9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Ինչ է պատահել և ինչու. վեց դրույթներ
Գլխավոր Նորություններ

Ինչ է պատահել և ինչու. վեց դրույթներ

Մենք ապրում ենք մեր պատմության շատ դժվար ժամանակաշրջան: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը դաժան պատերազմ մղեց և զգալի պարտություն կրեց` հսկայական հետևանքներով:

Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ըստ էության, ելք գտնելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել: Եվ մենք պետք է համակերպվենք և ընդունենք այն: Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները այս հարցին: Ստորև իմ ներդրումն է այդ բանավեճում։

  1. Հայաստանը, Արցախը և հայոց աշխարհը ունեցել են պատմական համամասնությունների կորուստ:
  • Մենք պարտվել ենք մի պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը չէինք կարող հաղթել։
  • Մեր ժողովրդի ևս մի հատված կորցրել է իր նախնիների տները և իր հավաքական կյանքը։
  • Մենք կորցրել ենք երիտասարդ տղամարդկանց մի ամբողջ սերունդ ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։
  • Մենք տարիներ շարունակ կորցրել ենք Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալը։
  • Մեր վարչապետը կորցրել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար իր առջև դրված երեք նպատակները՝
  • Արցախի ղեկավարությանը բանակցային սեղանի շուրջ բերելը,
  • Խնդրին այնպիսի լուծում տալը, որ կարժանանա հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք երկրների ժողովուրդների հավանությանը,
  • Նույնիսկ հեռավոր ապագայում Լեռնային Ղարաբաղի անկախությանը հասնելու հնարավորությունը։
  • Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մեր ունեցած առաջընթացի մեծ մասը: Մենք հնարավոր է անգամ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ: Մենք կաթվածահար ենք և լիովին պատրաստ չենք ընդունել, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։
  • Մենք կորցրել ենք մեր անկախության և ինքնիշխանության ևս մի կտոր:

2020 թ. Նոյեմբերի 10-ին կնքված կրակի դադարեցման մասին համաձայնագիրը և Նախագահ Պուտինի հետագա հայտարարությունները հստակեցնում են, որ Հայաստանն է խոսում Արցախի համար, սակայն նույնիսկ պարզ չէ, թե ինչ ձայն կունենա Հայաստանը իրադարձությունների հետագա ընթացքը որոշելու հարցում: Անկախ ամեն ինչից, խնդրով մտահոգված բոլոր կողմերի համար Հայաստանը սահմանվում է որպես այն կողմը, որը պատասխանատվություն է կրել և կրելու այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արցախում։

2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և շփոթմունք ենք տեսնում մեր շուրջը:

Մի կողմից մեզ ճնշում է անհավատության, դավաճանության զգացումը, վստահ չենք՝ կարող ենք արդյոք հավաքել կոտրված աշխարհի կտորները: Մյուս կողմից մենք ռմբակոծվում ենք փոխադարձ մեղադրանքներով, ելույթներով և հայտարարություններով, որոնց նպատակն է գործած սխալների համար մեզանից բացի այլ մեղավորներ գտնելը՝ մեր գործողությունների և խոսքերի արդարացումներով, վրեժխնդրության կոչերով՝ հիմնավորելով, թե ինչու էր պատերազմը անխուսափելի, և ինչու մեր պարտությունը պարտություն չէ:

Արկածախնդիրները, պատեհապաշտները և գերհայրենասերները ամեն ինչ հասցեագրում են հասարակությանը՝ սկսած պատերազմի ընթացքում սխալ կատարված ամենափոքր արարքից մինչև դավադրության ամենադաժան տեսությունները, վատ դատողության, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլիոտինին արժանի դավաճանություն:

Անկախ ամենից, մենք կասկածներ ունենք այն հարցում, թե արդյոք մենք կենտրոնանում ենք նրա վրա, ինչն այժմ էական է: Մենք այլևս չենք վստահում մեր ընդունակություններին՝ պարզելու՝ արդյոք ճիշտ հարցեր ենք տալիս ինքներս մեզ և ունենք ճիշտ պատասխաններ այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել մեզ բաժին ընկած ուղին և հետագա անելիքները:

3. Դեռ շարունակում ենք հարցնել, թե ինչու հայտնվեցինք այստեղ: Ինչպե՞ս մեզ հաջողվեց մեր հաղթանակներից ծնել այս պարտությունը: Ի՞նչը սխալ գնաց։

Հարցին պատասխանելու փորձերի մեծ մասը կենտրոնացել են պատերազմի ընթացքում սխալների և սխալ հաշվարկի, ինչպես նաև արտաքին դիվանագիտության ձախողումների վրա: Շատերը մեղավոր են համարում նաև վարչապետին:

Նման պատասխանները մեզ հանգեցրին այնպիսի լուծումների, ինչպիսիք են ՝ ա) պահանջել վարչապետի հրաժարականը, բ) նոյեմբերի 10-ին հրադադարի մասին համաձայնագիրը մերժելը կամ այն փոխելը, գ) ավելի մեծ ջանքեր գործադրել անկախության միջազգային ճանաչման համար դ) շտկել պատերազմում թույլ տված սխալները, որպեսզի պատրաստվենք մարտական նոր փուլի, այս անգամ այլ արդյունք ակնկալենք և վերականգնենք ստատուս քվոն:

Պատերազմին նախապատրաստվելիս և իրականացնելիս, ամենայն հավանականությամբ, շատ բաներ կային, որոնք կարելի էր այլ կերպ անել, բայց կասկածելի է, որ պատերազմի արդյունքները էականորեն տարբեր կլինեին։ Փորձագետները, հանձնաժողովները և պատմաբանները դեռ երկար ժամանակ կվերլուծեն այդ ձախողումները և, հավանաբար, չեն կարողանա համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ինչն էր սխալ:

Այս պատասխաններից և ոչ մեկը, կամ միասին վերցրած, բավարար պատասխան չեն տա մեր ունեցած հիմնարար խնդրին:

4. Մենք պարտվեցինք, քանի որ իրականությանը դիմակայելու փոխարեն, ավելի քան երկու տասնամյակ մեր ղեկավարները իրենց դատողությունները հիմնավորում էին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումներից ելնելով: Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք տեսնել ուժերի փոփոխվող հավասարակշռությունը և ընդունել, որ ժամանակը մեր կողմից չէ: Մենք լավ զգացողությունը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ:

Վարչապետ Փաշինյանի պարագայում մենք պետք է հաշվի առնենք նաև երկու գործոն. ա) նրա ազնիվ, բայց հիմնովին անտեղի և վտանգավոր համոզմունքը, որ ժողովրդավարական Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կարժանանա միջազգային աջակցության, որ «արևմուտքը» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության քան իր սեփական շահերի մասին, որ նախագահ Ալիևի լիազորություններից դուրս ադրբեջանական ժողովրդին ուղղված կոչը կարող է առաջացնել այլ ադրբեջանական դիրքորոշում, որն ավելի մոտ է հայկական մաքսիմալիստական ​​դիրքորոշմանը: բ) պետականորեն գործելու և գրավյալ շրջանները մեր երկրի անվտանգության և խաղաղության համարժեք երաշխիքների դիմաց խաղաղ բանակցությունների միջոցով վերադարձնելու ցանկության բացակայությունը։

Արևմուտքը, Արևելքը, Հյուսիսը և Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ (ա) նրանք չեն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և բ) նրանք Ղարաբաղի հարևանությամբ գտնվող, հայերի կողմից վերահսկվող յոթ շրջանները համարում են օկուպացված շրջաններ, և անկախ դրանք մեր վերահսկողության տակ պահելու պատճառներից, մենք պետք է վերադարձնենք դրանք: Ադրբեջանն այս ընթացքում մեզ ասում էր, որ իրենք պատերազմելու են այդ շրջանների համար:

Այսքան ժամանակ անտեսելով այս ամենը, մենք դեռ դիմեցինք Արևմուտքին՝ խնդրելով օգնել մեզ պահպանել յոթ շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

5. Մեր հիմնարար խնդիրը մեր մտածելակերպի մեջ է: (Այս դեպքում «մեր» ասելով ես նկատի ունեմ մեր քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մեծ մասին): Մեր խնդիրը ղարաբաղյան հակամարտության ընկալման ձևն է և դրա լուծման հետ կապված հարցերի ձևակերպումը. մենք հանգեցինք այն եզրակացություններին, որոնք համապատասխանում էին մեր երազանքներին, և այնուհետև մեզ տվեցինք միայն այն հարցերը, որոնք հաստատում էին մեր եզրակացությունները և չէին վիճարկում մեր ենթադրություններն ու տրամաբանությունը: Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որն ապավինում է երազանքներին, այլ ոչ թե ծանր փաստերին, մեր ռազմավարության ձևն է, և այն, որ մենք հեշտությամբ մի կողմ ենք դնում այն ամենը, ինչ ասում և անում են արտաքին աշխարհը և մեր հակառակորդները, եթե դրանք խանգարում են մեր նախապաշարմունքներին և կանխորոշված ​​համոզմունքներին: Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին, այն ամենին, ինչը մեզ կօգնի լավ զգալ, այլ ոչ թե հաշվի ենք առնում այն պարզ փաստերը, որոնք միասին կազմում են մեզ շրջապատող իրականությունը: Մեր խնդիրն այն է, որ մենք թույլ ենք տալիս, որ մեր դատողությունը մթագնի մեր խնդիրների ամենավսեմ, ազնիվ և իդեալական լուծումների միջոցով: Մեր խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք շարունակում գերագնահատել մեր կարողությունները, որպեսզի կասկածի տակ չդնենք մեր ռազմավարությունը և չխախտենք մեր երազանքները: Մենք կարծում էինք, որ մեր «ոչ մի թիզ հողի» ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր նպատակը արդար էր: Եվ մենք հավատում էինք, որ կարող ենք փոխել թշնամու և միջազգային հանրության կամքը և նրանց ստիպել մտածել և զգալ այնպես, ինչպես մենք:

Մենք կարծում էինք, որ մեր երազանքներն այնքան ազնիվ են, որ պարզապես դրանք քաղաքական ծրագիր դարձնելը և աշխարհին դրանց մասին պատմելը կարող է փոխարինել ռազմավարական մտածողությանը: Մենք չէինք ցանկանում ընդհատել հայրենասեր լինելու մեր զգացողությունը։

Քանի որ հակառակորդը չէր ցանկանում մեզ տալ այն, ինչի մասին երազում էինք, մենք որոշեցինք, որ հակառակորդը ճկուն չէ, պատրաստ չէ բանակցել: Եվ այսպես, մենք ասացինք, որ պատերազմն անխուսափելի է, որ դա է միակ կենսունակ տարբերակը, և դա մեր մեղքը չէ: Վերջում այս տրամաբանությունը հասավ իր անխուսափելի եզրակացությանը․ պատերազմը ցանկալի էր, մենք կպայքարեինք, և, իհարկե, կհաղթեինք, և կստիպեինք թշնամուն ընդունել մեր տրամաբանությունը, պայմանները և լուծումը: Եվ ուժերի հավասարակշռության ցանկացած իրատեսական գնահատում կարող է անտեսել: Ավելի լավ էր ռիսկի գնալ պատերազմով, քան խաղաղությամբ:

Խաղաղության միջոցով ռիսկի դիմելը պարտվողականների ելքն էր, մենք վիճեցինք. կարիք չկար բանակցություններում ներդնել այն ամենը, ինչ մենք ունեինք, և կարիք չկար զոհաբերել մեր երազանքների մաքրությունը:

Մենք նույնիսկ ունեինք անհրաժեշտ պատճառներ երիտասարդ կյանքերի անխուսափելի կորուստները արդարացնելու համար: Ի վերջո, մեր պատմությունը լի չէ՞ հերոսներով ու նահատակներով: Հատկապես նահատակներով: Մենք օրհնված չե՞նք Վարդանանքի ճակատամարտի հիշողությամբ, որտեղ զոհվեցին և նահատակվեցին ավելի քան հազար մարտիկներ: Արդյո՞ք մեր պատմությունն ու եկեղեցին մեզ չասացին, որ ընդունելի է սպանել երիտասարդ տղաներին, չնայած հազարավոր անձնազոհությունները դեռ հաղթանակ չեն նշանակում։

Խաղաղությունը, լավագույն դեպքում, դիտվում էր որպես ընտրություն, որը պետք չէր ավելի շատ գնահատել, քան պատերազմը. այն կարող էր ընդունվել կամ մերժվել: Եվ մեր հռետորաբանությունը համապատասխանում էր այդ վտանգավոր և անխոհեմ դատողությանը:

Երկու լուծումներն էլ՝ բանակցությունների կամ պատերազմի միջոցով, ռիսկային էին: Յուրաքանչյուրն ուներ իր վտանգները: Բայց վատագույն դեպքում, ձախողված խաղաղությամբ, մենք կհայտնվեինք այնտեղ, որտեղ հիմա ենք հայտնվել, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ տեղում: Իսկ պատերազմով նոյեմբերի 10-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը լավագույնն է, որին կարող էինք հույս ունենալ։

6. Այն ինչ ունենք այսօր ռազմավարական մտածողության շուկայում չափազանց մտահոգիչ և վտանգավոր է այս իշխանության և նրան փոխարինել ցանկացող ընդդիմության պարագայում: Մենք տեսնում ենք իրական խնդիրների շարունակական անտեսում, և կրկնվում են նույն կարգախոսները՝ կառչելով նույն պատրանքներից: Մենք սխալ խնդրին սխալ լուծում ենք առաջարկում:

Նույն ձախողված և ծախսատար ռազմավարության շարունակականությունը պնդելով՝ կառավարությունը փորձում է մեզ համոզել,  որ խնդրի մասին մտածելու միակ ձևը դա էր, և լուծման միակ տարբերակը դա էր: Վարչապետը խոստովանեց աննշան սխալների մասին, որոնք թաքցնում են նրա մտածողության և ռազմավարության իրական ձախողումները:

Փողոցում նրան ընդդիմացող կողմերը նույնիսկ չեն արել այն, ինչ արեց Փաշինյանը: Նրանք դեռ պետք է ընդունեն, որ իրենք նույնպես թույլ են տվել մեծ կամ փոքր սխալներ: Այդ ընդդիմությունը բաղկացած է այն կուսակցություններից, որոնք եղել են արատավոր ռազմավարության և խնդրահարույց մտածողության ողնաշարը: Մի խումբ, որը երբեք հարց չի բարձրացրել այն ուղու մասին, որն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի. ընդդիմություն, որը ծափահարում էր, երբ Փաշինյանը մերժեց Լավրովի առաջարկած փոխզիջումային լուծումը, որը կարող էր մեզ ավելի լավ վիճակում թողնել, քան հիմա ենք, առանց պատերազմի բոլոր կորուստների: Մենք պետք է հարցնենք՝ ինչ խնդիր էին լուծում այս մարդիկ:

Ոմանք նույնիսկ առաջարկում են չեղյալ հայտարարել հրադադարի պայմանագիրը, ստիպել մյուս ստորագրողներին փոխել այն կամ նույնիսկ նորից պատերազմել վրեժը լուծելու համար: Արդյո՞ք մեզ անհրաժեշտ էր, որ նախագահ Պուտինը զգուշացներ մեզ, որ ցանկացած նման քայլ հավասարազոր է ինքնասպանության:

Մեզ այս պատմական կորստին հանգեցրած մտածողության հավանական շարունակությունը այն է, որ պատերազմը կարող է վերսկսվել, ինչի արդյունքում մենք կարող ենք կորցնել այն, ինչ մնացել է:

Հիմա ժամանակն է փոխել մեր հայացքները մեր ոչ հեռու անցյալի հանդեպ, եթե ուզում ենք ծրագիր մշակել ապագայի համար, որը կդիմանա ժամանակի և առողջ բանականության փորձություններին:

Աղբյուրը՝ The Armenian Mirror Spectator

Հեղինակ՝ Ժիրայր Լիպարիտյան

Թարգմանեց՝ Անի Գրիգորյանը

Բեռնում.....