«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Ադրբեջանական սոցիալական ցանցերում նախօրեին հերթական հայ գերու տեսանյութն է հրապարակվել: Տեսանյութում երեւացող գերեվարված զինվորը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանն է, որից ընտանիքի անդամները լուր չունեին հոկտեմբերի 8-ից:
Զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ Էրիկը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության էր անցել Ջաբրայիլում, երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց. «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել, Հադրութի դպրոցում էր, դրանից հետո կապն ընդհատվեց ու այլ տեղեկություն մինչ օրս չունենք: Հադրութի դպրոցից եղբայրս զանգեց ասաց՝ դպրոցում է, լավ են, հետո էլ չկարողացանք կապվել»:
Էրիկի գերեվարվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից. «Վիդեոն տեսանք, մեր երեխուն ճանաչեցինք, բացի Էրիկից, տեսանյութում էլի հայ զինծառայողներ կային, բայց չգիտեմ՝ Էրիկի համածառայակիցներն էին, թե ոչ»:
Տեսանյութը ընտանիքի անդամները երեկ առավոտյան արդեն ներկայացրել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ:
Մինչ եղբոր՝ գերի լինելու մասին իմանալը՝ Արտյոմ Մխիթարյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ օրեր առաջ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Մինչեւ տեսանյութը Էրիկը համարվում էր անհետ կորած, այդ ուղղությամբ էինք աշխատում: Վարչապետն ասաց՝ Կարմիր խաչը զբաղվում է անձերի ճշտմամբ, գերիների փոխանակմամբ, նաեւ այցեր են արվում գերիներին: Երեկ էլ ենք հանդիպել վարչապետին, ասում է՝ աշխատանքներ են տարվում, բայց կոնկրետություն է պետք այս ամենում, թե որ օրն են գերիների փոխանակում կամ հանձնում անում: Մեզ պետք է, որ Կարմիր խաչը օր առաջ այցելի, մենք կարողանանք կապ հաստատել երեխու հետ, մեզ հստակ ժամկետներ են պետք, ու չպետք է մոռանալ, որ մեր երեխեքը թշնամու ձեռքին են, ոչ թե բարեկամի»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում երեկ ևս հանդիպում էր ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Անդրադարձ էր կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:
Արծրուն Մխիթարյանի խոսքով՝ Էրիկի նման բազմաթիվ անհետ կորած զինծառայողներ կան. «Կոնկրետ Ջաբրայիլի 5-րդ գումարտակը 450 հոգանոց գումարտակ է եղել, այդտեղից մի 50 զինվորից են տեղյակ, մյուսները Հադրութի դպրոցում են եղել, հետո՝ դիրքեր, հետ նահանջ ու ոչ մի լուր: Մինչեւ էսօր մենք պահանջում էինք, որ վարչապետը միջոցներ ձեռնարկի՝ մտնեին այդ տարածքներ: Սկզբում ասում էին՝ հրադադար պետք է լինի, հրադադարը եղավ, մենք պահանջում էինք, որ ինչ-որ մեկը՝ կլինի Հայաստանից, Կարմիր խաչից, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, մտնի այդ տարածքներ ու հանի զինվորներին, քանի որ ծնողներից շատերը տեղեկություն ունեին, որ այդտեղ ողջ զինվորներ կան: Երեկ վարչապետն ասաց, որ ռուսական կողմի հետ են բանակցել, ավելի ուշ ասաց, որ Ադրբեջանը տվել է որոնողական աշխատանքների թույլտվություն, բայց արդեն ուշ է»,- ասաց հետագայում եղբոր գերեվարվելու մասին լուրը ստացած Արծրուն Մխիթարյանը:
Էրիկի եղբայրը դժգոհ է համապատասխան կառույցների, այդ թվում՝ Կառավարության այս ուղղությամբ տարվող աշխատանքի տեմպից: Ասում է՝ մինչ իրենք բանակցում էին, տղաներին գերի վերցրին. «Ադրբեջանի Կառավարությունը առաջ ընկավ, մտավ ու բոլորին գերի վերցրեց, հետո էլ թույլտվություն տվեց, թե մտեք դատարկ անտառներում զինվոր փնտրեք»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
