Գլխավոր » 5-րդ շարասյունը հիմքեր է նախապատրաստում հանցագործությունների համար. Ժ. Սեֆիլյան
Հարցազրույցներ

5-րդ շարասյունը հիմքեր է նախապատրաստում հանցագործությունների համար. Ժ. Սեֆիլյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» կուսակցության հետ հանդիպելով, փորձում է ահաբեկել։ Ավելին՝ նա նշել է, որ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց»։ Այս առնչությամբ Newarmenia.am-ը զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Պարոն Սեֆիլյան, Վիտալի Բալասանյանը երեկ իր հարցազրույցում սպառնալիք հնչեցրեց «Սասնա Ծռերի» հասցեին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Եվ արդյոք կա՞ այդպիսի առիթ, որ որևէ մեկը պետք է զգուշանա «Սասնա Ծռերի»  կողմից  ֆիզիկական հաշվեհարդարից։

-Վիտալի Բալասանյանն իր անձնական կարծիքը չի արտահայտել: Եվ սպառնալինքերը միայն մեր հասցեին չէին: Նա 5-րդ շարասյան խոսափողն է, որը հետևողականորեն պատրաստվում է ռևանշի և Բալասանյանի հարցազրույցում հնչած սպառնալիքները ռևանշի պլանի մաս են կազմում:

Այդ սպառնալիքներից ակնհայտ է դառնում, որ ռևանշը կարող է լինել նաև ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, մեր շարժման անդամների և նույնիսկ, իր ձևակերպմամբ՝ Նիկոլի հպարտ քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման միջոցով:

Սասնա Ծռերի թիրախավորումն ունի հստակ պատճառ: Մենք այն ուժն ենք, որ, ՀՀ իշխանությունների հետ համագործակցաբար կարող ենք ապահովել ժողովրդի մոբիլիզացիան և ժողովրդի միջոցով չեզոքացնել ռևանշը:

Ի դեմս մեզ՝ 5-րդ շարասյունը տեսնում է կազմակերպված, սկզբունքային և ազգային ուժի, որին հնարավոր չէ կոտրել: Մենք ոսկոր ենք նրա կոկորդում:

Արդյոք Ձեզ չի մտահոգում ահաբեկիչներ եզրույթը, որ Ձեզ հետ են կապում ու դա չի՞ ազդում Ձեր վարկանիշի վրա։

-Ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած, այդ թվում՝ ահաբեկչական կառավարման միջոցով սպիտակ ցեղասպանություն իրականացրած, տասնյակ ՀՀ քաղաքացիների սպանած, հարյուրավորներին խոշտանգած ու բռնադատած քոչարյանասերժական հանցավոր համագործակցությունը, որքան էլ ջանա, որքան էլ մոբիլիզացնի իր ծախու լրատվամիջոցներին և որքան էլ միլիարդներ ծախսի, չի կարողանալու պիտակներ կպցնել մեր ուժին:

Իրականում նրանց պիտակները հակառակ արդյունք են տալիս, քանի որ ժողովուրդը գիտակցում է նրանց ոճրագործ լինելը և անդառնալիորեն մերժել է նրանց:

 Արդյոք ժողովրդի կողմից ձայների մեծամասնություն ստացած վարչապետին կարելի է սպառնալ և համարել բռնազավթիչ։

-Հարցը դուրս է կարելի լինել-չլինելու սահմաններից:  5-րդ շարասյունը հստակ կերպով դրսևորել է իր ռևանշիստական պլանը՝ սպառնալով դա իրագործել իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման ձևով, ուստի դրա բոլոր պարագլուխները, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև Սերժ Սարգսյանը, ստեփանակերտյան ռեժիմի անդամները, տարատեսակ վանեցյաններն ու բալասանյանները պետք է որպես հանցավոր համագործակցության անդամներ ենթարկվեն քրեական հետապնդման և մեկուսացվեն հասարակությունից:

Եթե Վիտալի Բալասանյանը համարում է, որ զենքի միջոցով հարց լուծելը ճիշտ չէ, արդյո՞ք նրա խոսքը ահաբեկչական քայլ չէ և արդյո՞ք նույն ձևով է պետք պատասխանել, դա վտանգավոր չէ՞ պետականության համար։

-Այո, նա ցույց է տվել 5-րդ շարասյան ահաբեկչական պլանը և այդ շարասյունը, ինչպես ասացի, պետք է չեզոքացվի նրա պարագլուխներին մեկուսացնելու միջոցով:

Արդյո՞ք այս հարցազրույցը սեպ խրել չէ Արցախի ու Հայաստանի բնակիչների միջև։

-Արցախը Հայաստանի մաս է: Արցախում բնակվում են ՀՀ քաղաքացիներ: Վիտալի Բալասանյանը նույնպես ՀՀ քաղաքացի է և ենթակա է ՀՀ իրավազորությանը: Արցախը Հայաստանի մաս է դե ֆակտո և դե յուրե: Պարզապես արհեստականորեն ձևավորվել են Արցախը դե յուրե Հայաստանից տարանջատող իրավական ակտեր և ինստիտուտներ, որոնք խոչընդոտում են միացումն ամբողջացնելու գործընթացը: Եթե մենք ասում ենք Արցախի դե յուրե միացում, ապա նկատի ունենք այդ խոչընդոտները վերացնելու միջոցով դե յուրե միացման գործընթացի ամբողջացում, և ոչ որևէ այլ ընթացք:

Ոչ սեպ, բայց միացման խոչընդոտ է 5-րդ շարասյունը, որի չեզոքացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Արցախի կեղծ անկախության հայեցակարգն է սնուցում 5-րդ շարասյանը, ուստի դրանից պետք է օր առաջ հրաժարվել և ամբողջացնել միացումը:

Ըստ Ձեզ, երբ Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Ղարաբաղի իշխանությունների դեմ չփորձեք ոտնձգություն անել, ի՞նչ նկատի ուներ։

-Իրականում 5-րդ շարասյունն այդպիսով ուզում է իբրև թե արդարացնող հիմքեր ստեղծել իր նախատեսվող հանցագործությունների համար:

Վիտալի Բալասանյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի մասին՝ համարելով նրա կալանավորումը անհիմն։ Այս մասով ի՞նչ կասեք, մանավանդ օրերս էլ հրապարակվեց Քոչարյանին սատարողների առանձնապես ոչ մեծ մի ցուցակ։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես ասացի, ցեղասպան հանցավոր համագործակցության պարագլուխներ են և մյուս պարագլուխների հետ միասին պետք է նստեն Հայկական Նյուրնբերգի նստարանին, ոչ թե հանդես գան հալածյալի կերպարով և տակից պետություն քանդեն:  

Ի դեպ՝ 5-րդ շարասյան կազմում պետք է դիտել նաև Վազգեն Մանուկյանի նախաձեռնած և մեր մեծերի ժառանգությունն ու հիշատակը շահարկելու միտումով Վերնատուն անվամբ կոչված ակումբը, որի գործառույթը, իմ կարծիքով, ռևանշի միջոցով հեղաշրջման նկատմամբ դրական հանրային տրամադրության ձևավորումն է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին