«Ժամանակ» թերթը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ լավ նախադրյալներ են ստեղծվում արցախյան հակամարտությունը երկու ժողովուրդների շահերը հաշվի առնելով լուծելու համար։ Թե ինչն է ՌԴ նախագահին տալիս այդպիսի հայտարարության կամ եզրակացության հիմք, դեռևս պարզ չէ: Խոսքը, իհարկե, նախադրյալների մասին չէ, այլ երկու ժողովուրդների շահերի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ադրբեջանական շահերը բավականին հստակ ու տեսանելի են, իսկ ահա հայկական շահը, կարծես թե, լոկ այն է, որ պատերազմը դադարել է ոչ թե ամբողջ Արցախի կորստով, այլ մի մասի պահպանմամբ: Եթե ՌԴ նախագահը նկատի ունի այդ շահը, ապա, իհարկե, երկուստեք շահերն առկա են: Սակայն խոսել այդ մասին որպես շահ, այն էլ լինելով այդ «շահակիր» ժողովրդի ռազմավարական դաշնակից, ըստ էության ցինիզմ է: Այլ հարց է, եթե Պուտինը գիտե էլի ինչ-որ բան, որ իր շահի մասին դեռ չգիտե հայ ժողովուրդը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ այդպես էլ կմնա հայ ժողովուրդը առանց իմանալո՞ւ, թե՞ ինչ-որ մի օր կիմանա այդ մասին:
Իրավիճակը, իհարկե, չափազանց լուրջ, վտանգավոր և ողբերգական է՝ այդ ամենի մասին հեգնական խոսելու համար: Բանն այն է, որ այսօր իսկապես դրված է հայ ժողովրդի շահի խնդիր, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրում նկատելի է գործնականում բոլորի շահը, հայ ժողովրդից, հայկական շահից բացի: Կրկնենք, եթե մենք այդ շահ հասկացությանը մոտենում ենք պրագմատիկ, ոչ թե ցինիկ դիրքավորումով:
Նոյեմբերի 9-ի համատեքստում շատ պարզ է, թե ինչ են շահել կամ ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, անգամ Իրանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները, նույնիսկ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, բայց ոչ Հայաստանը: Հայաստանն անգամ հստակ սահմանային բաժանում դեռևս չի ստացել, Հայաստանը դեռևս չի ստացել հստակ հավաստիացումներ գերիների փոխանակման հարցում: Հայաստանը ստացել է միայն մարդասիրական օգնության խմբաքանակներ, ինչը էլ ավելի է թշվառ դարձնում ընդհանուր պատկերը: Մյուս կողմից, իսկ ինչպե՞ս պետք է ստանա Հայաստանն ավելին: Հայաստանն ավելին պետք է ստանա ավելին խոսելու պարագայում: Այսինքն՝ ավելին ստանալու համար առնվազն պետք է ուզել, պահանջել այդ ավելին, ինչը նշանակում է դնել հարցադրումներ, առաջ քաշել իրավունքի խնդիրներ: Դա առաջին հերթին նշանակում է կարգավիճակ և դրանից ածանցվող տարբեր հարցադրումներ: Առավել ևս որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան շատ հստակ, իսկ ԱՄՆ-ն բավականին թափանցիկ ակնարկով խոսել է դրա մասին, այդ խնդիրներին հետամուտ լինելու մասին: Այդ իմաստով, Հայաստանն առայժմ գործնականում լուռ է:
Մյուս կողմից պարզ է, որ հարցերը գտնվում են ՌԴ խնամքի ներքո, իսկ այդ երկրի նախագահը, եթե ինչ-որ բան գիտե, գոնե առայժմ չի ասում:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
