NewArmenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը
-Պարոն Գորգիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն հացադուլներ են հայտարարվում։ Ձեր կարծիքով` հացադուլը ճանապա՞րհ է հրաժարականին հասնելու։
-Ընդհանրապես հացադուլը ես համարում եմ ծայրահեղ մեթոդ, որն այս պարագայում արդարացված չէ, որովհետև հաշվի առնելով Փաշինյանի մոտեցումները, չեմ կարծում, որ նրա համար որևէ մեկի առողջականի վատթարացումն ինչ-որ ազդեցություն կունենա նրա որոշում կայացնելու վրա։ Սա ուղղակի առողջությունն անիմաստ վնասելու քայլ է, հույս ունեմ` հացադուլ հայտարարած մեր ընկերը շուտ դուրս կգա էդ իրավիճակից, որովհետև չեմ կարծում, որ դա որևէ արդյունք կտա։
-Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ իր հրաժարականը պահանջողները հասարակական ընդունելություն չունեն։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հրաժարականի հասնել դատարկ փողոցներով։
-Գիտե՞ք, հրաժարականի հասնելու մի քանի մեթոդ կա, և մենք օգտագործելու ենք սահմանադրական բոլոր ճանապարհները։ Այն, որ փողոցում քիչ մարդ կա, դա բազմաթիվ և օբյեկտիվ պատճառներ ունի, բայց դա չի նշանակում, որ հասարակության մեջ չկա դժգոհություն, և չկա պահանջ Փաշինյանի հեռանալու։ Նախ նոր է ավարտվել պատերազմը, մարդիկ դեռ հետշոկային վիճակում են, ոմանք դեռ նոր են վերադարձել սահմանից, ոմանք դեռ չեն գտել իրենց զավակներին, նրանց դիակները, ոմանք դեռ նոր են թաղել իրենց հարազատներին, և էս իրավիճակով մարդիկ ուղղակի պատրաստ չեն դուրս գալ փողոց և պահանջել ինչ-որ բան։ Հետո իմ անձնական կարծիքով` էն մեթոդներով, որոնցով Փաշինյանը եկավ իշխանության, անհնար է նրան հեռացնել, որովհետև քաղաքացիները նաև էդ մեթոդներից են հիասթափված։ Նրանք ի՞նչ արեցին՝ համախմբվեցին, դուրս եկան փողոց, պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը, հանկարծ պարզվեց, որ էդ ամեն ինչի արդյունքում Փաշինյանը դարձավ վարչապետ ու երկիրը տարավ կործանման։ Հիմա նաև սա է հետ պահում քաղաքացիներին փողոց դուրս գալուց, որովհետև նրանք չեն ուզում կրկին խաբվել, չեն ուզում, որովհետև չեն տեսնում այն տեսլականը, թե ինչպես պետք է կրկին կառուցվի։
Հիմա լուծումներ գտնելու ժամանակն է իրականում, և «Լուսավոր Հայաստանը» լուծումներ առաջարկողի դիրքերից է հանդես գալիս։ Մենք 13 կետանոց ճանապարհային քարտեզ հրապարակեցինք, որում նշում էինք այն ուղիները, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ, որոշակի դասեր քաղել և հնարավորինս առավելագույնը քաղել այս վիճակից։ Ուստի առաջին քայլն այն է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև հետագա բոլոր քայլերը, որոնք մենք մատնանշում ենք մեր ճանապարհային քարտեզում, անհնար է իրականացնել Փաշինյանի առկայության պարագայում։ Առաջնահերթություն պիտի լինի ստորագրված փաստաթուղթը բանակցային սեղան բերելու հարցը, որովհետև այնտեղ կան դրույթներ, որոնք այնքան էլ պարզ չեն գրված, և դրանք կարելի է բանակցել ի օգուտ Հայաստանի լուծում գտնելու նպատակով։
-Ձեր կարծիքով` ի՞նչը կարելի է փոխել այդ փաստաթղթում։
-Անորոշությունները շատ են, դրանց մասին առանձին կհրապարակենք, կարծում եմ, հիմա չեմ կարող խորանալ, բայց հիմա մի կետի մասին կարող եմ ասել՝ մասնավորապես Սյունիքով ճանապարհների ապաարգելափակման կետն է։ Դա ի՞նչ է նշանակում։ Մենք անընդհատ խոսում ենք Մեղրիով ճանապարհ ունենալու մասին, բայց էնտեղ հոգնակիով է նշած՝ ճանապարհների ապաարգելափակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի ցանկացած ճանապարհ Ադրբեջանը պիտի կարողանա օգտագործել, որպեսզի հասնի Նախիջևան։
-Այսինքն, եթե այդ կետը կոնկրետացնեն և թողնեն միայն Մեղրին, նորմա՞լ է։
-Գիտե՞ք, փաստաթուղթն արդեն ստորագրված է, դա չեղարկելու որևէ մեխանիզմ այսօր չկա, և պետք է դրա շրջանակներում փորձենք առավելագույնը քաղել։ Դա պետք է անի նոր բանակցողը։ Ակնհայտ է, չէ՞, որ Փաշինյանը չի կարող, չէ՞, Ալիևի հետ որևէ բան պայմանավորվել։ Նույն Հայաստանի սահմանների հետ կապված՝ քարտեզը, որը գծված է, ճանապարհների մի մասն անցնում է Ադրբեջանին տրված տարածքներով․ ինչպե՞ս է սահմանը գծվել, ինչպե՞ս ենք մենք էդ սահմանները պահելու, որտե՞ղ են կանգնելու մեր զինվորները, հարցերը շատ են, և այդ բոլորն առնչվում են ՀՀ անվտանգությանը։ Ամբողջ Սյունիքի մարզը դարձել է սահմանամերձ, Վայոց ձորը նույնպես, Գեղարքունիքի մարզը նույնպես։ Բոլորը խնդիրներ են, և էդ խնդիրներին լուծումներ են պետք, իսկ էդ լուծումները Նիկոլ Փաշինյանը և իր ապիկար թիմը չեն կարող տալ։
Մանրամասները տեսանյութում
Զրուցեց Մհեր Արշակյանը
