-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126768 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Իրանում սկսել են գիտակցել նաև պանթյուրքականության վտանգները․ իրանագետ
Կարևոր

Իրանում սկսել են գիտակցել նաև պանթյուրքականության վտանգները․ իրանագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պատերազմում մեր կրած պարտությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար։

-Տեղի ունեցածը ըստ էության բարդացրել է ամբողջ տարածաշրջանում առկա իրավիճակը։ Իրանի համար լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, եթե հաշվի առնենք, որ տեղի է ունեցել մերձարաքսյան գոտու կորուստ, ինչն անմիջականորեն հարում է Իրանի սահմանին։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն էլ` այդ տարածքներում թուրքական և ադրբեջանական կողմը մտադիր է տեղակայել այն վարձկան ահաբեկիչներին, որոնք կռվում էին մեր դեմ, ուստի Իրանի համար ստեղծվել են նոր մարտահրավերներ։ Եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա Իրանի հյուսիսային սահմանների երկայնքում կլինի էթնիկական տարր, որն ակնհայտորեն հակաիրանական տրամադրություններ ունի։ Երկրորդ մարտահրավերը՝ արցախահայ-իրանական հատվածի կորստի հետևանքով ստեղծվել է հնարավորություն Իրանի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող Իսրայելի համար, որպեսզի իրականացվի լայնածավալ հակաիրանական քարոզչական և նաև հետախուզական գործունեություն, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական ներկայության ընդլայնումը իրանական սահմանի երկայնքով, լրջորեն ավելացրել է ռիսկերը՝ կապված Ատրպատականի թյուրքալեզու իրանցիների վրա՝ քարոզչական ազդեցություն ունենալու տեսանկյունից։ Կարևոր հանգամանք է նաև Մեղրիով, այսպես կոչված, միջանցքի տրամադրումը՝ Նախիջևան-Ադրբեջան կապն ապահովելու համար։ Սա խիստ խնդրահարույց է, որ անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլ նաև Իրանին, ուստի Իրանի համար ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ ավելացել են ռիսկերն ու վտանգները։

-Այս ամենը նկատի ունենալով՝ սահմանային լարվածություն, պատերազմական գործողություններ  հնարավո՞ր է լինեն։

-Ըստ էության, պատերազմի հետևանքով բոլոր կողմերը դժգոհ են մնացել։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի հասել իր ուզածին։ Չնայած էյֆորիկ տրամադրություններին ակնհայտ է նաև, որ իր ուզած արդյունքին չի հասել նաև Բաքվի բռնապետը, որովհետև նրանք ամբողջ Արցախն էին ուզում։ Չեմ կարծում, թե ռուսական կողմն էլ շատ գոհ է, որովհետև ռուսական կողմի համար ցանկալի կլիներ, կարծում եմ, նախկին ԼՂԻՄ սահմանագծի պահպանումը և այդ սահմանագծի երկայնքով խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչը ավելի կմեծացներ Ռուսաստանի ազդեցության լծակները Ադրբեջանի վրա։ Իրանական կողմն էլ գոհ չէ՝ հաշվի առնելով նշված վտանգներն ու ռիսկերը։ Պետք է ընդգծել, որ չի լուծվել կարևորագույն խնդիր՝ Արցախի կարգավիճակի հարցը և  դրանից բխող հայ բնակչության անվտանգության հարցը, ուստի բոլոր նախադրյալները կան ակնկալելու, որ առաջիկա տարիներին թուրք-ադրբեջանական դաշինքը կարող է գնալ սադրանքների ռուս խաղաղապահների նկատմամբ, որը կարող է պատեհ առիթ ստեղծել մեզ համար՝ որոշակիորեն բարելավելու մեր թուլացած դիրքերը, հետևաբար մեր առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանի ներսում իրավիճակի կայունացումը։ Ակնհայտ է, որ պարտված իշխանությունը պետք է կամավոր հեռանա և ասպարեզը զիջեն ավելի կարող ուժերի, որոնք կարող են կառավարել ճգնաժամը և սկսել հեռանկարային ծրագրերով զբաղվել։

-Պարո՛ն Ոսկանյան, Ռուսաստանն ու Իրանը, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք առաջանալու էին Թուրքիայի՝ Հարավային Կովկասում դիրքերը ամրապնդելուց հետո, չէի՞ն կարող պատերազմի ընթացքում կանխել թուրքական կողմի առաջխաղացումը։

-Մի կարևոր հանգամանք կա. իրանական կողմը, ցավոք սրտի, արցախյան հիմնախնդրին լուրջ ուշադրություն չէր դարձնում և դիտարկում էր իր սահմանի երկայնքով առկա տարբեր հակամարտությունների համատեքստում։ Ստեղծված իրավիճակում, պարզ դարձավ, որ արցախյան հիմնախնդիրը և դրանից բխող հետևանքները չափազանց կարևոր կարող են լինել Իրանի համար։ Հիմա Իրանում այդ գիտակցությունը կարծես թե կա և պետք է ակնկալել, որ ավելի մեծ ուշադրություն կդարձնի իրանական կողմը այս հարցին՝ հատկապես ռուսական կողմի հետ համագործակցության մթնոլորտում, ցավոք սրտի, մենք զգալիորեն կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում, և մեր դերակատարությունը նվազել է, բայց կարծում եմ` հնարավորությունները սպառված չեն Հայաստանն օգտագործել՝ որպես կարևոր հարթակ ռուս-իրանական դաշինքի համար, և մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք, միանշանակորեն պետք է ստեղծվի Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը՝ մեր սուբյեկտայնության վերագտնումից հետո, ինչը պետք է ուղղված լինի թուրքական նկրտումները զսպելուն։ Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա են բազմաթիվ խութեր, և այժմ Ռուսաստանը չի ուզում ուղիղ առճակատման գնալ Թուրքիայի հետ՝ փորձելով անել այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն ռուսական շահերը, բայց ուղղակի առճակատման չհանգեցնեն, բայց կարծում եմ, որ իրավիճակը կարող է փոխվել զարգացումներին զուգահեռ, որովհետև թե՛ ռուսական պետությունն է ամրացել, թե՛ էրդողանական Թուրքիան, և վերջինս փորձելու է իրականացնել իր շահերը, իսկ այդ շահերը ակնհայտորեն բախվելու են և՛ ռուսական, և՛ իրանական շահերին։

-Իրանում սահմանային վիճակն ինչպիսի՞ն է այս պահին։

-Իրանա-ադրբեջանական այս նոր սահմանը ամրացված է, հատուկ ուզում եմ շեշտել, որ այս նոր սահմանը Իրանի համար հստակ սպառնալիք, է և դրա հետևանքով սահմանի ողջ երկայնքով կան լրացուցիչ զորամիավորումներ, որպեսզի այդ սահմանը հնարավորինս անվտանգ լինի։ Ահաբեկչության վտանգը, ըստ էության չի վերացել, որովհետև մենք չգիտենք՝ ինչ եղան այն վարձկան ահաբեկիչները, որոնք բերվել էին Ադրբեջան, կամ արդյո՞ք նոր խմբեր չեն տեղափոխվել Ադրբեջան։ Ուստի իրանական կողմը աչալուրջ է սահմանների խնդրում։ Կարևոր է նաև, որ Իրանում սկսել են գիտակցել պանթյուրքականության վտանգները ,և իրանական պետությունը քայլեր է ձեռնարկում այդ պանթյուրքական բջիջները վերացնելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը

Նատա Հարությունյան

Խաղաղության առաջարկ

Անի Գրիգորյան

«Վազգեն Մանուկյանը շատ հեռու է կայունություն ապահովելուց». Տաթև Հայրապետյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին