Վաղը՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովի խորհուրդը արտահերթ նիստ կգումարի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով։
Թեմայի առնչությամբ NewArmenia.am–ը կապ հատատեց Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ։
Իշխանական խմբակցության
ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի, նման
քննարկման չի էլ մասնակցել․ «Տեղյակ էլ չեմ՝ եղել է նման քննարկում, թե՝ ոչ,
ես ընդամենը տեսել եմ նման հրապարակում»։
«Տեղյակ եմ, բայց կարծում եմ` չեն համարձակվում այդ օրակարգով նիստ հրավիրել»,- նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը նաև ԱԺ խորհրդի կազմի անդամ է, մեզ փոխանցեց, որ վաղը նախատեսված նիստը չի չեղարկվել և կայանալու է: Հարցին, թե ինքը կմասնակցի՞ այդ նիստին, Աբովյանը պատասխանեց․ «Ավել մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, սակայն ուզում եմ ասել, որ սա քաղաքական հետապնդման շարունակությունն է»:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ԱԺ
խորհուրդը նիստ էր գումարել դեռ նոյեմբերի 16-ին, սակայն այն տեղի չէր ունեցել, քանի
որ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր եղել այդ նիստին։ Սակայն, խորհրդի կազմը նույն հարցով
գումարվելիք երկրորդ նիստը կարող է անցկացնել առանց Ծառուկյանի ներկայության։
Քրիստինե Աղաբեկյան
