-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Էրդողանը, ցավոք սրտի, օգտվեց դրանից. Մինսկի համանախագահությունը՝ նոր փաստի առաջ. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Էրդողանը, ցավոք սրտի, օգտվեց դրանից. Մինսկի համանախագահությունը՝ նոր փաստի առաջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է հույս, որ Մինսկի խմբի համանախագահության աշխատունակությունը լիարժեք կվերականգնվի շատ արագ:

Այդ հանգամանքը Երևանի ու Ստեփանակերտի համար ստացել է առավել քան կարևոր նշանակություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դե ֆակտո ձևավորվել է արցախյան գոտու շուրջ ռուս-թուրքական աշխատանքային ձևաչափ: Երևանն անկարող է փոխել այդ ձևաչափը, պետք է նայել իրականությանը սթափ հայացքով: Բայց այդ ձևաչափին հակակշռելու համար էլ կարևոր է Մինսկի խմբի համանախագահությունը:

Ավելին, այստեղ հակակշռելու իմաստով խոսքը անգամ հավասարակշռության մասին չէ, որովհետև իրավաքաղաքական ուժով Մինսկի խմբի մանդատը անկասկած բարձր է բազմակի: Ամբողջ հարցն այն է, որ Թուրքիային հաջողվեց այդ մանդատը դուրս դնել իրադարձությունների զարգացման հիմնական վեկտորից՝ պատերազմի միջոցով, նաև պարտադրելով Ռուսաստանին գալ թուրքական վեկտորի հետ պայմանավորվածության: Մոսկվան, իհարկե այդ առումով որոշակիորեն դիմադրելով, այդուհանդերձ գնաց դրան ոչ այդքան մեծ դժկամությամբ: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահությունում իրեն չի զգացել հարմարավետ՝ հատկապես Արևմուտքի հետ ղրիմյան իրողություններից սրված դիմակայությամբ: Սակայն խնդիրը այդ իմաստով իհարկե առավել խորքային է:

ՌԴ-ի համար այն կազմում է, այսպես ասած, կայսերական կամ պոստխորհրդային հավակնությունների շերտ, որոնք ՌԴ նախագահ Պուտինը սկսեց դրսևորել դեռևս 2007 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում: Դրանում հստակ ուրվագծվում էր, որ նավթի բարձր գնից ոգևորված և նավթագազային մահակ-ասեղի էֆեկտով լեցուն Կրեմլը որոշել է վերականգնել խորհրդային մեծությունը: Բնական է, որ այդ համատեքստում Ռուսաստանի համար առաջնային էր դիտարկվելու Կովկասում գերակայությունն ու մենիշխանությունը վերականգնելը: Իսկ Մինսկի խումբը այդ հարցում առաջնային արգելքներից մեկն էր, որը հաղթահարելու խնդիրը ՌԴ-ի համար դառնալու էր ռազմավարական: Այստեղ էլ հետաքրքիր դիրքում հայտնվեց Թուրքիան:

Բանն այն է, որ ՌԴ-ն՝ իր այդ հավակնությամբ, և Արևմուտքն էլ՝ ՌԴ այդ հավակնությունը զսպելու մտորումով, էական գործիք էին դիտարկում Թուրքիան: Այդ դիտարկումները, ցավոք սրտի, գրեթե փայլուն հաշվի առավ Էրդողանը՝ թե՛  Թուրքիայի ներսում, թե՛  արտաքին միջավայրում իր դիրքերն ամրացնելու ռազմավարությամբ: Էրդողանը դարձավ ոչ թե Արևմուտքի կամ Ռուսաստանի ձեռքին գործիք, այլ խնդիր թե՛  Ռուսաստանի, թե՛  Արևմուտքի համար: Խնդիր, որի հետ, սակայն, ստիպված են հաշվի նստել պարբերաբար՝ դրա դեմ պայքարի փոխարեն:

Այդ իմաստով Էրդողանը Արցախի դեմ պատերազմով նոր իրավիճակ է ստեղծել Կովկասում, ըստ այդմ՝ Մինսկի խմբի համանախագահությունն այժմ այդ նոր իրավիճակի առաջ է, և աշխատունակության աշխուժացումը էապես պայմանավորված է այդ հանգամանքով: Չկան Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի նախկին մոտիվները, և այստեղ է գլխավոր հարցը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....