14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր անել, բայց հեղինակությունը խիստ նվազած է, Ազգային ժողովն էլ գործունակ չի․ քաղաքագետ
Կարևոր

Կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր անել, բայց հեղինակությունը խիստ նվազած է, Ազգային ժողովն էլ գործունակ չի․ քաղաքագետ

Մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովը գործունակ չի, Կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր անել, բայց հեղինակությունը խիստ նվազած է, և ՀՀ նախագահի ինստիտուտը միակ գործող կառույցն է մնացել,-NewArmenia.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով արցախյան պատերազմի պարտությունից հետո Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակից։ 

Օրեր առաջ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական Ֆեյսբուքի էջում հրապարակվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր՝ «․․․Իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ այս գրառումից պարզ է, որ նախագահը կողմ է իշխանափոխությանը, որը պետք է արվի ոչ թե անմիջապես, այլ ինչ-որ ժամանակ հետո, որպեսզի այս պահին ցնցումներից հնարավոր լինի խուսափել․ «Կարծում եմ՝ նախագահը կողմ է արտահերթ գործընթացներին, և իր ասածը մինջանկյալ տարբերակ էր նրան, ինչ ասում են գործող իշխանությունները, և նրան, ինչ պահանջում է ընդդիմությունը հրապարակում»։

Մեր զրուցակցի տեսանկյունից՝ նախագահի ինստիտուտի մասնակցությամբ պետք է ստեղծվի ինչ-որ ժամանակավոր կառույց, որը այս ընթացքում կղեկավարի երկիրը, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ․ «Նախագահի ինստիտուտը կարող է կարևոր դերակատարում ստանձնել այս կարճ ժամանակում երկիրը ցնցումներից զերծ պահելու համար և նաև լինել ընտրությունների օրինականության ինչ-որ երաշխիք։ Այնպես չլինի, որ հրապարակներում գոռգոռալով ինչ-որ արդյունքի հասնեն՝ առանց ընտրողների կամքը հաշվի առնելու։ Եթե մենք ունենք թուլացած իշխանություն, ագրեսիվ ընդդիմություն, այս ընթացքում երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու առումով նախագահի ինստիտուտը կարող է դառնալ կայունացնող գործոն»։

Պատերազմի դադարից օրեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ սկսեց՝ աշխատանքից ազատվեցին ինչպես նախարարներ, այնպես էլ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ՝ այդ թվում ՀՀ Պն նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ այս պարտված պատերազմի համար մեղավոր է ամբողջ իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ ոչ թե առանձին նախարարներ, կամ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ․ «Հետևաբար նրանց փոխելով հնարավոր չէ արդարացնել այս ամեն ինչը։ Վարչապետը փոխելով այն կադրերին, որոնք իր կարծիքով իրենց այս ընթացքում լավ չեն դրսևորել՝ փորձում է ամրապնդել իր իշխանությունը»։

Արմեն Բաղդասարյանի տեսանկյունից ընդդիմությունն այս փոփոխություններով չի հանդարտվի, բայց նրանց նաև չի էլ հաջողվի ցնցումների տանել երկիրը․ «Հիմա թիվ մեկ խնդիրն այն չէ, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը, խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմներով պետք է ձևավորվի այդ իշխանությունը։ Լավ կլինի, որ դա ցնցումներով, փողոցով չլինի, այլ քաղաքակիրթ գործընթացներով»։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Անցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը միակ իրատեսական ուժն է, որի շանսերն այժմ անհամեմատ մեծ են․ Արմեն Բաղդասարյան

Նատա Հարությունյան

Ընդդիմադիր ֆորմատն ընդամենը լարում է իրավիճակը՝ առանց վճռական քայլերի գնալու․ Արմեն Բաղդասարյան

Նատա Հարությունյան

Այսօրվա հանրահավաքից հետո Փաշինյանի դիրքորոշումն ավելի կկոշտանա․ քաղաքագետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....