
ՀՀ Վճռաբեկ դատարանը ամիսներ շարունակ վարույթ չի ընդունում Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկը, որի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը օրերս ԱԺ-ի 82 կողմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, մինչ այժմ վարույթ չի ընդունել հունիսի 30-ին դատախազության ուղարկած բողոքը:
Այս մասին NewArmenia.am-ը այսօր տեղեկացավ ՀՀ դատախազությունից: Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից հունիսի 18-ին։
Գլխավոր դատախազությունն այս որոշումը Վճռաբեկում բողոքարկել է, բողոքը մուտքագրվել է հունիսի 30-ին, և արդեն 3 ամիս Վճռաբեկ դատարանը չի քննում բողոքը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատից NewArmenia.am-ի հարցմանը, թե ի՞նչն է պատճառը, որ Վճռաբեկն այդքան երկար ժամանակ վարույթ չի ընդունել բողոքը, պատասխանել էին, որ բացի գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և մի շարք տուժողներ, ինչպես նաև՝ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«8 հատորից բաղկացած գործի նյութերը հանձնվել են զեկուցող դատավոր Սերժիկ Ավետիսյանին հուլիսի 6-ին»: Վճռաբեկ դատարանից պատասխանել են, որ իրենք օրենքով 3 ամիս ժամանակ ունեն բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու համար: «Վճռաբեկ բողոքները գտնվում են քննության փուլում, որոնց ընթացքը կլուծվի օրենքով նախատեսված եռամսյա ժամկետում»,- հայտարարել էին Վճռաբեկից:
Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ արդեն 4-րդ ամիսն է՝ Վճռաբեկի շնորհիվ վայելում է ազատությունը և դեռ կարող է շարունակել վայելել: Նաև դեռ հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, և նա կրկին կկանալավորվի՞, թե՞ ոչ: Բողոքները քննող դատավոր Սերժիկ Ավետիսյանը «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի քենակալն է: Ինչպես հայտնի է, հենց Սամվել Կարապետյանն է, ըստ իր հայտարարության, վճարել Ռոբերտ Քոչարյանի 2 մլրդ դրամ գրավի մի մասը:
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Սերժիկ Ավետիսյանի դեմ, սակայն վերջինս այն մերժել է՝ չհերքելով իր ազգակցական կապը Քոչարյանի գրավի գումարը վճարած անձի հետ:
Մարինե Խառատյան