
«Պատերազմի ընթացքում և ներկայումս Հայաստան եկող հումանիտար օգնությունը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ ըստ ոլորտների ուղարկելով համապատասխան նախարարություններ։ Այնտեղ պահվում է պահեստներում և մարզպետարաններից ու Արցախից ուղարկվող կարիքի համաձայն բաշխվում»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։
ԱԻՆ-ի մամուլի պատասխանատու Աննա Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ միայն սննդամթերքն ու հագուստն է տնօրինում ԱԻՆ-ը, որոնք տրամադրում են տեղական ինքնակառավարման մարմիններին․ «Մարզպետարանները, համայնքապետարանները Հայաստան եկած արցախցիների հայտերը ներկայացնում են՝ նշելով որ ապրանքից ինչ քանակությամբ է անհրաժեշտ, այնուհետև մենք տանում ենք ՏԻՄ-եր՝ մարզպետարաններ, համայնքապետարաններ, իսկ Արցախում տրամադրում ենք Արցախի լիազոր մարմնին, այնտեղ էլ իրենք բաշխումն են իրականացնում»։
Աննա Բաղդասարյանը նաև հիշատակեց, որ արցախցիներին անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար պետք է նրանք մոտենան լիազոր մամիններ՝ ՏԻՄ-եր՝ հաշվառվելու համար։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով արցախցիներին տրամադրվող դեղորայքային օգնությանը, նշեց, որ արցախցին պետք է կցվի իր բնակության վայրի մոտակա պոլիկլինիկային կամ ամբուլատորիային և այնտեղից ստանա դեղորայքը․ «Իսկ առողջապահական հումանիտար օգնությունը բացի պոլիկլինիկաներից բաշխվում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին»։
NewArmenia.am-ը նաև հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ հումանիտար օգնության շրջանակներում արցախցիներին տրամադրվող անվճար դեղորայքի և բուժծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Հարցումն ստանալուն պես կհրապարակենք։
Նարա Մարտիրոսյան