-8 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում. պատգամավոր. «ՀԺ»
թերթերի տեսություն

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում. պատգամավոր. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների հարցերով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում․ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, միջազգային կառույցների, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցչի գրասենյակի եւ առանձին փաստաբանների համատեղ ջանքերով միջոցներ են ձեռնարկվում խնդրին օր առաջ լուծում տալու համար։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը, որը ներգրավված է զինծառայողների ընտանիքների հետ տարվող աշխատանքներում։ «Հավատացեք՝ ես ինքս, վերջին օրերին ներգրավված լինելով այս պրոցեսներում, կարող եմ ասել, որ օր ու գիշեր աշխատում ենք, որ ցանկացած հարց օր առաջ լուծում ստանա, եւ ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ծնողների մոտ, ոչ թե նրանք գան մեզ մոտ»,- նշեց նա։

Նազելի Բաղդասարյանի հետ զրուցել ենք անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների խնդրի շուրջ․

— Տիկի՛ն Բաղդասարյան, խորհրդակցությունների արդյունքում ճանապարհային ի՞նչ քարտեզ է մշակվել անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ։

— Ինչպես գիտեք, երեք օր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն հրավիրվեց, որին ներկա էին Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ այլ գերատեսչության ղեկավարներ, նաեւ ներկա էին ԱԺ պատգամավորներ։ Մենք միասին փորձում էինք գտնել ամենաօպտիմալ եւ արագ ձեւը անհետ կորած զինծառայողների խնդրին լուծում տալու համար։ Սա շատ ցավոտ եւ նուրբ խնդիր է, որովհետեւ ստեղծված իրավիճակը ամբողջովին մեր դաշտում չէ․ մենք դեռեւս հնարավորություն չունենք մուտք գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, եւ այստեղ անելիքներ ունեն Կարմիր Խաչի մեր գործընկերներն ու ռուս խաղաղապահները։

— Ինչու՞ մինչ օրս խաղաղապահների միջոցով հնարավոր չի եղել մուտք գործել այդ տարածքներ։

— Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ․ որոշ տարածքներ խիստ ականապատ են, եւ փաստացիորեն այդ շփման գծի հատվածը անցնելը շատ դժվար է։ Որքանով տեղյակ եմ, այս առիթով Կարմիր Խաչը նոր մարդկանց է կենտրոնացրել, որպեսզի աշխատանքները ավելի օպտիմալ տարվեն։ Դրանով զբաղվում են նաեւ ռուս խաղաղապահները, որպեսզի կարողանանք մուտք ունենալ այդ տարածքներ՝ հիմնականում հարավի հատվածում։ Մյուս կողմից էլ ունենք որոշակի խնդիր ադրբեջանական կողմի հետ։ Երկու օր առաջ աճյունների որոշակի փոխանակում եղել է, բայց ոչ մեծ քանակությամբ, պարզապես ես թվեր հրապարակելու իրավասություն չունեմ։

— Ադրբեջանական կողմի հետ խնդիրը ո՞րն է, եթե եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է հենց գերիներին եւ անհետ կորած զինծառայողներին։

— Երբ մենք ասում ենք, որ ունենք որոշակի թվաքանակով գերիներ, Ադրբեջանը չի հաստատում, որ այդ թվով գերիներ կան իրենց տիրապետության տակ, այսինքն՝ պատասխանատվություն չի վերցնում այն անձանց համար, որոնք դեռեւս իդենտիֆիկացված չեն կամ որոնց մասնակցությամբ որեւէ տեսանյութ, հաղորդագրություն մեր ձեռքի տակ չկա։ Ինչ վերաբերում է դիերին, ինչպես ասացի, մենք հասանելիություն չունենք որոշակի տարածքներ, դրանք մատչելի չեն կոնկրետ գործողություններ իրականացնելու համար, այդ պատճառով էլ Կարմիր Խաչը ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Գործընթացը պետք է լինի փուլային, բնականաբար․ որոշակի թվով դիեր եւ գերիներ էլ Հայաստանն ունի։

Ունենք նաեւ անհետ կորածներ, որոնց ծնողները չեն համաձայնում իդենտիֆիկացման նմուշառում կատարել եւ արյուն հանձնել, քանի որ կասկածներ ունեն, որ իրենց երեխան գուցե եւ ողջ է։ Սա, իհարկե, հոգեբանական շատ ծանր խնդիր է, եւ դա է պատճառը, որ վարչապետի հանձնարարությամբ հոգեբանների մեծ խումբ է սկսել աշխատել նրանց հետ։ Մենք էլ ենք ուզում հավատով լցվել, բայց այնուամենայնիվ, ԴՆԹ նմուշառումը անհրաժեշտ գործընթաց է, եւ ես հորդորում եմ անհետ կորածների հարազատներին, ՊՆ-ի հետ կապ հաստատելով, իրականացնել դա՝ իրավիճակը զգալիորեն մեղմելու համար։

Գիտեք նաեւ, որ բավականանին ծավալուն աշխատանքներ են իրականացնում ՀՀ ՄԻՊ-ը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, եւ ուրբաթ օրվա տվյալներով՝ ունենք բավարարված եւս 19 դիմում, որոնցով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, առանձին փաստաբաններ նույնպես աշխատում են, որ ապահովվի այդ անձանց կյանքի իրավունքը։

— Դա առավելապես գերիներին է վերաբերում, իսկ անհետ կորածների խնդրով այս փուլում գործնական ի՞նչ աշխատանքներ են տարվում։

— Անհետ կորածների մի մասը եւս կարող է համարվել գերի․ մենք ունենք ֆիքսված գերիներ, բայց այդ թվաքանակը խիստ տատանվող է, որովհետեւ ինչպես ասացի, Կարմիր Խաչի տիրապետության տակ ավելի շատ անձանց ցուցակ կա, քան ադրբեջանական կողմն է հաստատում։ Մի մասին Կարմիր Խաչի մեր գործընկերները Ադրբեջանում հանդիպել են, եւ կան հստակ ժամկետներ, որոնց շրջանակում մենք լիահույս ենք, որ գերիների փոխանակում տեղի կունենա։ Ցավով, պիտի նշեմ նաեւ, որ պատերազմական գործողություններից պարզ է դառնում, որ կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից մենք այդպես էլ դիեր չենք ունենա, այսինքն՝ երբ մեծ ականներ, հրթիռներ են ընկել, եւ խրամատի հատվածում հողը ծածկել է, 45 օր անց շատ դժվար է այնտեղից մարմին գտնել։ Բոլորը կհիշեն, որ դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում պաշտոնական տվյալներով 4000-ին մոտ անհետ կորածներ ունեինք, այսօր, իհարկե, նման թվերի մասին չէ խոսքը, քառակի, հնգակի անգամ փոքր են թվերը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին