9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Շատ տարիներ են պետք լինելու 2020 թվականի սեպտեմբերի 27-ի տնտեսական վիճակին գալու համար․ Վահագն Խաչատրյան
Գլխավոր Նորություններ

Շատ տարիներ են պետք լինելու 2020 թվականի սեպտեմբերի 27-ի տնտեսական վիճակին գալու համար․ Վահագն Խաչատրյան

New Armenia.amի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

-Պարո՛ն Խաչատրյան, հայկական դրամն արժեզրկվում է, իսկ դոլարը՝ ընդհակառակը, ինչո՞վ է պայմանավորված սա և ի՞նչ հետևանքներ սպասենք։

-Փոխարժեքի տատանումները միշտ ինչ-որ բանի հետևանք են լինում։ Քաղաքական որևէ իրադարձություն տնտեսության վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան բուն տնտեսական հանգամանքները։ Հայաստանի համար սպասելի էր նման իրավիճակն այս դեպքում։ Հուսով եմ, որ Կենտրոնական բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը այս հանգամանքը հաշվի են առել և պետք է պատրաստ լինեին, որ արտարժութային շուկայում այսպիսի փոփոխություններ կլինեին, և այս միտումներն իրենց ավելի զգացնել կտային։ Դրամի արժեզրկումը կարող է մի քիչ ավելի երկար շարունակվել,  որովհետև անորոշությունները շատ են՝ հատկապես քաղաքական, և արժութային տատանումները կշարունակվեն այնքան, քանի չեն վերացել քաղաքական ու տնտեսական անորոշությունները։ Մեկ ամիս առաջ ունեցած տնտեսական սպասելիքները հիմա լրիվ այլ կլինեն, քանի որ կա մի ճշմարտություն, որի հետ հաշվի պետք է նստենք՝ խոսքը Արցախի տնտեսության մասին է, որովհետև մինչև պատերազմը կայացած տնտեսություն էր և իր ազդեցությունն ուներ ՀՀ-ի տնտեսության վրա։ Հիմա այդ տնտեսությունը, ըստ էության, չկա և այնտեղ արժեք չի ստեղծվում, փոխարենը այնտեղ լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման համար գումարներ են ծախսվում, ինչը ևս բացասական ազդեցություն ունի  արտարժույթի շուկայում։ Արցախի տնտեսության գոյություն չունենալը կամ մասնակի աշխատելը իր հետևանքներն է ունենալու առաջիկա տարիների ընթացքում։

-Ասացիք, որ դրամի արժեզրկումը կշարունակվի, կանխատեսու՞մ եք՝ մինչև երբ, թե՞ դժվար է ասել։

-Կենտրոնական բանկը հնարավորություն ունի կանգնեցնել դրամի արժեզրկումը, որովհետև իրենց գործիքակազմը բավականին շատ է։ Բայց այստեղ վտանգ կա, որովհետև այդ դեպքում իրական պատկերում կարող ենք շեղում ստանալ։ Այսինքն՝ երբ որ վտանգավոր շեմի գա, Կենտրոնական բանկը մասնակցություն կունենա արտարժութային շուկայում տեղի ունեցող այս գործընթացներին։ Ցանկանում եմ նշել, որ, եթե դրամի արժեզրկումը տեղի ունենար սովորական պայմաններում, այսինքն՝ չունենայինք պատերազմական վիճակ, ապա շատ անհանգստանալու խնդիր չէր լինի։ Հայաստանում սովորաբար այս ամսին տեղական արժույթը արժեզրկվում է, որովհետև մարդիկ, ովքեր պատրաստվում են հունվարյան այդ առևտրին՝ նախնական գնումների համար ձեռք են բերում դոլար կամ եվրո, իսկ այս միտումները միշտ են եղել։ Բայց մենք յուրահատուկ իրավիճակում ենք՝ պատերազմով և դրանից հետո ունեցած կորուստներով պայմանավորված։ Այս իրավիճակում կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որ տնտեսության մեջ առկա անորոշությունները վերացվեն հնարավորինս շուտ։

 -Տնտեսության անորոշ վիճակն ու արժույթի տատանումները կհանգեցնե՞ն գնաճի։

-Այո՛, իհարկե։ Մեր տնտեսության կախվածությունը ներմուծումից դեռևս շատ է, և այս դեպքում հասկանալի է, որ ներմուծվող ապրանքների գները ուղղակի կախվածության մեջ են արտարժույթի արժեզրկումից։ Եթե գնաճը լինի երեք տոկոսի սահմաններում՝ պետք չէ շատ անհանգստանալ, իմ միակ անհանգստությունը պայմանավորված է նրանով, թե ինչքանով են մեր մասնագետները հաշվի առնում ստեղծված իրավիճակը, մենք այլևս այն ՀՀ-ն չենք, ինչ մինչև սեպտեմբերի 27-ն էինք։

 -Ենթադրենք, որ տնտեսական քաղաքականությամբ զբաղվողները հաշվի են առել ստեղծված իրավիճակը և իրենց  հետագա քայլերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։ Որքա՞ն ժամանակ կպահնջվի մեզանից՝ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար, իսկ եթե հաշվի չեն առել, ի՞նչ հետևանքներ է դա ունենալու։

-Չեմ կարծում, թե որևէ մեկն այս պահին կարող է պատասխանել ձեր հարցին։ Բայց կարող եմ ասել, որ գալիք տարում պետք է փորձել հավասարակշռել, կորցրածը ետ բերել դժվար թե։ Մեզ շատ տարիներ են պետք լինելու, որպեսզի կարողանանք վերականգնել տնտեսական այն վիճակը, որն ունեինք մինչև  2020 թվականի սեպտեմբերի 27-ին։  

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մեր տնտեսության իմունիտետն ավելի բարձր է, քան մեր թշնամիներինը․ տնտեսագետ

Սերինե

Թուրքիայի տնտեսությունը աղետալի վիճակում է. Վահագն Խաչատրյան

Անի Գրիգորյան

Պետական պարտքն ավելացել է, սակայն կան նախկինից եկած պայմանավորվածություններ, ՀՀ-ն էլ ռիսկային գոտում չէ․ Վ․ Խաչատրյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....