Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական որակեց՝ նկատելով, թե Արցախի անկախության ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ ՀՀ-ում որոշ շրջանակներ Սենատի որոշումը Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության փաստ մեկնաբանեցին, իրականում, պարզապես Սենատն այս բանաձևով կոչ է անում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել ԼՂ անկախությունը։ Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում էլ Արցախի միջազգային ճանաչման հետ կապված հակասություններ ու հարցադրումներ կան՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ի՞նչ սահմաններով է լինում, ՀՀ-ն պետք է ճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ ոչ և այլն։
NewArmenia.am-ը հարցը փորձել է վերլուծել քաղաքագետ Արեգ Քոչինյանի և միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Արեգ Քոչինյանը նախ կարևորեց շեշտելը, որ Ֆրանսիայի Սենատը չի ճանաչել Արցախի անկախությունը, թեև, իշխանական որոշ պատգամավորներ այս պնդումն ունեն, այլ կոչ է արել գործադիր մարմնին ճանաչել։ Նա վստահեցրեց՝ բանաձևը բացարձակ իրավական որևէ ուժ չունի, իսկ իշխանական որոշ պատգամավորների շահարկումները նա քաղաքական աճպարարություն որակեց։
«Ի՞նչ է տալու մեզ այս բանաձևը հարցի պատասխանը՝ լավ ինքնազգացողություն, բարձր տրամադրություն և բարոյական հաղթանակի զգացում։ Ընդհանրապես հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունները համառորեն չեն ցանկանում համակերպվել փաստի հետ, որ մենք խոշոր պարտություն ենք կրել։ Սա իր հետ կարող է բերել վատ հետևանքներ, որովհետև, երբ դու չես ընդունում պարտությունը, նշանակում է՝ դասեր էլ չես քաղում, չես փորձում վերլուծել։ Պատերազմը պետության համար քննություն է, եթե պետությունը տապալել է այդ լուրջ քննությունը, նշանակում է, որ փոփոխությունների կարիք կա։ Եթե չես համարում, որ պետությունը քննությունը տապալել է, ուրեմն՝ երկրիդ ներսում համակարգային փոփոխությունների կարիք չես տեսնում։ Սարսափելի կլինի, որ այս կամ այն մեկի կողմից Արցախի անկախության ճանաչումը ներկայացնենք որպես հաղթանակ ու ասենք՝ մենք էլ այս դաշտում ենք հաղթում։ Եթե բարոյական հաղթանակի խամաճիկը ցուցադրվի, ու ասենք, որ մարտի դաշտում պարտվեցինք, բայց այստեղ ենք հաղթում, հետևաբար, որևէ փոփոխության կարիք չկա, մեծագույն սխալ գործած կլինենք»,- ասաց նա։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ համակարծիք է, որ Սենատի ընդունած բանաձևն ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է ու որևէ պարտադիր իրավական ուժ չունի։ Սակայն նա հավելեց, որ իրավական առումով նախադեպային չէ, բայց քաղաքական առումով կարելի է դիտարկել նախադեպային ու այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել։
«Այո, սա մի փատաթուղթ է, որով պարզապես կոչ են անում գործադիր մարմնին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ գործադիր մարմինն արտաքին քաղաքականության առումով պատասխանտուն է։ Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքներին, բնականաբար, փորձ կատարվեց բանաձևին տալ շատ ավելի լուրջ ձեռքբերման շղարշ, լուրջ արդյունք, սակայն կարծում եմ, որ նման լուրջ ձեռքբերում չկա։ Ավելին՝ այս բանաձևի գործում մեր իշխանությունների կամ դիվանագիտության մասնակցությունը մինիմալ է եղել, որովհետև սա Ֆրանսիայի ներքաղաքական պրոցես է, որը որևէ կապ չունի ՀՀ-ի արտաքին քաղաքականության ակտիվության հետ»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Սարգսյանը հավելեց, որ յուրաքանչյուր նման ճանաչում՝լինի քաղաքային խորհրդի, նահանգի, մարզային կամ ֆեդերալ մարմինների կողմից, միևնույն է, քաղաքական առումով նախադեպ է ստեղծում ու նոր հնավրաորություն է բացում այս ուղղությամբ աշխատանք տանելու ու տրամաբանական ավարտին հասցնելու համար։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ, խոսելով ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին, նշեց, թե հարմար պահը Հայաստանն արդեն իսկ ձեռքից բաց է թողել։
«Կարծում եմ՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պատմական պահը պատերազմի առաջին երկու օրերին էին, իսկ Հայաստանը պահը բաց է թողել՝ վախվորած ու չկողմնորոշված քաղաքականության հետևանքով։ Չեմ կարծում, թե հիմա Հայաստանի համար թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների, թե՛ստորագրած փաստթղթից ելնելով հարմար պահ է, որ ճանաչի։ Հիմա ՀՀ-ն, անգամ, հնարավորություն չունի ճանաչելու Արցախի անկախությունը։ Խոշոր հաշվով՝ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը դժվար թե որևէ լուրջ փոփոխության բերի։ Թեպետ, հիմա լսում ենք ՌԴ նախագահ Պուտինին, որ ասում է՝ այ, որ ՀՀ-ն Արցախի անկախությունը ճանաչեր, այսպես չէր լինի և այլն, սակայն սա ավելի շատ քաղաքական շահարկում է։ Կռվից հետո բռունցքները չեն թափահարում, այն ժամանակ ասեիք այդ մասին, չէ որ բազմիցս վարչապետի հետ խոսել էինք»,- ընդգծեց քաղաքագետը:
Սարգսյանն էլ նկատեց, որ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ կապված կոնսենսուս չկա։
«Սա բավականին հետաքրքիր հարց է, որի վերաբեյալ քաղաքական շրջանակներում կոնսեսուս չկա։ Մի մասն ասում է՝ պետք է ճանաչվի, մյուս մասը՝ հակառակն է պնդում, մի մասն էլ գտնում է, որ դեռ ժամանակ չէ, մյուս մասն էլգտնում է, որ ժամանակը բաց ենք թողել։ Սակայն սա բացառապես երկրի իշխանության որոշելիքն է, քանի որ բանակցային պրոցեսում կարող են լինեն բաներ, որոնց մասին լայն հանրությունը չգիտի։ Համանայն դեպս հույս ունեմ, որ չճանաչումը ոչ թե անպատասխանատվության ու հաշվարկի բացակայության արդյունք է, այլ պատեհ պահին Հայաստանը կանի այդ քայլը»,-ընդգծեց Սուրեն Սարգսյանը։
Վերջինիս համար կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ սահմաններով պետք է Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը՝ ներկայիս՞, ԼՂԻՄ տարածքո՞վ, մինչ պատերազմը եղած տարածքո՞վ։
«Սա շատ լուրջ քննարկումների արդյունք պետք է լինի։ Եթե իշխանությունները ռազմավարական մտածելակերպ ունեն, ապա բոլոր տեսակի հարցերին էլ կարելի է լուծումներ գտնել»,- շարունակեց Սարգսյանը։
Արեգ Քոչինյանն էլ հավելեց, թե հիմա պետք է ազգը սգալու քաղաքակիրթ ձև գտնի, որից հետո պետք է լուրջ քննություն լինի՝ կրած պարտության հետ կապված։
«Սակայն պետք է լինի արագ ու արդյունավետ, ոչ թե Ապրիլյան պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի նման, որ երկու տարի քննեն, ու որևէ հրապարակում չլինի։ Սա պետք է լինի արագ, քանի որ այսօր էլ մենք հսկայական քանակությամբ դավադրապաշտական ինչ-որ հրապարակումներ ունենք, որ սա հանձնեցին, նա դավաճանություն էր։ Երբ ինֆորմացիան մատչելի չի ներկայացվում հանրությանը, նման դավադրապաշտական մտքեր են հայտնվում՝ մեկը մեկից ավելի սարսափելի սցենարներով։ Ժամանակն է գնալ բարեփոխումների ճանապարհով, իսկ այդ բարեփոխումները կանեն այս իշխանությունները, թե այլ մարդիկ, կորոշվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց Արեգ Քոչինյանը։
Անի Արամի
