-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126803.2 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Թուր­քի­ա­յից եկող ահա­բեկ­չա­կան սպառնալիքն ավե­լի է մե­ծա­ցել. «Փաստ»
թերթերի տեսություն

Թուր­քի­ա­յից եկող ահա­բեկ­չա­կան սպառնալիքն ավե­լի է մե­ծա­ցել. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում ակտիվ զարգացումները նոր փուլ են թևակոխում, ըստ այդմ, պայքար է ընթանում տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև ազդեցության գոտիներն ընդլայնելու և ամրապնդելու շուրջ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Թուրքիան շարունակում է հետապնդել իր կայսերապաշտական նպատակները և ապակայունացնել իրադրությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։ Չնայած Թուրքիայի տնտեսությունում ճգնաժամը խորանում է, թուրքական արժույթն արժեզրկվում է, սակայն թուրքական իշխանությունները ազգայնական կրքերի բորբոքման արդյունքում փորձում են պահպանել իրենց դիրքերը։

Պաշտոնական Անկարան ձգտում է անընդհատ հակասություններ բորբոքել Սիրիայում և Լիբիայում ու միջամտել այդ երկրներում առաջացած հակամարտություններին։ Իսկ Միջերկրական ծովի արևել յան հատվածի ջրերի վերահսկողության համար Թուրքիան լուրջ հակամարտության մեջ է մտել Հունաստանի և Կիպրոսի հետ։ Բայց թուրքական հավակնությունները սրանով չեն ավարտվում։ Անկարան նպատակ է հետապնդում դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդը և իր ազդեցությունն ամրապնդել արաբական երկրներում, ինչի արդյունքում լարվել են մի շարք արաբական երկրների՝ մասնավորապես Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունները։

Սակայն թուրքական հավակնությունները սրանով չեն ավարտվում։ Էրդողանի գլխավորած իշխանությունը փորձում է ազդեցության լծակներ ունենալ նաև Եվրոպայում և հարկ եղած դեպքում իսլամիստ ծայրահեղականների միջոցով ապակայունացնել իրավիճակը եվրոպական երկրներում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում որոշումներ ընդունվեցին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության արգելման մասին։ Բայց տարածաշրջանի և գլոբալ անվտանգության տեսանկյունից թուրքական ագրեսիվ քայլերի ամենավտանգավոր կետը մնում է Արցախը։ Եվ հարցն այն է, որ Արցախն ու Հայաստանն անմիջականորեն սեպի պես խրված են պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Իսկ եթե Թուրքիային հաջողվի իրականություն դարձնել իր պանթուրքական և նեոօսմանական ծրագրերը, ապա այդ երկիրը տարածաշրջանում թելադրող դիրք ձեռք կբերի և հնարավորություն կստանա անկայունության ալիքը տարածել նաև այն պետություններում, որտեղ թուրքախոս և մահմեդական բնակչություն է ապրում, և, ինչու չէ, հասնել այդ երկրների մասնատմանը։ Եվ թուրքական ղեկավարությունն իր առջև դրված նպատակներին հասնելու համար ակտիվ ջանքեր է ներդնում։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում և դրանից առաջ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից հազարավոր ահաբեկիչ վարձկանների էր ներմուծում հակամարտության գոտի։

Հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին բազմաթիվ հրապարակումներ եղան միջազգային մամուլում, մի շարք երկրներ էլ, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան և Ռուսաստանը, պահանջեցին Թուրքիայից Ադրբեջանից դուրս բերել ահաբեկիչներին։ Բայց ուշագրավ է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հրադադարի համաձայնության ստորագրումից հետո, կարծես, միջազգային հարթակում բավարար ուշադրության չի արժանանում Թուրքիայի հովանավորյալ ահաբեկիչ գրոհայինների թեման։ Անգամ հրադադարի եռակողմ համաձայնության մեջ որևէ կետ չկար ահաբեկիչներին դուրս հանելու վերաբերյալ։

Եվ այստեղ խնդիր է, որ Թուրքիան ոչ միայն չի պատրաստվում հակամարտության գոտուց դուրս բերել ահաբեկիչներին, այլև տեղեկություններ են շրջանառվում, որ մտադիր է Սիրիայի հյուսիսից գրոհայինների նոր խմբեր և իրենց ընտանիքների հետ միասին թուրքմենական ցեղերի ներկայացուցիչների բերել Արցախ և բնակեցնել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած տարածքներում։ Կարճ ասած՝ Թուրքիան ցանկություն ունի ժողովրդագրական փոփոխություններ իրականացնել և մեծացնել Ադրբեջանի կախվածությունն իրենից, սակայն ահաբեկիչների և գրոհայինների ներկայությունը ոչ միայն ուղիղ մարտահրավեր է Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի և առաջին հերթին Ռուսաստանի համար։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին