
NewArmenia.am-ը զրուցել է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, կներկայացնեք՝ ի՞նչ իրավիճակ է այսօր Ստեփանակերտում և Արցախում:
-Շատ ծանր պատերազմական գործողություններ են ընթանում: Երևի 10-12 ժամ է՝ ինչ հրթիռակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը: Գրեթե անդադար հնչում է օդային տագնապի ազդանշանը, բավական ուժգին հրետակոծում է: Դադարում է մի 7 րոպեյով, հետո նորից վերսկսվում է: Հրթիռակոծվում են նաև Շուշին, Մարտակերտը, այլ բնակավայրեր: Համառ մարտեր են տարբեր ուղղություններում: Իհարկե, լռեցնելու քայլեր արվում են մեր կողմից, ընթանում են շատ համառ մարտեր: Կանգած են տղաները և պետք է մինչև վերջ կանգնեն: Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչև վերջ, մինչև հաղթանակ: Մեր վերջնական նպատակը հաղթելն է, կանգնելու ենք մինչև վերջ: Ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Մենք կանգնած ենք և կանգնելու ենք մինչև վերջ:
-Իսկ մարտական գործողությունների գիծը երեկվա կամ նախօերեի համեմատ փոխվե՞լ է, տեղաշարժեր կա՞ն:
-Չէ, գրեթե անփոփոխ է: Տղաները կանգնած են իրենց դիրքերում, բայց համառ մարտեր են, շատ համառ:
-Այսօր սուբստանտիվ բանակցություններ էին սպասվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Կարծում եք՝ այս պայմաններում պե՞տք է տեղի ունենան բանակցություններ, և ի՞նչ ակնկալիք կարող է լինել:
-Բանակցությունները միշտ էլ պահանջված են, եթե նպաստեն կայունությանը, բայց մենք տեսնում ենք՝ ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Չգիտեմ՝ բանակցությունները տեղի կունենան, թե չէ, բայց պետք է տեղի ունենան: Ուղղակի ակնկալիքները հետևյալն են. չենք ուզում վարդագույն ակնոցներով նայենք, Ադրբեջանը շատ հազվադեպ է բանակցային պարտավորություններին հետևում և պահպանում այդ պարտավորությունները:
— Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ակտիվությունը Արցախի հարցում: Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել Արցախի հարցը:
— Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիան հայտ է ներկայացրել և Անդրկովկասյան տարածաշրջանում նա ներկա է ու դժվար թե կամավոր դուրս գա: Բոլորս պետք է հասկանանք, որ ունենք արդեն իսկ այլ տարածաշրջան: 100 տարի Թուրքիան չէր կարողանում մտնել այս տարածաշրջան, հիմա մտավ: Նոր իրավիճակ է: Սա մեզնից էլ է փոփոխություններ պահանջելու արտաքին քաղաքականության, պաշտպանության ոլորտներում: Թուրքիան մտել է և դուրս չի գալու այս տարածաշրջանից: Պետք է մենք սա շատ լավ պատկերացնենք:
Մարինե Խառատյան