5 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Փաշինյանի հեղինակությունը գահավիժում է, քանի դեռ նոր ընտրությունների ժամկետը նշված չէ․ Ազատ Արշակյան
Հարցազրույցներ

Փաշինյանի հեղինակությունը գահավիժում է, քանի դեռ նոր ընտրությունների ժամկետը նշված չէ․ Ազատ Արշակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ (ԳԽ) նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Պրն Արշակյան, ինչու՞ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր պաշտոնից։

-Անկախ նրանից ԱԺ ընտրություններ կլինեն, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի աթոռին հրաժեշտ տա։ Օգտագործելով հենց Նիկոլ Փաշինյանի տերմինալոգիան՝ նա այլևս դուխ չունի, նա դուխաթափ եղած է։ Կապիտուլյացիայի այդ պայմանագիրը ստորագրած որևէ անձ իրավունք չունի շարունակելու երկրի ղեկավարի, զորքերի գերագույն հրամանատարի պաշտոնը։ Չափազանց մեծ պատասխանատվություն է ընկել նրա վրա այս երկուսուկես տարվա մեջ, իսկ ընդհանրապես 12 տարվա մեջ։ 12 տարի է` նա քաղաքական, պետական գործիչ է և իհարկե ձախողվել է, իսկ ձախողված մարդը պետք է հեռանա։ Ձախողված մարդը հո չի կարող ինքն իրեն թույլ տալ, որ բոլոր հարցերում ձախողվի։ Մեր երկիրը դեռ պետք է ապրի, մենք դեռ հաղթանակներ պետք է ունենանք։ Նիկոլ Փաշինյանը պարտության ղեկավարն է՝ նա չի կարող հաղթանակներ բերել։ Առաջին պարտությունը դա դատաիրավական բարեփոխումներն էին, Սահմանադրական բարեփոխումները, որոնց ժամկետները երկու անգամ երկարացվել են, ժամկետներում ձախողվել է։

Այս գործընթացների ժամկետների երկարաձգումը չե՞նք կարող կապել կորոնավիրուսի համաճարակի հետ։

-Վատ պարողներին վատ երաժշտությունն է խանգարում կամ մանրատախտակը։ Դատաիրավական բարեփոխումները ենթադրում են վեթինգ կոչվածը, նոր դատարանների ստեղծումը, դատավորների ընտրության ձևը և Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է։ Պետք է Սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենային, և դրանից բխեին մյուս բարեփոխումները, իսկ մենք ձախողել ենք Սահմանադրական բարեփոխումները, Ընտրությունների մասին օրենքը դեռ չի կայացել, չի կայացել Կուսակցությունների մասին օրենքը, տնտեսական բարեփոխումները չեն կայացել, պայքարը կոռուպցիայի դեմ չի կայացել։

ՀՀ նախագահի այս շրջանում հաճախակի այցելություններն ու հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների հետ, վաղաժամկետ ընտրություններին անդրադառնալը խոսու՞մ է այն մասին, որ Արմեն Սարգսյանը նպատակ ունի իր լիազորություններն ընդլայնելու։

-Մեր Սահմանադրությունը խորհրդարանական բռնապետության Սահմանադրություն է։ Հավասարակշռություններ և հակակշիռներ Սահմանադրությունը չի ենթադրում։ Սահմանադրությունում խորհրդարանը միակ ընտրովի մարմինն է, իմպերատիվ մանդատ ունի, մնացած բոլոր պաշտոնյաները՝ վարչապետը, նախագահը, դատավորները բոլորն էլ նշանակովի են։ Իրավական երկրում այդպես չպետք է լիներ։ Օրենսդիր, դատական, գործադիր իշխանությունները պետք է հավասարակշռեն և հակակշռեն։ Սահմանադրության այն հոդվածը, որտեղ արձանագրվում է հակակշիռ բառը, ՀՀ նախորդ սահմանադրություններում դա եղել է, հակակշիռ բառը հանված է, որովհետև Սահմանադրության հեղինակները տեսել են, որ հակակշիռ չկա։ Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում միակ իշխանությունը դա խորհրդարանի իշխանությունն է, և Ազգային ժողովի նախագահը` միակ գլխավոր պաշտոնյան։ Իսկ ԱԺ նախագահը հիվանդության պատճառով քանի որ բացակայում է, հաջորդ պաշտոնյան նախագահն է։ Նախագահը կատարում է իր գործառույթը, նա նաև փորձառու է, վստահելի է, հայրենասեր է, անկուսակցական է, անաչառ է, և նա աշխուժորեն մտել է այդ գործի մեջ՝ դուրս բերել Հայաստանը ճգնաժամից։

Արտահերթ ընտրություններ եթե անցկացվեն, ողջունելի կլինի՞ ներկայիս ընդդիմության՝ նախորդ իշխանությունների վերադարձը։

-Շատ հնարավոր է, որ Փաշինյանը վերընտրվի։ Քանի դեռ նոր ընտրությունների ժամկետը նշված չի, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, գահավիժում է նրա հեղինակությունը։ Շատ հնարավոր է` խորհրդարանն առաջիկայում պառակտվի և չկարողանա  քվորում հավաքել որևէ գործի որևէ քվեարկության համար։ ԱԺ-ն քանի դեռ կառավարելի է, Նիկոլ Փաշինյանը պետք է նախապատրաստի հաջորդ ընտրությունները։ Առաջին հերթին կուսակցությունների մասին նոր օրենքն ընդունվի, որը կազատի Հայաստանի քաղաքական կյանքը օլիգարխիայից և քրեականությունից։ Երկրորդը՝ ընտրությունների մասին նոր օրենքը։ Այս երկուսը ինքը կարող է անել։ Շատ լավ կլինի, եթե հասցնի Սահմանադրական բարեփոխումները կես տարում, ավել պետք չի։ Սահմանադրության նախագծի քվեարկությունն իրականացվի ԱԺ նոր կազմի հետ։ Եթե դրանք անի, իր կուսակցությունն ու ինքը բարձր վարկանիշ կունենան և հաջորդ ընտրություններում ազդեցիկ կլինեն։ Կարող է վարչապետ չլինի, բայց էապես կարող է ազդել գործադիր իշխանության կազմավորման վրա։ Իսկ նախորդ իշխանությունների վերադարձը նշանակում է` երկիրը հետ է գնալու՝ հետընթաց է ապրելու, նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

Անի Գրիգորյան

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Նատա Հարությունյան

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին