36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » 46-ամյա տղամարդուն սպանել է, այնուհետև՝ հրկիզել. գործը դատարանում է
Այլ Լուրեր

46-ամյա տղամարդուն սպանել է, այնուհետև՝ հրկիզել. գործը դատարանում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը: Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:

2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:

Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բռնության և փախուստի փորձի համար

Նատա Հարությունյան

Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է. նրան դուրս էին բերել հողաշերտի տակից․ Shamshyan.com

Սերինե

«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու զենքը որսորդական էր, նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին