
«Մինչև նոյեմբերի վերջ Բերձորի պոստերում ենք լինելու, բայց դեռ չեն ասել՝ որ մասն ենք հանձնելու, որը չէ, այս երկու օրը կոնկրետ կասեն։ Ղեկավարությունն էլ, մենք էլ ուզում ենք, որ Բերձոր քաղաքն ու մի քանի գյուղեր մնան, բայց թղթով գրված է, որ լրիվությամբ պետք է հանձնենք»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Բերձորում ինչպես թեժ մարտերի ժամանակ, այնպես էլ հիմա հայկական դիրքերը պահող կամավորներից մեկը։
Արմենը Ստեփանակերտի բնակիչ է, պատերազմի ժամանակ ընտանիքն ուղարկել էր Հայաստան, ինքն էլ գնացել Բերձոր (Լաչին)․ «Եթե Բերձորը լրիվությամբ հանձնենք, ճանապարհը իրենց վերահսկողության տակ է գտնվելու։ Քաղաքի միջով է մայրուղին գնում Ստեփանակերտ-Գորիս-Երևան, ուզում ենք թուրքերը չմտնեն էդտեղ, քաղաքը մնա մեր ձեռը»,-նշեց մեր զրուցակիցը։
Արմենի խոսքով` հայկական զորքը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա կանգնած է նույն դիրքերում, բայց բնակիչներն արդեն տեղափոխվել են․ «Բնակիչ չկա, մնացող չկա, բոլորն իրենց ունեցվածքը հանել են, ով էլ չի հասցրել տանի, գալիս, տանում ա, Բերձորում մենակ զինվորականներ են»։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինչպես Քարվաճառում, այնպես էլ Բերձորում բնակիչներն այրել են իրենց տները, սակայն Արմենի խոսքից պարզ դարձավ, որ բերձորցիների հույսը լրիվ չի մարել՝ ասաց. «Բերձորում մարդիկ տները չեն այրել»։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող թուրքադրբեջանական պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ըստ հայտարարության` Ադրբեջանին է մնում ոչ միայն պատերազմի ժամանակ գրաված Արցախի որոշ շրջաններ, այլ նաև Բերձորը, Քարվաճառը, Ակնան։
Հայտարարության հենց հաջորդ օրվանից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով սկսվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայումը՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով․ «Լաչինի միջանցքը (5 կմլայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,-գրված է հայտարարության մեջ:
Համաձայն եռակողմ հայտարարության` Ակնան Ադրբեջանին հանձնվեց նոյեմբերի 20-ին, Քարվաճառը՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, իսկ Բերձորը ադրբեջանական կողմին է անցնելու դեկտեմբերի 1-ին։
Նարա Մարտիրոսյան