-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127760 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Քարվաճառի սահմանին գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագիրը բանակցությունների փուլում է
Գլխավոր Նորություններ

Քարվաճառի սահմանին գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագիրը բանակցությունների փուլում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սոթքի ոսկու հանքավայրը Վարդենիսից Արցախ՝ Քարվաճառի շրջան, տանող ճանապարհին է։ Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ ողջ պատերազմի ընթացքում ամեն 2-3 օրը մեկ հրետակոծվում էր հանքավայրը, և  հանքի տարածքից դուրս գտնվող թանկարժեք տեխնիկան անօդաչուներով ամբողջությամբ վնասվել էր․ «Որոշ ժամանակ հանքը փակ էր, հիմա Վարդենիսի այն բնակիչները, որոնք գրանցված են և աշխատում են հանքում, շարունակում են աշխատել, և ներկայումս աշխատողների կրճատման տեղեկություն չկա»։  

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հանքավայրը, տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից։ Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը չորրորդ տեղում է, այդ թվում 2020թ․ եռամսյակային հաշվետվությամբ։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված եռակողմ հայտարարության հիմքով դադարեցվեց սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող պատերազմը։ Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի մի շարք շրջաններ՝ այդ թվում Քարվաճառի շրջանը։

Արդյո՞ք Սոթքի հանքավայրը կանցնի Ադրբեջանին՝ այս հարցին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետարանից մեզ տեղեկացրեցին, որ 3-4 օր առաջ այդ խնդրի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում։

Նշենք, որ Քարվաճառի շրջանից հայկական զորքը պետք է դուրս գար նոյեմբերի 15-ին, սակայն Քարվաճառը Ադրբեջանին հանձնելը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը։

Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքից բազմաթիվ աշխատողներ կան հանքում, որոնք մոտ տասը օր է՝ գնում են աշխատանքի․ «Այսօրվա դրությամբ աշխատանքները բնականոն ձևով ընթանում են, թե վաղվա դրությամբ ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել։ Ըստ որոշ տեղեկությունների մոտ 1700 աշխատող կա Սոթքի հանքավայրում։ Եթե հանքը քարտեզով անցավ մյուս կողմը, արդեն դժվար է պատկերացնել ինչպես կկազմակերպվեն աշխատանքները»։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ռուսական ընկերություն է։ Դեռևս 2019թ․ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը, երբ հանդիպել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Վարդենիսի համայնքապետի այդ ժամանակ ժ/պ Արամ Մելքոնյանի հետ՝ նշել էր, որ միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Իսկ նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ: 

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին