2 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134739.2 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Հեղափոխական մեթոդները չեն օգնում. Ինչ է մնում անել 16 կուսակցություններին
Կարևոր

Հեղափոխական մեթոդները չեն օգնում. Ինչ է մնում անել 16 կուսակցություններին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հեղափոխական մեթոդներից օգտվելը, պարբերաբար հանրահավաքներ անելն ու անգամ Երևանում փողոցներ փակելը չեն ավելացնում 16 կուսակցությունների հանրահավաքներին հրապարակում հավաքվողների թիվը: Հակառակը՝ առաջին օրերի համեմատ՝ ցուցարարների թիվը ակնհայտ նվազել է: 

Սա այն դեպքում, երբ Ազատության հրապարկում այսօր ոչ միայն նախկին պաշտոնյաններին կարելի է տեսնել իրենց խմբերով, այլև գործին լծված է նախկին իշխանությանը պատկանող հսկակայան մեդիա ռեսուրսը. Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռուստաընկերությունները, ինչպես նաև՝ ՀՅԴ-ի «Երկիր մեդիան», Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող «Թիվ 5-ը» ու Սամվել Մայրապետյանի «Հ2»-ը ողջ թափով օգտագործում են մեդիա ռեսուրսը՝ ուղիղ եթերներ ապահովելով հրապարակից ու փողոցից: 

Բացի դա՝ նախկին իշխանությունն այսօր «գրավել է» դատարանները, և փաստացի որևէ գործողության համար կալանավորում նրանց չի սպառնում: Շաբաթ և կիրակի օրերին դատարանն ազատ արձակեց ռազմական դրությունը խախտելու մեղադրանքով բոլոր ձերբակալվածներին, այդ թվում՝ Արա Սաղաթելյանին ու «Ադեկվադներին»: Ինչպես հայտնի է, Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց փակելու ու «Նիկոլ դավաճան» գոռալու գործին անձամբ մասնակցում են Միքայել Մինասյանի հովանավորյալները՝ Արա Սաղաթելյանն ու «Ադեկվադի» «գունդը»: 

Ուրեմն ինչո՞ւ Արցախի լուծումից ու հողեր հանձնելու ծրագրից իսկապես խիստ դժգոհ հանրությունը չի միանում 16 կուսակցություններին ու չի գնում հրապարակ: Պատճառը, թերևս, հենց այդ ընդդիմության մեջ է. հանրությունը չստացավ իր սպասած հարցի պատասխանը՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկում այդ ընդդիմությունը Արցախի հարցով: Հակառակը, հրապարակի ելույթները համոզեցին, որ իրենք Փաշինյանի փոփոխությունից բացի, ոչինչ չեն առաջարկում Արցախի հարցով, ոչ մի փոփոխություն Արցախի հարցով ստորագրված հայտարարության մասով: Օրինակ՝ հրապարակում որևէ անգամ չի հիշատակվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ են արտահայտվել ՌԴ նախաձեռնած հայտարարությանը Արցախի հարցով:  

Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փաստացի բացահայտեց, որ այդ կուսակցությունները ՌԴ-ին վստահեցրել են, որ որևէ փոփոխություն չեն պահանջում հայտարարության տեքստի և Ադրբեջանին զիջվող տարածքների հետ կապված: 

«Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում հիմա ընթանում են բարդ բանավեճեր։ 17 կուսակցություններ, որոնք միավորվել են իրենց երկրի շահերին աջակցելու համար, միանշանակ դեմ են արտահայտվել այդ հայտարարության վերանայման փորձերին»,- ասել է Լավրովը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպմանը՝ կրկնելով, որ Մոսկվան կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության վերանայման փորձերը կանխելու համար: 

Հրապարակում հավաքվողների թիվը չի ավելանում նաև այն պատճառով, որ հանրության մի ստվար հատված սարսափում է ՀՀ նախկին իշխանության վերադարձի հեռանկարից: Իսկ այլ բան այդ հրապարակն այսօր չի առաջարկում: 

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկանն այսօր ռադիկալ քայլի է գնացել ու հացադուլ հայտարարել՝ վարչապետի հրաժարականի պահանջով: 

Մեր հարցին, թե պրոցեսն ակտիվացնելու գործում արդյոք 16 կուսակցությունների հույսը Գեղամ Մանուկանի հացադո՞ւլն է, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չհամաձայնեց. «Միշտ էլ փողոցային պայքարներն իրենց զարգացումն են ապրում ու գալիս, հանգում են ռադիկալ մեթոդների: Հացադուլն այդ մեթոդներից մեկն է, քաղաքական պայքարի ձև է»: 

Նրա կարծիքով՝ Արցախի պատերազմում դաժան պարտությունը չէր կարող ցնցումների տեղիք չտալ: «Հանրահավաքները ու մարդկանց հիասթափությունը, նաև այդ 16 կուսակցություններին չմիացած, բայց առկա ուժերի և անհատների պահանջը, որ իշխանությունը հրաժարական տա, շատ տրամաբանական են: Սակայն այստեղ մի բայց կա, մարդկանց թիվը չի ավելանում հրապարակում ոչ թե այն պատճառով, որ քիչ են մարդիկ, որոնք կուզենային այս իշխանութան հրաժարականը, այլ որովհետև մարդիկ չեն ցանկանում ինչ-որ կերպ ասոցացվել նախկին իշխանության հետ»: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

16-ի շարժումը կտրուկ մերժում է արտահերթ ընտրության Փաշինյանի առաջարկը՝ մտահոգվելով Փաշինյանի հնարավոր վերընտրությունից

Սերինե

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը

Անի Գրիգորյան

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին