Վաղը Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկության է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը: Այն, սակայն, բանաձև է և ոչ օրինագիծ, և իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Դրանով «հրավիրում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։ Դրա հիմքում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունն ապահովելու անհրաժեշությունը, որոնք չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Բանաձևում հատուկ շեշտվում է Թուրքիայի ունեցած բացասական դերը սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններում՝ ինչպես ցուցաբերած ռազմական աջակցության, այնպես էլ սիրիացի ահաբեկիչների ներգրավման միջոցով։
NewArmenia.am-ը զրուցեց Փարիզում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, վաղը Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Արցախի հարցով բանաձևը: Ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ քննարկումից և բանաձևից:
— Շատ հավանական է, որ բանաձևն ընդունվի, սակայն այդ բանաձևը օրինագիծ չէ, պարտադիր որոշում չէ, միայն ցանկություն է և խորհրդանշական ուժ ունի: Բայց կարևոր է ունենալ այդ փաստաթուղթը, որովհետև այդ ժամանակ կգիտենանք Ֆրանսիայի կառավարության կեցվածքը Արցախի վերաբերյալ: Շատ հավանական է, որ կառավարությունը երկու բացատրություն տա: Առաջինը պիտի ասեն, թե եթե Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, ինչպես կարող ենք մենք ճանաչել: Մյուս կողմից՝ քանի որ զինադադարի համաձայնագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիրավորական փաստաթուղթ է Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար, շատ հավանական է, որ Ֆրանսիան ուզում է «պատժել» Ռուսաստանին և Թուրքիային՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը, որպեսզի ճնշում լինի Ռուսաստանի և Թուրքիայի վրա: Կարծում եմ՝ Ռուսաստանին պետք է, որ Ֆրանսիան լինի բանակցություններում, որովհետև Ռուսաստանը չի ուզում մենակ մնալ Թուրքիայի դիմաց, կուզենա, որ այլ պետություններ լինեն իր կողքին կամ Թուրքիայի դիմաց: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը, որ «հայասեր է», հնարավոր է մինչև ապրիլի 24-ը նախաձեռնությամբ հանդես գա, որ հայերը հույս ունենան և քաղաքական հաղթանակ արձանագրեն կամ Արցախի, կամ Ցեղասպանության վերաբերյալ: Ռուսաստանն էլ Արցախը ճանաչելու քարտը պահում է իր ձեռքում, որ եթե թուրքերն ու ազերիները Արցախում սադրանքի գնան Ռուսաստանի դեմ, ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես արեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում:
— Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ Հայաստանն ու Ֆրանսիան համաձայնեցված միաժամանակ ճանաչեն Արցախի անկախությունը:
— Դա երազի պես մի բան է, որովհետև նախ պետք է հասկանանք՝ Ֆրանսիայի համար ավարտվա՞ծ է Մինսկի խմբում աշխատանքը, թե՞ ոչ: Եթե ավարտված չէ, դա անկարելի է, որովհետև կնշանակի, թե Ֆրանսիան և Հայաստանը միացյալ շահեր ունեն: Դրա հնարավորությունը չեմ տեսնում: Կարծում եմ՝ վաղուց պետք էր ճանաչել Արցախի անկախությունը: Հիմա պայմանները փոխվել են: Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, բայց ո՞ր տարածքով: Եթե Թուրքիան և Ռուսաստանը դադարեցնեն Մինսկի խումբը, Ֆրանսիան կարող է գնալ այդ քայլին, բայց քանի դեռ Մինսկի խումբը գոյություն ունի, շատ քիչ հավանական է, որ ճանաչում լինի:
— Սակայն մյուս կողմից փաստ չէ՞, որ Ռուսաստանն իր այս քայլով քանդեց Մինսկի խումբը:
— Չէի ասի՝ քանդեց, բայց տկարացրեց: Մինսկի խումբը մեկ ծունկով գետնին է, և դա Թուրքիայի ուզածն էր: Թուրքիան էր ուզում տկարացնել Մինսկի խումբը, բայց ամբողջությամբ չհասան իրենց նպատակին:
— Այժմ Մինսկի խմբի վերականգնման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
— Մինսկի խումբն այժմ պետք է փորձի շտկել դիվանագիտական առումով մի քանի կետեր, որոնք կարևորություն ունեն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար: Առաջինը՝ Արցախի կարգավիճակը, կամ ամենալայն ինքնավարությունը, որը մեզ համար նպաստավոր չէ, կամ Արցախի անկախությունը, որը Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ կեցվածք է: Երկրորդ՝ շատ հավանական է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը կուզենան ներկա լինել խաղաղապահ առաքելության մեջ, ոչ թե որպես զորք, այլ որպես դիտորդների խումբ ԵԱՀԿ-ի կողմից, որի անդամ են նաև Թուրքիան և Ռուսաստանը:
— Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարց պիտի դնի՞ Մինսկի խումբն այժմ:
— Նայած, թե որ տարածքների մասին է խոսքը: Դժվար կլինի, բայց պիտի փորձեն: Ֆրանսիացիներն ու ամերիկացիները շատ վիրավորված են, բայց որքան այդ վիրավորվածությունը կծառայի հայկական շահերին, չեմ կարող ասել: Դիվանագիտությունը պետք է շատ զորավոր լինի, ինչը հիմա չկա, նոր նախարարը ճանաչված չէ: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պիտի փորձեն մի բան անել, բայց արդյոք կհաջողեն և դա որքան պիտի ծառայի հայերին, չգիտեմ: Արցախի հարցը նոր հանգրվանում է նոյեմբերից հետո: Եթե առաջ առաջին գծում Հայաստանն ու Ադրբեջանն էին և հետևում Մինսկի խումբն ու Թուրքիան էին, ապա հիմա առաջին գծում Ռուսաստանը, Թուրքիան և Մինսկի խումբն են և երկրորդ գծում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Այժմ ամենակարևորը դիվանագիտական առումով հետևյալն է. Հայաստանը չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի, մինչև իր շահերը չպաշտպանվեն: Խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, որը 1994-ից հետո Ադրբեջանը չստորագրեց, որ Հայաստանը քաղաքական հաղթանակ չունենա: 1994-ից հետո հայերն ունեցան ռազմական, բայց ոչ քաղաքական հաղթանակ՝ Արցախի անկախություն: Հիմա Ադրբեջանը չունի քաղաքական հաղթանակ և պետք է ամեն ինչ անել, որ չունենա, մինչև չսրբագրվի անարդարությունը:
Մարիե Խառատյան
