16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Վերցրեցի զրահաբաճկոնը, կասկան, զենքն ու ուսապարկը, այդ ամենը գրեթե իմ քաշին էր, և մեկնեցինք Արցախ. պատմում են կին կամավորները
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վերցրեցի զրահաբաճկոնը, կասկան, զենքն ու ուսապարկը, այդ ամենը գրեթե իմ քաշին էր, և մեկնեցինք Արցախ. պատմում են կին կամավորները

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության` 2019թ. տվյալներով ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինվորական ծառայության անձնակազմի ընդհանուր թվաքանակի 9.1%-ը կազմում են կին զինծառայողները:

Թեպետ կին զինծառայողները փոքր տոկոս են կազմում, բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու անհրաժեշտության պարագայում բազմաթիվ հայ կանայք կամավորական հիմունքներով մեկնում են մարտի դաշտ և կանգնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրող տղաների կողքին:

Գնդապետ Աիդա Սերոբյանը, դեռևս 90-ականներին է բախվել պատերազմ ասվածին: NewArmenia.am-ի հետ զրույցում պատմեց, որ 1991թ. երբ Ադրբեջանը պատերազմում էր Արցախի դեմ, ինքը, թողնելով երկու մանկահասակ երեխաներին, մեկնել է սահման: Նա թեպետ գնացել է վիրավոր զինվորներին առաջին բուժօգնություն ցույց տալու համար, բայց շեշտում է. «Հո բուժաշխատողը չի նստում, սպասում, ով երբ վիրավորվեց, որ բուժօգնություն ցույց տա` զենքը ձեռքիդ մարտնչում ես»:

90-ականների պատերազմի դառը փորձն ունեցած մեր զրուցակիցը այսօր էլ Արցախում է,  ասում է, որ իր հետ են նաև իր հին մարտական ընկերները, ինչպես նաև նոր կամավորներ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող ադրբեջանաթուրքական պատերազմի հենց առաջին իսկ օրվանից կին գնդապետը հասկացել է, որ ինքը չի կարող այստեղ` Երևանում, հանգիստ նստել և կամավորական ջոկատով մեկնել է: Աիդա Սերոբյանը դեռևս սեպտեմբերի 30-ին է մեկնել Մարտակերտ, այնտեղ մնացել է 20 օր, այնուհետև վերադարձել է Երևան, և չանցած 2 օր` նորից մեկնել է Մարտակերտ:

«1991-94թթ` մինչև պատերազմի ավարտը, Արցախում եմ եղել: Ես հիմա էլ եմ զինված, բոլորի ձեռքին էլ զենք կա: 90-ականներին մենք զենք չունեինք, զինամթերք չունեինք, տեխնիկա չունեինք, հենց ադրբեջանցիներից վերցրած տեխնիկայով մարտնչում էինք իրենց դեմ: Այս պատերազմը չես համեմատի 90-ականների պատերազմի հետ, հիմա զենքերը, զինամթերքն ավելի արդիական ու վտանգավոր են, հատկապես անօդաչու թռչող սարքերը»,- ասաց նա:

Աիդա Սերոբյանը պատմում է, որ 90-ականներին իր երեխաները փոքր էին, չէին հասկանում թե մայրն ուր է գնում, իսկ հիմա աղջիկը մեծացել է, գիտակցում է ու լաց  լինում մոր համար. «Այն ժամանակ`1991թ., ես 30 տարեկան էի, մորս ասացի ինձ աշխատավայրից Ջերմուկի սանատորիա են գործուղել, ու եկա Մարտակերտ: Երեխաներս փոքր էին, չէին հասկանում, հիմա աղջիկս մեծ է, լաց է լինում` մամա արի, մամա արի, հիմա հասկանում է՝ ինչ է պատերազմը, որ ամեն քայլին վտանգ է»:

Կին գնդապետը, այս պատերազմը համեմատելով 90-ականների հետ, նշում է, որ սա հեռահար պատերազմ է, առաջվա նման չէ, որ ավտոմատն առնես ու գոռալով առաջ վազես, հիմա անօդաչու թռչող սարքերն են հիմնականում թիրախներ ընտրում, թեպետ հարձակումներ էլ են լինում, բայց 90-ականներին անընդհատ շարժման մեջ էին զինվորները, կամ հարձակվում էին, կամ նահանջում:

«Մեկ ամսից ավելի է Մարտակերտում ենք, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել»,- հոգու հանգստությամբ ասաց Աիդա Սերոբյանը, բայց նաև տխուր շեշտեց, որ Մարտակերտի հոպիտալը լրիվ ավերված է, թշնամին ռմբակոծում է բնակավայրերն ու հոսպիտալները. «Խաղաղ բնակիչներին են ռմբակոծում, քնած սպաներին են կացնահարում, գերիներին են ցուցադրաբար գնդակահարում` դա մեր թշնամու ոճն է, այդպես են առաջնորդվում: Մենք իրենց վիրավորին վիրահատում, կյանք ենք փրկում, իրենք իրենց ձեռքն ընկած գերուն գլխատում են»:

Աիդա Սերոբյանը Հումանիտար պետական քոլեջի դասախոս է, իր հետ սեպտեմբերի 30-ին կամավորական հիմունքներով Մարտակերտ էր մեկնել նաև իր ուսանողուհիներից Մարիա Աղբաշյանը:

«Սեպտեմբերի 30-ի երեկոյան գնացել եմ Արցախ` Մարտակերտ, որպես բուժքույր` կամավորական հիմունքներով: 20 ամյակս այնտեղ լրացավ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիան ու հավելեց, որ նախքան Արցախ գնալը, Երևանում կամավորական աշխատանքներում էր ներգրավել` Արցախից եկող ընտանիքների համար իրեր էր դասավորում, ինչպես նաև սնունդ էին հավաքում զինվորներին ուղարկելու համար:

«Հարազատներիցս ու ընկերներիցս ոչ մեկը չգիտեր, որ որոշել եմ գնալ Արցախ: Հումանիտար պետական քոլեջի դասախոսներիցս մեկը` Աիդա Սերոբյանը,  մեկնում էր որպես բուժքույր, ինքը 90-ականների Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել էր Արցախի ազատագրմանը: Դիմեցի իրեն, որպեսզի իր հետ գնամ, սեպտեմբերի 29-ի երեկոյան զանգահարեց և ասաց, որ ստացվել է մեր գնալը: Մեկնեցինք կարմիր բերետներ ջոկատի հետ, ես գնում էի որպես բուժքույր, առաջին բուժօգնություն էի ցուցաբերելու, համալսարանում դասընթացներ անցել էի առաջին բուժօգնության»,- պատմեց Մարիան:

Նրա խոսքով շատ դժվար ճանապարհ են անցել: Նախքան Արցախ մեկնելը ստացել են զինամթերք. «Առաջինը զրահաբաճկոնը ստացա, և քանի որ փոքրամարմին եմ, իսկ զրահաբաճկոնը 13 կգ էր, երբ դրեցի ուսերիս ոտքերս ծալվեց: Ես այդ պահին որոշում կայացրեցի, որ մոռանում եմ, որ ես աղջիկ եմ ու պատրաստ եմ ծանրություն անել և ինձ վրա տղամարդու կերպար վերցնել: Վերցրեցի զրահաբաճկոնը, կասկան, զենքն ու ուսապարկը, այդ ամենը գրեթե իմ քաշին էր, ու մեկնեցինք Ստեփանակերտ: Հենց ավտոմեքենան շարժվեց, ես Ֆեսյբուքում սթորի արեցի, որ գնում եմ, որպեսզի ընկերներս իմանան և ծնողներիս զանգեցի: Ծնողներս երբ իմացան` ասացին` մոռանամ, որ ծնողներ ունեմ. մի քիչ հոգեբանական ճնշվածություն էր, բայց հետո հաճախակի զանգում էին ինձ»:

Կամավորական ջոկատը մեկ գիշեր մնացել է Ստեփանակերտի զորամասում, Մարիան պատմեց, որ ծանր գիշեր է եղել, մի քանի անգամ օդային տագնապի ազդանշանն է միացել, իսկ առավոտյան մեկնել են Մարտակերտ. «Մարտակերտի ճանապարհին էլ էր օդային տագնապ լինում, դուրս էինք թռչում զինվորական մեքենայից ու թաքնվում ծառերի, պատերի տակ: Երբ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ էինք կանգնած, հակառակորդն սկսեց կրակ արձակել, թաքնվեցինք գյուղացիներից մեկի այգում, մեր շուրջը կրակ էր, իսկ մենք նուռ էինք ուտում»:

19-ամյա կամավոր հայուհին Մարտակերտում անցել է զենքի պատրաստություն և սովորել է զենք բռնել: Երբ Մարտակերտի հոսպիտալ է գնացել, ազդվել է, չի պատկերացրել, որ բոլորը նկուղային հարկում կլինեն, ասաց, որ հոսպիտալն անընդհատ ռմբակոծվում էր, և տարբեր դիրքերից մեծ թվով վիրավորներ էին բերում այնտեղ: Գյուղը, որտեղ մնացել է կամավորական ջոկատը ևս ռմաբկոծության տակ է եղել. «Մեր մնալու տեղը շուտ-շուտ փոխում էինք, որպեսզի հակառակորդը չֆիքսեր: Մեկ գյուղացիներից մեկի տանն էինք գիշերում, մեկ դպրոցում, մեկ որևէ դատարկ շինությունում: Գյուղապետի շնորհիվ կազմակերպվում էր մեր լողանալն ու մեզ փոքր-ինչ մաքուր էինք զգում, թեպետ պատրաստ էինք ամենավատ պայմաններին: Սնունդն ու դեղորայքն ամբողջությամբ բավարար էր, նույնիսկ շատ էր»:

Մարիա Աղբաշյանը հիացմունքով է խոսում դաժան հակառակորդի դեմ կռվող հայրենասեր, խիզախ տղաների մասին. «Շատ ուժեղ հայրենասերներ կան մարտի դաշտում: Նրանց մեջ կային և՛ տարիքով փոքրերը` մոտ 20, 21 տարեկաններ, և՛ տարիքով մեծերը: Ծառայությունը նոր վերջացրած երիտասարդները կամավորագրվել և բարձրացել էին դիրքեր, իսկ մոտ 60 անց տղամարդիկ կանգնած էին նրանց կողքին, մենակ չեին թողնում երիտասարդներին: Իրենցից ոչ մեկը չէին լքում դիրքերը, ինչքան էլ թեժ էր ռմբակոծությունը: Նրանց տեսնելով՝ հասկանում ես, որ կան իրական հայրենասերներ»:

Երիտասարդ աղջիկը պատմում է, որ դիրքերում կռվող զինվորներին գնդապետներն էին սնունդ տանում, հերթափոխով էր` գնում էին մնում էին դիրքերում, հետո հետ էին գալիս, հաջորդն էր գնում: Քսան օր այնտեղ է եղել և ասում է, որ ամեն օր վաղ առավոտյան ռմբակոծում էր հակառակորդը. «Հանգիստ ասվածը շատ հարաբերական էր, հիմնականում կեսօրից հետո էր որոշակի չափով հանգիստ լինում: Կուսապատ գյուղի կանայք ու երեխաները տարհանվել էին, տղամարդիկ մնացել էին գյուղում, նրանցից մի քանիսն էլ զենք էր վերցրել պաշտպանելու գյուղը»:  

Մարիա Աղբաշյանը շեշտեց, որ պատերազմում հասկացել է, որ կան չպարգևատրված, շարքային զինվորներ, որոնք իսկական հերոսներ են:

Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ մղվող այս պատերազմի հենց առաջին օրվանից բազմաթիվ կամավորական ջոկատներ կազմվեցին, որոնց մեջ կային նաև կանայք: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տարբեր կառույցներ սկսեցին անդամագրել կին կամավորների` այդ թվում մարզպետարանները, կուսակցությունները, Միլիցայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը: Վերջին կառույցում կին կամավորների թիվն արդեն 700-ի է հասնում: Կանայք մարտի դաշտ մեկնելուց առաջ հատուկ զինվորական պատրաստվածություն են անցնում:  Այս մասին մեզ տեղեկացրել էր և՛ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, և՛ Միլիցայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը: Գրիշա Սարգսյանը նաև հավելել էր, որ կրակային պատրաստվածություն անցած իրենց կին կամավորների առաջին խումբն արդեն ռազմաճակատում է:

Նարա Մարտիրոսյան

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

«Դուք լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք՝ ինձ փոխանցել են իրավիճակ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի՞ լինելու»

Սերինե

«Ադրբեջանի ժողովուրդը բարոյական իրավունք ունի վրեժխնդրություն պահանջելու». Ալիև

Սերինե

Արցախցիները արգելափակել են ռուս խաղաղապահների բազայի մուտքերը

Սերինե
Բեռնում.....