-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել. «ՀԺ»
թերթերի տեսություն

Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Հայաստանի Վանաձոր քաղաքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ երեկ հերթական ավտոբուսներն են մեկնել: Ուղեւորների մի մասը վերադառնում էր տարբեր բնակավայրերում գտնվող իրենց տներ, մի մասն էլ՝ Ստեփանակերտ․ կապրեն այնտեղ, որտեղ կտեղավորեն Արցախի իշխանությունները: Ավելի քան 2 ամիս Լոռու մարզում բնակվող արցախցիները գոհ են թե՛ լոռեցիների հոգատարությունից ու ուշադրությունից, թե՛ իրենց ապրելու պայմաններից, բայց ասում են՝ իրենց տունը Արցախում է:

Արմինե Պողոսյանը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից էր։ Տեղափոխվել են Լոռու մարզի Թումանյան քաղաք հոկտեմբերի 3-ին։ «Մեր գյուղից նախ մեզ բերեցին Արարատի մարզի Գետազատ գյուղ, 10 օր այդտեղ մնացինք, հետո տեղափոխեցին Լոռու մարզի Թումանյան քաղաք, ճամբարում էին մեզ տեղավորել: Մինչեւ այսօր մեզ տված ուշադրությունից ու վերաբերմունքից գոհ եմ, չգիտեմ՝ որ մեկն ասեմ, որը չասեմ, բայց մեր հողն է, պետք է գնանք, թեկուզ թուրքը ավելի է մոտիկացել, բայց մենք էլի գնում ենք, գնալու ենք թուրքի հետ հարեւանություն անենք, ուրիշ ճար չունենք»,- ասաց տիկին Արմինեն ու շարունակեց՝ 3 պատերազմ է տեսել, 1-ին պատերազմում զոհվել է ամուսինը, միայնակ 3 երեխա է մեծացրել. «Ասում էի՝ մենք տեսանք կռիվը, գոնե մեր երեխեքը չտեսնեն, բայց, փաստորեն, մեր երեխեքն էլ տեսան, հիմա պետք է պինդ լինենք»:

Վեներա Պողոսյանը եւս Արցախ մեկնողների մեջ է, շուրջ 2 ամիս է, ինչ Թումանյան քաղաքում էր։ Ասում է՝ հույս ուներ, որ հետ կվերադառնան հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, բայց գնում է այլ տրամադրությամբ. «Ոչ մեկը չէր պատկերացնում, որ նման բան կարող է լինել, որ մեր հողերը կտայինք նրանց, մեր գյուղն ու տունը կորցնեինք ու ընկնեինք փողոցները»:

Վեներայի ընտանիքը Լոռի էր տեղափոխվել Զարդանաշեն գյուղից: Ասում է՝ հետդարձը շատ դժվար է. «Մեր գյուղն ենք կորցրել, հիմա դիվերսանտները լցված են մեր գյուղում, բայց, մեկ է, մեր հողը մեզ կանչում է, պետք է գնանք ու շենացնենք, որ թուրքը չառիթավորվի ու չասի, թե ղարաբաղցիները չեն գալիս։ Մենք իրենց հակառակ ենք գնում»:

Արցախ մեկնողների մեջ հիմնականում կանայք են, երեխաներ ու տարեցներ: Մեկնողների մեջ կան նաեւ ընտանիքներ, որոնց ո՛չ տունը կա, ո՛չ էլ՝ հարազատ գյուղը: Գնում են՝ նոր տուն կառուցելու, թե ինչպես կանեն, դեռ չգիտեն, բայց վստահ են՝ հայը ստեղծող ու արարող է, նորից կստեղծեն, փոխարենը պետք է վառ պահեն զոհված տղաների հիշատակն ու շարունակեն ապրել հանուն այն տղաների, որոնք իրենց կյանքը չխնայեցին վաղվա համար։

«Մենք պարտավոր ենք չմոռանալ, թե մեր Հայաստանի հայերը մեզ ոնց ընդունեցին ու ոնց են ճանապարհում, մենք մեր զոհված տղերքին չպետք է մոռանանք: Ես բոլորիդ խաղաղություն եմ ցանկանում»,- ասաց 66-ամյա Վլադիմիր Ավշարյանը, որը Մարտունու շրջանի Շեխեր գյուղից էր: Լսել է՝ գյուղը այլեւս չկա, անցել է թշնամուն:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին