-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127750.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը
Աշխարհ

Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի նախագահի պաշտոնական կայքը Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն Իրանին շատ են անհանգստացրել:

«Այս բախումներին երրորդ երկրների հնարավոր միջամտությունը ճգնաժամի ընդլայնման և երկարաձգման պատճառ է դառնալու։ Դա տարածաշրջանի երկրների օգտին չէ»,- ասաց Իրանի նախագահը։

Ռոհանին, շեշտելով Իրանի սահմանների և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել է․ «Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի»։ Իրանի նախագահը, անհանգստություն հայտնելով մարտերում որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայության և մասնակցության կապակցությամբ, ընդգծել է․ «Ահաբեկիչների ներկայությունը և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել»։

Ռոհանին, շեշտելով բախումների դադարեցման, հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հավելել է․ «Բախումների շարունակման պարագայում տարածաշրջանում իրավիճակն ավելի է բարդանալու և մարդկային ու նյութական վնասների պատճառ է դառնալու»։

Իրանի նախագահը նաև բարձր է գնահատել հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու հարցում Ռուսաստանի ջանքերը և կարևորելով հրադադարի պահպանումը՝ նշել, որ Թեհրանը պատրաստ է այդ հարցում համագործակցել և ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել։

Իր հերթին Վ․ Պուտինն ընդգծել է, որ ըմբռնում է ճգնաժամի առնչությամբ Իրանի մտահոգությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը շատ կարևոր է, և ողջունում է խնդրի կարգավորման համար Իրանի հետ խորհրդակցությունների շարունակումը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: 

Նմանատիպ Հոդվածներ

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

Անի Գրիգորյան

Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին

Նատա Հարությունյան

Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել՝ ում ուզի. Ռոհանի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին