Պատերազմի ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, որի արդյունքում Ադրբեջանին են հանձնվում Արցախի որոշ տարածքներ, Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը չի իջնում քաղաքական ու հասարակական օրակարգից: Ընդ որում, իշխող «Իմ քայլը» ևս չի հերքում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, սակայն վարչապետի բերանով 6 ամիս ժամանակ խնդրեց՝ ճանապարհային քարտեզ ներկայացնելով: Խոսքը մասնավորապես Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի ու Սահմանադրության փոփոխության մասին է: Խոսակցություններ կան նաև, որ արտահերթ ընտրությունները կարող են լինել ավելի վաղ:
Արտահերթ ընտրությունների իրականցման հարց այսօր կարող է դնել միայն իշխող ուժը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը NewArmenia.am-ին հավաստեց, որ արտահերթ ընտրությունների հարց կուսակցությունը չի քննարկել, քանի որ պատերազմից հետո նիստ չեն ունեցել: «Հաշվի առնելով նաև, որ մեր անդամների զգալի մասը կառավարությունում են և ԱԺ-ում և զբաղված են ամենօրյա աշխատանքներով, պետական առանահերթությունների կատարմամբ՝ գերիների, անհետ կորածների, սահմանային բաժանումների և այլ հարցեր, կուսակցությունում չենք կարողացել որևէ նիստ գումարել»,-ասաց նա:
Հետաքրքվեցինք, թե պատերազմից հետո ՔՊ-ից դուրս գալու դիմումները շա՞տ են: «Ճիշտն ասած, անդամակցության դիմումները գերակշիռ են: Կարծեմ 2-3 դեպք ենք ունեցել կուսակցությունից դուրս գալու, որոնք հիմնականում հանրային են եղել: Անդամակցության դիմումները ավելի շատ են»,-ասաց ՔՊ ներկայացուցիչը:
Չնայած վարչապետի հրաժարականի հարց այսօր կա նաև հասարակական օրակարգում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ գոնե 6 ամսից շուտ դա հնարավոր չէ՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների թեման խմբակցությունում չեն քննարկել. «Ոչ, նման քննարկում իմ մասնակցութամբ չի եղել»: Ուստի նա հնարավոր չի համարում, որ 6 ամսից շուտ արտահերթ ընտրություններ անցկացվեն: «Պիտի անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվեն, որ ընտրություն լինի, անհրաժեշտ մթնոլորտ ձևավորվի, երբ 6 ամիսը կանցնի, կտեսնենք ինչ իրավիճակ է, կվերանայվի մոտեցումը: Կախված է, թե 6 ամիս հետո ինչ իրավիճակում կհայտնվենք»,-նշեց իմքայլականը:
Հարցին, թե իր կարծիքով, չպիտի՞ լինի նման քննարկում, «Իմ քայլի» պատգամավորը պնդեց. «Հնարավոր չէ տեխնիկապես այս պայմաներում նման ընտրությունների կազմակերպում: Բազմաթիվ գործոններ կան, որ ազդում են: Այն մարդիկ, որ խոսում են արտահերթ ընտրությունների մասին, պատկերացում չունեն պետական համակարգի մասին, դա տեխնիկապես հնարավոր չէ: Կբերի պետության կոլապսի: Ինչքան պետք է չսիրես պետությունը, որ նման բան առաջարկես: Էստեղ անձի խնդիր չի, վարչապետի խնդիր չի, պետության խնդիրն է, որի անվտանգությունը պետք է ապահովել: Պետական մտածելակերպ ունեցող անձը կհասկանա, որ այս պահին դա հնարավոր չէ»:
Հետաքրքրվեցինք, թե հնարավոր համարո՞ւմ է, որ միայն վարչապետի փոփոխության հարց դրվի և «Իմ քայլը» այլ թեկնածու առաջադրի և պաշտպանի: «Որ ի՞նչ լինի: Ընդունենք ես փոխվեցի կամ վարչապետը փոխվեց, որ ի՞նչ լինի»,-հակադարձեց Բաղդասարյանը: Հիշեցմանը, թե որոշակի հասարակական և քաղաքական պահանջ կա, պատգամավորը հաց ուղղեց. «Միայն պահանջը բավարա՞ր է: Իմ փոխարեն գա Պողոս Պողոսյանը, հետո ասեն՝ իրեն էլ են դեմ, հետո գա Պետրոս Պետրոսյանը: Միշտ կհայտնվի մի արտախորհրդարանական ուժ, որը դժգոհ կլինի վարչապետից կամ պատգամավորից: Այդ պահանջն անվերջ է: Ուրեմն այս պետությունում ոչ մի վարչապետ կամ պատգամավոր չպետք է աշխատի, որովհետև պահանջը միշտ կլինի: … Եթե պարտվածը նկատի ունեք, այդ դեպքում հակառակը, ինքը պետք է մնա, շարունակի պաշտոնավարել, որ պատասխանատվությունից չխուսափի»:
Այսօր խոսակցություններ կան, որ հնարավոր է որոշակի պառակտում լինի հենց «Իմ քայլում», և այնտեղից խումբ անջատվի: «Դուք նման տենդենց տեսնո՞ւմ եք, քվեարկություններից ու պատգամավորների հայտարարություններից տեսնո՞ւմ եք նման խնդիր»,-հակադարձեց Բղդասարյանը՝ հավելելով. «Դա կեղծ տեղեկատվություն է: Բոլոր կուսակցություններում դժվար ժամանակներում դեպքեր լինում են, որ մի քանի հոգի հեռանում են»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս գտնում է, որ այս պահին ընտրություն կազմակերպելը խնդրահարույց է, որովհետև խնդրահարույց են և միջավայրը և գործիքները, որոնց միջոցով պետք է կազմակերպվեն ընտրությունները, բայց դա չի նշանակում, որ կառավարության ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել:
«Մենք գտնում ենք, որ կառավարության ղեկավարը անհապաղ պետք է հրաժարական տա, «Իմ քայլը» ինչ-որ մի անձի այլ քաղաքական ուժից կամ հենց «Իմ քայլից» ժամանակավոր վարչապետ ընտրի՝ ընտրություններ կազմակերպելու համար, իսկ ընտրություններ անցակցումը պետք է լինի առնվազն 6 ամիս հետո»,-ասաց ԼՀԿ ներկայացուցիչը:
Ո՞ւմ է տեսնում ապագա վարչապետի պաշտոնում, Սիմոնյանը դժվարացավ ասել. «Բոլորի վստահությունը վայելող անձ, պարտադիր չէ քաղաքական: Պետք է բանակցողին փոխենք, որ այս խայտառակ փաստաթղթի անորոշ դրույթները ի վնաս Հայասանի շահի չօգտագործվեն»:
Մարինե Խառատյան
