New Armenia.am – ի զրուցակիցն է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։
—Երկրում ռազմական դրության ռեժիմի վերացման վերաբերյալ տարակարծությունները շարունակվում են։ Պարո՛ն Խալաթյան, օրինակա՞ն է մինչ օրս ռազմական դրության պահպանումը Հայաստանում։
-Ռազմական դրությունը իրավական ռեժիմ է, որը նախատեսված է Սահմանադրությամբ, նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, որը հստակորեն սահմանում է այն դեպքերը, երբ պետք է հայտարարվի ռազմական դրություն։ Այն է՝ ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա իրական սպառնալիքի, պատերազմ հայտարարելու դեպքերի հետ։ Այսօր ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, սակայն դեռևս իրական սպառնալիքի վտանգը չի վերացել։ Մենք տեսնում ենք Թուրքիայի բանակի տեղակայումը Իգդիրում, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, հայտնի հայտարարության մեջ նշված կետերի կատարումն է դանդաղեցնում Ադրբեջանը, հնչում են նաև Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումների կոչեր։ Այս ամենը վկայում է արտաքին ագրեսիայի իրական սպառնալիքի մասին։ Խորհրդարանական ամբիոնից, քաղաքական նկատառումներից ելնելով, կարող են հնչել տարբեր տեսակետներ, բայց այս հարցում պետք է զգոն լինել և նախևառաջ լսել փորձագիտական կարծիք՝ Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչու չէ, Արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի։ Ռազմական դրության չեղարկումն ու չչեղարկումը պետք է հիմնված լինի անկողմնակալ փորձագիտական կարծիքի հիման վրա։
-Այնուամենայնիվ, ռազմական դրության ռեժիմի պահպանումը երկրում օրինաչա՞փ է այս պահին։
-Ինչպես նշեց իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ կարելի է քննարկել և մեղմացնել որոշակի սահմանափակումներ, որոնք բխում են այս իրավական ռեժիմից։ Այսինքն՝ բուն ռազմական դրության իրավական ռեժիմի պահպանումը թույլ է տալիս ավելի ադեկվատ և արագ արձագանքել ռազմական թատերաբեմի հնարավոր զարգացումներին, բայց հնարավոր է քննարկել՝ հատկապես քաղաքական ազատություններին վերաբերող դրույթների փոփոխումը, բայց վերջնական գնահատականը պետք է տան արհեստավարժ համապատասխան պետական մարմինները և այդ մարմինների լռությունը, կարծում եմ, ճիշտ չէ, նրանք՝ թեկուզ փակ նիստի ձևաչափով, պետք է խորհրդարանականներին համապատասխան տեղեկություն տրամադրեին տիրող իրավիճակի մասին։
-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության՝ ռազմական դրության ռեժիմի աստիճանաբար վերացնելու առաջարկությունը։
-Հայտարարությանը ծանոթ եմ, բայց կոնկրետ միջոցառումները, որոնցով պետք է հասնել այդ աստիճանական վերացմանը՝ տեղյակ չեմ, սակայն դա մոտավորապես տեղավորվում է իմ ասածի տրամաբանության մեջ։ Հաշվի առնելով, որ բուն իրական վտանգը չի վերացել, սակայն թուլացել է ընդհանուր ռազմական դրության ինտենսիվությունը, կարելի է միմյանց հետ խորհրդակցելով աստիճանաբար գնալ թուլացման։
-Պարո՛ն Խալաթյան, իսկ ռազմական դրության իրավական ռեժիմը խոչընդոտու՞մ է երկրի համար կենսական նշանակություն ունեցող իրողությունների կատարմանը։
-Այդպիսիք չեմ տեսնում, ռազմական դրությունը բուն տնտեսական գործունեության հետ կապված, երկրի ներքին բարեփոխումներին չի խոչընդոտում։ Արտակարգ դրության սահմանումը հակահամաճարակային օրերին, շատ ավելի խորը ազդեցություն էր թողնում օրինակ ներքին տնտեսական կյանքի ակտիվության վրա, քան ռազմական դրությունը։ Ռազմական դրությունը իրենից ենթադրում է հիմնականում այն, որ պետական մարմինները, Տեղական ինքնակառավարման մարմինները կարգապահության նոր նորմերի են ենթարկվում, Զինված ուժերը բերված են առաջին կարգի մարտական պատրաստվածության, բայց սա չի ենթադրում, որ ռազմական դրության իրավական ռեժիմը պետք է անհիմն երկարացնել։
Քրիստինե Աղաբեկյան
