-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126787.2 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը
Քաղաքականություն

Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի խնդրի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հերթական հեռախոսազրույցի առթիվ երկու կողմերը տարբերվող բովանդակությամբ հաղորդագրություններ են տարածել: 

Մասնավորապես՝ թուրքական կողմը նշել է այդ հեռախոսազրույցի ժամանակ քննարկված հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի մասին՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի, ինչի մասին շատ հպանցիկ է անդրադարձել Ռոսաստանը: 

«Նախագահ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները», — հայտարարել է Թուրքիայի նախագահական պալատը։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ «կողմերը նաև մտքեր են փոխանակել հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը NewArmenia.am-ի հարցին, թե հայկական կողմի համար ընդունելի՞ է, որ փաստացի առանց Հայաստանի Ռուսաստանը շարունակում է բանակցել Թուրքիայի հետ Արցախի հարցով՝ մասնավորապես թուրքական ներկայության և համատեղ շտաբի հետ կապված, ինչը նախատեսված չէ հրադադարի հայտարարությամբ, պատասխանեց. «Եկեք ֆիքսենք, որ մինչ Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալը ՌԴ նախագահի օֆիցիալ կայքում տեսնում ենք, որ դրանից առաջ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նշանակում է` յուրաքանչյուր խոսակցություն, որ տեղի է ունենում կապված ռեգիոնի զարգացումների հետ, քննարկվում է բոլոր կողմերի հետ»:

Նրա խոսքով` հենց առաջին օրվանից տեսնում ենք Թուրքիայի ջանքերը, որ այն ներգրավվի թե խաղաղապահ ուժերում, թե առհասարակ  որպես հրադադարի համաձայնագրի 4-րդ մասնակից: «Դա ընդամենը նշանակում է, որ Թուրքիան դիտարկում է այս հակամարտությունը որպես հնարավորություն իր ազդեցությունն ավելացնելու ռեգիոնում, և եթե ոչ գերակայել, ապա հավասարեցնելու իր ազդեցությունը Ռուսաստանի հետ»,-ասաց Բեղլոյանը՝ հավելելով. «Թուրքիայի այդ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես ճնշում և ցանկությունը իրականություն դարձնելու փորձ, սակայն ՌԴ-ի կողմից որևէ պաշտոնական հայտարարության մեջ մենք չենք տեսնում որևէ հաստատում, ընդհակառակը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան մի քանի անգամ նշել է, որ այս հայտարարությունը եռակողմ է և չի ենթադրում 4-րդ երկրի ներգրավվում: Թե թուրքական, թե ռուսական հաղորդագրություններում որևէ խոսք չկա պայմանավորվածության հասնելու մասին»: 

Ըստ իմքայլականի՝ խոսակցությունները ոչ թե ԼՂ խնդրի կարգավորման, այլ ընդամենը հրադադարի պահպանման մասին են: 

«Մենք պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանի ղեկավարությանը, որը թույլ չի տալիս, որ Թուրքիան ներգրավվի հրադադարի պրոցեսում և կողմ դառնա հայտարարությանը, նաև փորձի ՌԴ- Թուրքիա ձևաչափով փոխի Մինսկի խումբը, ինչը մեր և Ռուսաստանի համար անընդունելի է»,-ասաց իմքայլական պատգամավորը:   

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վտանգավոր է համարում Ռուսաստան- Թուրքիա քննարկումները առանց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի: «Սա նշանակում է, որ ստորագրված փաստաթղթից դուրս կան նաև այլ պայմանավորվածություններ: Մանավանդ որ արդեն 2-րդ անգամն է՝ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը չի մեկնաբանում թուրքական կողմի հնչեցրած հայտարարությունները: Ուրեմն խնդրի այլ, չերևացող մաս կա, այլ ժամանակացույցեր կան, այլ պայմաններ կան, որոնք Մոսկվան քննարկում է Անկարայի հետ, և այդ մասին, ինձ թվում է, տեղյակ չէ ոչ Հայաստանը, համենայն դեպս, պաշտոնական Երևանի լռությունն էլ ինձ դուր չի գալիս, և ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- նշեց քաղաքագետը: 

Ըստ նրա՝ սա վտանգավոր է, որովհետև այս ամենը դուրս է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից: «Ռուսաստանն ու Թուրքիան կամ պետք է հայտարարեն, որ դեմ են գնում այդ ամենին, կամ դադարեցնեն այս ստվերային պայմանավորվածությունները»,-նշեց նա:  

Ի դեպ, Reuters-ը օրերս հաղորդել էր, թե Անկարան ջանում է համատեղ կենտրոնից բացի նաև սեփական՝ անկախ դիտորդական կետ բացել Ադրբեջանում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն է՛լ ավելի ամրապնդելու համար, և որ ամենամեծ տարաձայնությունը ՌԴ-ի հետ դրա շուրջ է: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

Անի Գրիգորյան

Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել

Անի Գրիգորյան

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին