9 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ. «ՀԺ»
թերթերի տեսություն

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակի» այսօրվա համարում գրված է.

Նոյեմբերի 13-ից հանրապետության բոլոր դպրոցներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն, չորսշաբաթյա արձակուրդից հետո վերսկսվել է դասապրոցեսը՝ որոշ դեպքերում՝ առկա, իսկ հիմնականում՝ դարձյալ հեռավար:

Արտակարգ իրավիճակի  և ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերի և առաջացած էական խնդիրների շուրջ զրուցել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ:

— Պարո՛ն Թորոսյան, տարրական դպրոցի աշակերտները նորից հաճախում են դպրոց, արդյո՞ք արդարացված էր կորոնավիրուսային  սրված իրավիճակում նման որոշումը, և ինչպիսի՞ն  է երեխաների ներգրավվածությունը դասապրոցեսին:

— Տարրական դպրոցի ուսումնական ծրագիրը հնարավոր չէ իրականացնել հեռավար եղանակով։ Երեխաները տարիքով փոքր են, նրանք աջակցության կարիք ունեն, որը ծնողները չեն կարող ապահովել։ Մյուս կողմից՝ տարրական դպրոցի աշակերտներին չի կարելի երկար ժամանակ օգտվել համակարգչից։ Աշակերտները հաճախում են նորմալ, բացակայությունները քիչ են։ Այն ընտանիքներում, որտեղ կան վարակակիրներ կամ սովորողները ռիսկի խմբի են, դասերին մասնակցում են հեռավար եղանակով։

— Հեռավար ուսուցման անցնելու այս ընդմիջումը ինչպե՞ս  անդրադարձավ հեռավար ուսուցման կազմակերպման վրա:  Ինչպիսի՞ կազմակերպչական խնդիրներ են եղել, և ի՞նչ աջակցություն է ցույց տրվել այս ընթացքում:

— Ընդմիջումը միշտ ունի տեղատվության էֆեկտ։ Սովորողները որոշ ժամանակ ոչ միայն չեն կրկնում իրենց սովորածը, այլև դուրս են գալիս սովորելու հարմար ռեժիմից, երբ օրվա որոշ մասը սովորում են իրենց դասացուցակով, իսկ մյուսը՝ ինքնուրույն։ Արձակուրդների ընթացքում նրանք ուշ են քնում, ուշ են զարթնում, կորցնում են օրվա սովորելու համար ամենից արդյունավետ ժամերը։ Արձակուրդից հետո, դպրոց գալով, սովորողներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ սովորելու ռեժիմին վերադառնալու համար։ Հեռավար ուսուցման դեպքում այդ ժամանակը ավելի երկար է տևում։ Եթե առկա դասերին մասնակցելու համար սովորողը առավոտյան շուտ գալիս է դպրոց, ապա հեռավար ձևով սովորելիս նրանք շարունակում են ուշ զարթնել, ծնողները գնում են աշխատանքի, և ինքնուրույն մնացած ոչ բոլոր սովորողներն են շտապում վիրտուալ դասարան, մի մասն էլ ինքնուրույն չի կարողանում միանալ հեռավար դասերին։

— Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հեռավար ուսուցման կազմակերպումը փոփոխությունների ենթարկվե՞լ է:

— Այն սովորողները, որ ունեն սովորելու հատուկ կարիք, որը չի խանգարում դպրոց գալ կամ սովորել հեռավար, շարունակում են իրենց կրթությունը՝ անհատական ուսումնական պլաններին համապատասխան։ Այն դեպքում, երբ նրանք հեռավար դասերին խմբի հետ չեն կարող մասնակցել, նրանց համար կազմակերպվում են հեռավար՝ անհատական դասեր։ Իսկ եթե նրանք չեն կարող օգտվել համակարգչից և համացանցից, նրանց դասերը կազմակերպվում են տնային ուսուցման կարգով, երբ ուսուցիչն է այցելում աշակերտի տուն։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին