, թե 800 հեկտարի կորուստ Ապրիլյանի ժամանակ. Ի՞նչ «ավելի ճշգրիտ չափումների» մասին է խոսում Սերժ Սարգսյանը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմից հետո «ավելի ճշգրիտ չափումների» ու 800-ի փոխարեն 400 հեկտար հողի կորստի մասին: «Այդ թեման չենք մեկնաբանում, սպասենք հանձնաժողովի եզրակացությանը»,-NewArmenia.am-ի հարցին, թե ի՞նչ ճշգրիտ չափումների մասին է խոսքը, ի պատասխան ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «ավելի ճշգրիտ չափումների» ու «800-ի փոխարեն 400 հեկտար կորստի» մասին, հիշեցնելով, որ այդ առթիվ հանդես են գալու զեկույցով: 

Ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ 2016 թվականի մայիսին, Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելուց հետո Երևան վերադառնալու ճանապարհին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց, որ հայկական կողմը 800 հեկտար տարածքներ է կորցրել, որոնք, սակայն, ըստ Սարգսյանի, չունեն ռազմավարական ու մարտավարական որևէ նշանակություն. «Եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800-ի հեկտարի չափ: Դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:

Երեկ հրապարակված տեսանյութերից մեկում նա անդրադարձավ իր հակասական հայտարարություններին՝ ասելով. «Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն` 0,1 տոկոսը»:

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, որն առաջինն էր հայտարարել 800 հեկտարի կորստի մասին, ավելի վաղ NewArmenia.am-ին տված հարցազրույցում 400 հեկտար կորստի մասին հայտարարություններին ի պատասխան ասել էր. «Իրականում կորուստը 800 հեկտարից ավելի է: Ընդհանուր առմամբ՝ 18 մարտական դիրք, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր ամրոց է, որ կառուցվել ու ամրացվել էր 1994 թ. ի վեր: Փորձում են թվերի հետ խաղալ և մոլորեցնել ժողովրդին: Ամեն ինչ շատ պարզ է՝ պետք է չափել մեր նախկին և ներկա դիրքերի միջև ընկած տարածքը: Թե հյուսիս-արևելքում՝ Թալիշի հատվածում, և թե հարավում՝ Ջրականի հատվածում, հակառակորդը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ինչի շնորհիվ վերահսկում է ընդարձակ տարածքներ: Թալիշի մի զգալի մասը կրակի տակ է: Ջրականի հատվածում ստիպված եղանք հրաժարվել կարևոր ճանապարհի մի հատվածից և աշխարհագրորեն ավելի բարդ հատվածում գտնվող ճանապարհով դիրքերի հետ կապ պահել: Խախտվել է նաև 1994 թ.-ից հաստատված մի շատ կարևորր մարտավարական օրինաչափություն, որը մեզ առավելություն էր տալիս հակառակորդի նկատմամբ: Նախկինում արցախյան հատվածում հակառակորդն իր դիրքերից մեր խորը թիկունքը չէր կարող դիտարկել: Մինչդեռ հիմա թե Թալիշի և թե Ջրականի ուղղությամբ հակառակորդը ձեռք է բերել նման հնարավորություն»:

Անդրադառնալով Արցախի այն ժամանակվա ՊՆ Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել, այլ 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող, հակադարձել է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք 130 զոհ: Ապրիլի 2-5-ի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 75 զոհերի մասին: Բայց դա ամբողջը չէր: Այդ չորս օրերի մյուս  զոհերի մասին հայտնվել է ավելի ուշ: Բացի այդ՝ թեժ մարտական գործողությունները շարունակվել են նաև հաջորդ երկու շաբաթների ընթացքում: Ապրիլի 5-ի զինադադարից հետո հակառակորդը դադարեցրեց միայն առաջխաղացումը, սակայն հրետակոծումն ու գնդակոծումը շարունակվում էր: Այդ պատճառով պատերազմը քառօրյա անվանելը պայմանական է: Իրականում այն տևել է շատ ավելի երկար: 130 զոհերի լուսանկարները կան շատերիս էլեկտրոնային գզրոցներում, ինչպես նաև փակցված են շատ կրթական և հանրային օջախների փառքի ու հիշատակի անկյուններում»: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում հայտարարված չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյանի գրասենյակն այդպես էլ չսովորեց աշխատել լրատվամիջոցների հետ

Սերինե

Սերժ Սարգսյանը շարունակում է տապալել դատական նիստերը․ այս անգամ կորոնավիրուսի կասկածով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին