-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » «Հիմա մեր մենամարտը էստեղ է». ռինգում ադրբեջանցիներին տապալած մարզիկներն առաջնագծում են
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Հիմա մեր մենամարտը էստեղ է». ռինգում ադրբեջանցիներին տապալած մարզիկներն առաջնագծում են

Լուսանկարում` սկզբից երկրորդը Սամվել Սարգսյան

Ռինգի դաշտում ադրբեջանցիներին տապալած պրոֆեսիոնալ մարզիկներն ու մարզիչները այսօր էլ առաջնագծում են: Թուրքիայի աջակցությամբ` Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ ուղղված պատերազմի հենց առաջին իսկ օրերից «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի մարզիկներն ու մարզիչները մեկնել են Արցախ`մարտի դաշտ: Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: 

«Իմոնք գել ու գազան են, բոլորն էլ էնտեղ են»,-իր հերոս տղաներին այսպես է ներկայացնում Հայկ Ղուկասյանը:

Լուսանկարում` Նարեկ Խաչատրյան

 

«Մեր մարզիկները բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, բոլորն էլ Արցախում են ու հակառակորդին կոտորում են: Օրինակ` Նարեկ Խաչատրյանը  բավական լուրջ աշխատանք է արել: 30 մոբի զինծառայողների հետ բլինդաժը նստած են լինում, Նարեկը դուրս է գալիս պոստերը շրջայցի` տեսնի` ինչ կա, ինչ չկա: Խրամատի մեջից, վերևից թշնամու հետախույզը թռնում է Նարեկի ուսերի վրա, ուզում է դանակով, անաղմուկ սպանի Նարեկին, որ իրենց 60 հոգանոց հետախուզությունը մտնի ու հայերին կոտորի, Նարեկը սատկացնում է այս հետախույզին, և իրեն օգնում է այն, որ սպորտով է զբաղվել: Մոտ հինգ րոպե կռիվ է տալիս ու գցում գետնին` գնդակահարում է: Ձայնից բոլորը դուրս են գալիս, ու հայերը ավտոմատներով սկսում են այդ 60 հոգուն կոտորել»:

«Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախագահը ինքն էլ առաջնագծում է եղել, հիմա ժամանակավորապես վերադարձել է, կորոնավիրուսից բուժվելուց հետո կգնա առաջնագիծ:

«Մեր մարզիկներից Սամվել Սարգսյանի ճակատին գրած է Ջեբրայիլ, Կուբաթլու: Հիմա Սամվելը Կուբաթլուում է իր եղբայրների հետ: Չորս եղբայր ադրբեջանցիների կոտորած են արել, չեն փախել, նույնիսկ շրջափակման մեջ են հայտնվել ու  հազիվ դուրս են պրծել»,-պատմեց ֆեդերացիայի նախագահն ու հավելեց, որ Սամվել Սարգսյանը թեպետ նոյեմբերի 21-ին մենամարտի առաջարկ է ստացել Սոչիում մասնակցելու համար, բայց առաջնագծից հետ չի գալիս. «Իրեն տեղեկացրի, որ մենամարտի առաջարկ ունի, չնայած գիտեի` ինչ էր պատասխանելու, ձայնային հաղորդագրություն ուղարկեցի` հարցրեցի` մենամարտու՞մ ես, ասաց` Ղուկասյան ջան, իմ մենամարտը ստեղ ա, պրծնենք, եթե սաղ մնացի, կգնանք, էն էլ կմենամարտենք: Կինն էլ հղի է, երեխայի է սպասում»:

Թեպետ Հայկ Ղուկասյանը տխրությամբ է նշում, որ ֆեդերացիայի մարզիկներից մի քանիսը մահացել են պատերազմի դաշտում, իսկ շատերը վիրավորվել են, նույնիսկ դեպքեր են եղել, որ մարզիկների ոտքերն են կտրվել, բայց հպարտ է իր տղաներով, ասում է` հիմա ով արժանապատվություն, թասիբ ունի պետք է պատերազմական գործողություններում ներգրավված լինի և ընդգծում, որ վիրավոր մարզիկները ապաքինվելուց հետո վերադառնալու են առաջնագիծ. «Վիրավոր մարզիկներից Յուրա Մովսիսյանը մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից ու հետ կգնա` փամփուշտը ուսից մտել էր և բերանից դուրս եկել, արդեն կարել են, նորից կգնա: Մենք ադրբեջանցիների հետ չունենք պարտություն ոչ ռինգում, ոչ էլ պատերազմում: Եթե ռինգում մենակ հաղթում ենք, ապա պատերազմում կամ հաղթում ենք, կամ էլ մեռնում»:

ՀՀ-ի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախագահն, անդրադառնալով իր փորձառու մարզիկներին ու մարզիչներին, հիշատակեց Ժորա Թումանյանին` նշելով, որ նա այն մարզիկներից մեկն է, որը ռինգում ադրբեջանցի է տապալել. «Մեր մարզիկներից Ժորա Թումանյանը, ով ծնունդով Գյումրիից է, ՌԴ-ում ակադեմիան ավարտելուց հետո որպես սպա ծառայում է Արցախում: Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայում և մարզիչ է` թվով 100 երեխաներին է մարզում, և նաև գործող մարզիկ է:  Օրերս Սու-25 ինքնաթիռ է խփել: Պատերազմն սկսելու օրից առանց վախի մարտնչում է հակառակորդի դեմ»:

Լուսանկարում` աջից չորրորդը Ժորա Թումանյան

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրենց մարզիկներից շատերը Արցախի ամենախոցելի դիրքերում են. «Ջեբրայիլում կային, Մարտունիում են, Քարին տակում, Դրմբոնում, Քելբաջարում, և այլն: Կան մարզիկներ, ովքեր ծառայության մեջ էին նախքան պատերազմն սկսելը: Մենք Արցախի Հանրապետության 11 զորամասերում 200-ից ավելի աշակերտներ ունենք: Մեր երեխեքը հակահետախուզության վաշտերում են ծառայում, մենք բոլոր զորամասերը ապահովել էինք մարզական գույքով և հրամանատարության հետ մշտապես կապ ենք ունեցել և փորձել ենք զորքին մարզել: Իսկ ՀՀ-ում 59 մարզական ակումբ ունենք, շուտով կբացենք 60-րդ մարզական ակումբը` Զվարթնոց համայնքում, այս պատերազմական իրավիճակում չեմ ուզում բացման արարողություն կազմակերպել: ՀՀ-ում ունեմ 28 մարզիչ և 2100-ից ավելի մարզիկներ»:

Լուսանկարում` Մխիթար Աթայան

Հայկ Ղուկասյանը, թվարկելով ֆեդերացիայի հերոս տղաների անունները, նշեց, որ Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախագահ Մխիթար Աթայանը Քարին տակ գյուղում գտնվող անվախ զինվորների հետ շատ ուժեղ մարտեր է տվել և հակառակորդի մոտ 500 հոգանոց ջոկատ են ջարդել:

Կամավորները մարտական պատրաստվածություն են անցնում

Հայկ Ղուկասյանը կոչումով փոխգնդապետ է, պատմեց, որ կամավորներն Արցախ մեկնելուց առաջ իրենց մոտ անցնում են մարտական պատրաստվածություն: Սովորում են կրակել, թաքնվել խրամատի մեջ, հարձակում իրականացնել, ինչպես նաև առաջին բուժօգնություն:

«Մեր զոհված մարզիկներից մեկը 18-ամյա Հայկ Լալայանն է, սպանեցին հենց սեպտեմբերի 28-ին: Մեր 18 տարեկան մարզիկներից երկուսն էլ, պատերազմի առաջին օրերին երբ ամբողջ վաշտը կոտորվեց, ընկերների մարմինները թափվեցին իրենց վրա` հոգեկան խանգարում ունեցան, հիմա բուժում են ստանում: Դուք գիտեք պատերազմը պրծնի, բոլորը նորմա՞լ են հետ գալու, դժվար է լինելու այդ մարդկանց հասարակություն մտցնելը, տարիներ ու հոգեբաններ են պետք, որ այդ մարդկանց հետ բերեն, սենց պատերազմ երբեք չի եղել»,-խոսքը եզրափակեց ֆեդերացիայի նախագահը:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Եռակողմ հայտարարությունը լիքը զինվորների կյանք փրկեց, բայց պատերազմի ժամանակ շատ սխալներ կային․ ՄՈԲ-ի տղաները` պատերազմի մասին

Սերինե

Երանոս համայնքը շարունակում է օժանդակությունը առաջնագծին

Անի Գրիգորյան

Արցախի առաջնագծի որոշ ուղղություններում ՊԲ-ն հայտնաբերել և ոչնչացրել է Ադրբեջանի շարասյուները

Անի Գրիգորյան
Բեռնում.....