«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դեռևս մայիս ամսին էր որոշել դուրս գալ խմբակցությունից և մանդատը վայր դնել։ NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ թիմը տեղյակ էր իր որոշման մասին, սակայն պատերազմը փոխեց այն, և որոշեց վայր չդնել մանդատը, այլ մնալ որպես ավագանու անդամ․ «Այս վիճակում քաղաքը թողնելը սխալ է իմ կողմից, ես պատրաստ եմ շարունակել անել իմ պարտականությունները։ Ես ի սկզբանե անկուսակցական էի, ինձ կաշկանդում էր ընդհանուր թիմի անդամ լինելը։ Ես թիմի քաղաքական որոշումներին մասնակից չեմ եղել երբեք։ Ես առհասարակ վարչապետին երկու անգամ եմ տեսել։ Ես մասնակից չէի լինում, բայց չգիտես ինչու պատասխան էի տալիս ԱԺ-ում ընդունված որոշումների համար, որոնց մեծ մասի հետ համաձայն չէի»,-ասաց նա ու հավելեց, որ լռել և չխոսել այդ մասին իր համար դժվար էր, իսկ երբ խոսում էր, համարվում էր, որ թիմին ներսից խփում է։
Հարցին՝ արդյո՞ք նախապես տեղյակ էր վարչապետի կողմից պատերազմի դադարի վերաբերյալ հայտարարության ստորագրմանը՝ Արցախի շրջաններն Ադրբեջանին հանձնելուն՝ ավագանու անդամը հարցադրումով հանդես եկավ․ «Եթե ես տեղյակ լինեի, ի՞նչ եք կարծում, ես ֆրանսերեն կթարգմանեի՞ ամբողջը, և 20 տարվա ընթացքում իմ ձեռք բերած ֆրանկոֆոն լսարանին կխաբեի՞։ Այդ մարդիկ ինձ այսօր այլևս չեն հավատում։ Ես բացի ավագանու անդամից նաև Ֆրանկոֆոն լրագրողների համաշխարհային կազմակերպության երևանյան ներկայացչության գլխավոր քարտուղար եմ։ Օբյեկտիվ լինելն ու ճիշտ տեղեկատվություն տալն ինձ համար նաև սկզբունքային է»։
Նարա Մարտիրոսյան
