
«ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում ստացել եմ ձայների 2/3-ը, սակայն ԿԳՄՍ-ի կողմից հաստատումը տեղի չի ունենում։ Սա իրավական որևէ հարթությունում չի տեղավորվում։ Մեր իրավական պահանջն առաջ մղելու համար ունենք այլ գործիքներ՝ այդ թվում իրավական դաշտ կտեղափոխվի պայքարը»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գալոյանը։
Գալոյանի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանում դասերը շարունակում են դադարեցված մնալ, սակայն կոլեկտիվի այդ քայլը ոչ թե գործադուլ է, այլ բողոքի ակցիա․ «Կոլեկտիվը հրաժարվում է պարտականությունները կատարելուց, և այս պարտադրված քայլին գնաց միայն այն պատճառով, որ որևէ արձագանք չենք ստանում»։
ԿԳՄՍ նախարարությունը չի հաստատել Դիանա Գալոյանին ռեկտորի պաշտոնում, և վերջինս շեշտում է, որ նախարարությունը պետք է պատասխանի իրենց նամակներին, թե ինչու է գործընթացը ձգձգվում, քանի որ ըստ Գալոյանի՝ իրավական տեսանկյունից այլ լուծում, քան հաստատելն է, օրենքը չի նախատեսում։
Հարցին՝ եթե նախարարության քայլը ձգձգվի, ինչ գործընթաց պետք է իրականացվի, ՀՊՏՀ ռեկտորի մրցույթում հաղթած Գալոյանն արձագանքեց, որ կամ պետք է ռեկտոր նշանակվի, կամ ողջ գործընթացն անվավեր ճանաչվի, որպեսզի այլ լուծում հնարավոր լինի գտնել։
«Արդեն մեկ ամիս շարունակ և՛ գիտխորհուրդն է նամակ գրել, և՛ անցյալ օրը կառավարությունում ենք խնդրել, որ արձագանքեն մեր խնդիրներին, սակայն որևէ արձագանք չենք ստանում։ Ուսանողների ու կոլեկտիվի մեծամասնության համար ընդունելի չէ այս պարտադրված քայլը, ուղղակի սա մի հնարավորություն է կոլեկտիվի ձայնը լսելի դարձնելու համար»,-ասաց նա։
Մենք կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ նախարարության հետ, իսկ այնտեղից մեզ փոխանցեցին, որ նախարարությունը հորդորում է դասախոսներին վերադառնալ լսարաններ և զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ՀՊՏՀ կազմկոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ժամանակավոր դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ԿԳՄՍ-ի կողմից Դիանա Գալոյանին ռեկտորի պաշտոնում նշանակումը։
Նարա Մարտիրոսյան