«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց գործարար, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։
Նոյեմբերի 23-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
Վարչապետը հանդիպել էր մի շարք գործարարների հետ, այդ թվում՝ Վահան Քերոբյանի։
Քննարկվել են Կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ըստ Կառավարության հաղորդագրության՝ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման եւ տնտեսությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Վահան Քերոբյանի հետ։
— Պարո՛ն Քերոբյան, ի՞նչ հարցեր եք քննարկել վարչապետի հետ հանդիպման ընթացքում։
— Քննարկել ենք բիզնեսի ակտիվության հետ կապված հարցեր, բայց շատ մանրամասն չեմ կարող ասել։
— Այս պահին պետությունն ի՞նչ է ակնկալում գործարար համայնքից եւ հակառակը՝ գործարար համայնքն ի՞նչ է սպասում պետությունից։
— Եկեք խոսենք նրանից, թե ինչ է սպասում ազգը։ Իսկ ազգը սպասում է, որպեսզի շուտ վերականգնվի տնտեսական ակտիվությունը եւ մենք կարողանանք օր առաջ սկսել մեր տնտեսության ակտիվացումը։ Որովհետեւ գիտեք՝ տնտեսությունը վիրավոր վիճակում է եւ կարիք կա շուտ անցնել արագ աճի ռեժիմին, որովհետեւ մարտահրավերները մեր երկրի համար ոչ թե քչացել, այլ շատացել են։
— Դուք, լինելով սննդի ոլորտի ներկայացուցիչ՝ տեղյակ եք, որ այս տնտեսական ճգնաժամը էապես ազդել է հենց այդ ոլորտի վրա, դրա վերականգնման համար ինչ-որ քայլերի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
— Ամեն ինչի վերականգնման համար էլ շատ կոնկրետ եւ շատ արագ քայլերի անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է հենց իմ բիզնեսին, այն առանձնապես չի տուժել, որովհետեւ օնլայն առեւտուրը աճում է այս ժամանակաշրջանում։ Բայց քննարկման ժամանակ խոսքը վերաբերում էր ոչ միայն իմ բիզնեսին։ Մտքերի փոխանակում էր ամբողջ Հայաստանի տնտեսության մասին։
— Դուք որպես խոշոր գործարա՞ր, թե՞ սննդի ոլորտի ներկայացուցիչ էիք հանդիպել վարչապետի հետ։
— Ես ավելի շատ որպես տեղեկացված գործարար եմ մասնակցել։ Ես 2 ամիս առաջնագծում եմ եղել, բայց իմ ծանոթություններն ու կապերը թույլ են տալիս, որ կարողանամ ընդհանուր մտքերի առումով կոմպետենտ գաղափարներ հնչեցնել։
— Հանդիպումը որքանո՞վ էր արդյունավետ։ Կա՞ն արդեն պայմանավորվածություններ։
— Կոնկրետ պայմանավորվածություններ ինձ հետ չի եղել, բայց հանդիպման մյուս մասնակիցների հետ խոսել եմ՝ իրենց հետ եղել են կոնկրետ պայմանավորվածություններ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել, որ կոնկրետ ինչ-որ բանի շուրջ տեղում պայմանավորվեմ։
— Քանի որ պետությունը միշտ խոսում է արտադրությունը զարկ տալու մասին, ճգնաժամային իրավիճակից՝ արտադրության միջոցով դուրս գալու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։
— Խնդիրը հիմնականում այն է, որ պետք է ներդրումային քաղաքականությունն այնպիսի արմատական փոփոխությունների ենթարկվի, որ մենք կարողանանք կտրուկ մեծացնել մեր երկիր եկող ուղիղ եւ անուղղակի ներդրումների ծավալները՝ դրսից եւ ներսից։ Պետք է ստեղծված ճգնաժամային իրավիճակում ամբողջությամբ կապանքներից ազատենք բոլոր հնարավոր ներդրողների աղբյուրները, որովհետեւ դա ամենակարեւոր քայլերից մեկն է տնտեսությունն աշխուժացնելու ու բարձր աճի տեմպերի վրա դնելու համար։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
