New Armenia.am – ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
—Պարո՛ն Բեգլարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վազգենաշեն համայնքի բնակչուհի Մարիամ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը։
-Ես մեկնաբանությամբ պատասխանել եմ իր գրառմանը և դրանից ավել բան չեմ կարող ասել։
-Իսկ, ընդհանուր առմամբ, բնակիչները, որոնք ապրում են մեր վերահսկողության տակ գտնվող համայնքներում, պաշտպանվա՞ծ են։
-Չեմ կարող ասել, սխալ մարդու եք հարցնում, պետք է հարցնեք կառավարությունից կամ Պաշտպանության բանակից։
-Իսկ գերիների մասով ի՞նչ նորություններ կան, հստակ թվեր կարո՞ղ եք ասել, քանի՞ գերի ունենք մենք։
-Հստակ թիվ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ անհետ կորածներ կան, որոնց ճակատագիրը պարզ չէ, ու չենք կարող ասել նրանք գերի են, թե՝ ոչ։ Մեր կողմից աջակցող գործառույթ է կատարվում, բայց ես տվյալները փոխանցել եմ և՛ ՊՆ-ին, և՛ Կարմիր խաչին։ Տվյալներ ունենք, թե քանի գերու մասով է Կարմիր խաչը հաստատում ստացել և այլն, բայց դրանք պետք է ճշտեք Կարմիր խաչից։ Բնականաբար, ում մասով հնարավոր է լինում տեղեկությունները ճշտել, ընտանիքի անդամներին տեղյակ ենք պահում։ Բոլոր հնարավոր տեղեկությունները հավաքում ենք և փոխանցում Կարմիր խաչին։
-Այս ընթացքում քանի՞ գերի է հաջողվել փոխանակել։
-Քանիսը եղել է, հայտարարվել է, ես մեկի մասին եմ տեղյակ, որին փոխանակել ենք պատերազմի ընթացքում։
-Շրջանառվող լուրերի համաձայն հայկական կողմը ունի ավելի քան 600 գերի։ Իրականությանը համապատասխանու՞մ է այս լուրը։
-Անկեղծ ասեմ, խիստ կասկածում եմ, բայց ես որևէ հստակ տվյալ չունեմ գերիների այդ կարգի քանակի մասով, կամ ողջ մնացած անհետ կորածների մասով, այսինքն՝ ես բավարար հիմքեր չունեմ այդ թվերին հավատալու։
-Իսկ հստակ թիվ կարո՞ղ եք ասել։
-Եղած տեղեկությունների վերլուծության հիման վրա կան որոշակի կասկածներ, և կա հստակ թիվ, որոնց Կարմիր խաչը այցելել է, բայց կրկին դա պետք է իրենցից ճշտեք։
Հավելենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարմիր խաչի հետ, իսկ Արցախի Հանրապետության կառավարության հետ՝ առավելևս։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ արդեն երկրորդ շաբաթն է, որ մեզ չի հաջողվում կապ հաստատել՝ կա՛մ հեռախոսահամարը անհասանելի է, կա՛մ մեր զանգերն անպատասխան են մնում։
Քրիստինե Աղաբեկյան
