5 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան
Այլ Լուրեր

Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.  

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է, և ես խնդրում եմ՝ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով կառավարության առաջին նիստը: Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն: Առաջիկայում մեզ սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: Ես նախ ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար: Եվ նորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ: 

Հարգելի գործընկերներ, 

Սիրելի ժողովուրդ,

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները: Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: 

Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության  ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա:

Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է: 

Նույնիսկ այս դժվար ժամանակներում սակայն պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա: 

Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը: 

Շնորհակալ եմ»:     

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

Անի Գրիգորյան

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Նատա Հարությունյան

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին