10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136121.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Վարձկան ահաբեկիչների փաստը հաղթաթուղթ է «անջատում հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանելու համար․ Արտաշես Խալաթյան
Հարցազրույցներ

Վարձկան ահաբեկիչների փաստը հաղթաթուղթ է «անջատում հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանելու համար․ Արտաշես Խալաթյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։

Հայկական կողմն արդեն ունի գերեվարված երկու վարձկան ահաբեկիչ, փաստեր, որ թուրք-ադրբեջանական կողմը պատերազմի ժամանակ կիրառում է արգելված զինտեխնիկա՝ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր պարուանակող զենք։ Այս փաստերը ինչպե՞ս պետք է թիրախային օգտագործի Հայաստանը և միջազգային ո՞ր կառույցներին պետք է դիմի։

-Հարցն ունի և՛ իրավական, և՛ քաղաքական կողմ։ Քաղաքական մասով, բնականաբար պետք է բանակցություններ վարվեն և նաև տեղեկատվական որոշակի գործողություններ իրականացվեն տարածաշրջանային և համաշխարհային խոշոր պետությունների հետ, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ։ Թիրախային կապ պետք է պահպանվի նաև ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի հետ՝ յուրաքանչյուրի մանդատի շրջանակներում։ Այս հարցը պետք է բարձրացնենք բոլոր հնարավոր ատյաններում։ Շատ կարևոր է թիրախային կոմունիկացիա վարել առաջատար ԶԼՄ-ների հետ, որովհետև վերջիններս հանրային կարծիքի վրա ազդելու հնարավորություն ունեն։ Այս մասով ահռելի աշխատանք է տարվում վարչապետի, նախագահի և արտգործնախարարի մակարդակով։ Իրավական մասով ևս մի քանի խողովակներ կան, որոնք պետք է օգտագործել։ Մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ), որը Եվրոպայի խորհրդի կազմում գործող մարմին է և վերահսկողություն է իրականացնում Մարդու իրավունքների կոնվենցիայի կատարման նկատմամբ՝ անդամ պետությունների կողմից։ ՄԻԵԴ պետության անունից բողոք պետք է ներկայացնենք, իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասով մեկական դիմում՝ միջանկայլ միջոց կիրառելու, արդեն բավարարվել է։ Այսինքն՝ այս անգամ էլ պետք է դիմել այս կառույցին, խնդրելով անհապաղ կարգադրել Թուրքիային և Ադրբեջանին, դադարեցնել վարձկան ահաբեկիչների փոխադրումն ու օգտագործումը զինված հակամարտությունում, քանի որ Ժնևյան կոնվենցիաներով արգելվում է վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններում և պետք է նշել, որ վարձկան ահաբեկիչները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում և ենթակա են քրեական պատասխանատվության՝ իրենց գործողությունների համար։ Այսինքն՝ վերջիններս համարվում են հանցագործներ թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։ ՄԻԵԴ դիմելուց հետո պետք է բողոք ներկայացնել Եվրոպական դատարան Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ կյանքի իրավունքի Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի խախտման դիմումով։ Պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը հավելավճար է խոստանում վարձկաններին, որոնք կգլխատեն հայ զինծառայողներին։ Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը և Թուրքիան, ըստ էության հայասպան պատերազմ են վարում, խախտելով մեջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, և դա պետք է օգտագործել «անջատում հանուն փրկության» կոնցեպտի առաջ մղման համար, որը կիրառվեց Կոսովոյի պարագայում, Հարավային Սուդանի պարագայում։

Նախորդ երկու միջանկյալ միջոցը էական արդյունք ունեցե՞լ են մեզ համար։ Եթե այս հարցով էլ մեզ հաջողվի նման միջոցի կիրառում ՄԻԵԴ-ի կողմից ստանալ, էական արդյունք կտեսնե՞նք, թե՞ էական արդյունքները կլինեն պատերազմի ավարտից հետո։

-Պետք է հիշել, որ միջազգային իրավունքը սերտորեն փոխկապակցված է միջազգային քաղաքականության հետ և այնտեղ, որտեղ հիմնական դերակատարները պետություններն են, չկա որևէ վերպետական մարմին, որ կարողանա ապահովել միջազգային դատարանների որոշումների կատարումները։ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իհարկե, պետք է և կարող են կիրառվել պատժամիջոցներ, քանի որ նրանք հեռու են եվրոպական արժեքներից, բայց այդ գործընթացներին առավել ինտենսիվ զարկ կտրվի ռազմական գործողությունների թատերաբեմում որևէ կողմի գրանցած հաջողության հիման վրա։ Այսինքն՝ զգալի արդյունքներ մենք կտեսնենք պատերազմից հետո։ Բայց այս պահին էլ իրավական դաշտում մեր գրանցած հաղթանակները ստեղծում են միջազգային դրական ֆոն։ Մենք պետք է ամեն գնով աշխատենք միջազգային հարթակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային հեղինակությունը նվազեցնել և ահաբեկչական երկիր ներկայացնել՝ մեր ունեցած փաստերն օգտագործելով։

Վարձկան ահաբեկիչների փաստը մենք, փաստորեն, կարո՞ղ ենք օգտագործել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում՝ որպես հիմնական հաղթաթուղթ, առաջ տանելով «Անջատում հանուն փրկության» կոնցեպտը։

-Իհարկե՛, նաև դրանով միջազգային հիմքեր ենք ստեղծում նաև այլ պետությունների համար ռազմական գործողություններում լեգիտիմ կերպով ներգրավելու համար։ Չմոռանանք, որ գոյություն ունի, այսպես կոչված, ուժի դոկտրին։ Եթե մենք հաջողությամբ շարունակենք հավաքել բոլոր ապացույցները՝ առ այն, որ, ըստ էության, տարածաշրջանը Ադրբեջանը ահաբեկիչների որջի է վերածում, ինչը սպառնալիք է Ռուսաստանի և Իրանի համար, մենք դրանով կնպաստենք մեր դաշնակիցների ակտիվ ներգրավմանը։ Նույն Իրանն ու Ռուսաստանը մի քանի անգամ իրենց դիրքորոշումը արտահայտել են այս խնդրի վերաբերյալ։

-Պարո՛ն Խալաթյան, արգելված զենքերի մասո՞վ էլ Հայաստանը պետք է անցնի այդ նույն ընթացակարգերով, դիմի նույն կառույցներին, ինչ վարձկան ահաբեկիչների։

-Այո՛, եվրոպական տարբեր դատարաններ պետք է դիմում ներկայացնել, այդ հարցով պետք է դիմել նաև ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ հարցը կարող է քննարկվել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախյան հարցում Ռուսաստանը երկիմաստ պահվածք է դրսևորում․ Արտաշես Խալաթյան

Սերինե

Ռազմական դրության չեղարկումն ու չչեղարկումը պետք է հիմնված լինի անկողմնակալ փորձագիտական կարծիքի հիման վրա․ Արտաշես Խալաթյան

Սերինե

Տեղափոխվել ենք ռուս-թուրքական «միջնորդական» ձևաչափ․ Մինսկի խումբը պետք է սկսի գործել․ Արտաշես Խալաթյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին