
Հայաստանի 16 կուսակցությունները, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներ են, որոշում են կայացրել Հայրենիքի փրկության ազգային շարժում ստեղծելու մասին, և ժամանակավոր վարչապետի նրանց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել՝ այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Որոշ տեղեկություններով՝ ժամանակավոր կառավարության ղեկավարի դերում որպես համերաշխության գործոն Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցով զբաղվում է անձամբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ինչպես նաև «Քոմեդի քլաբի» սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, որոնք տարբեր հանդիպումներ են կազմակերպում ու աշխատում Փաշինյանի դեմ:
Այսօր տեղեկություն տարածվեց, թե ռուսահայ երեք խոշոր գործարարներ՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանն ու Սերգեյ Համբարձումյանը առաջիկայում պահանջելու են Փաշինյանի հրաժարականը՝ ապացուցելու համար, թե Պուտինի հրապարկային աջակցությունը Փաշինյանին «խիստ ձևական է»:
Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում մեկնարկելու է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը և հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ապա կարելի է կռահել, որ այդ ամենը ուղղված է կոնկրետ մարդկանց՝ ՀՀ նախկին իշխանության կոնկրետ ներկայացուցչների դեմ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են երկրի թալանին, որոնք միավորվել են «Հայրենիքի փրկության ազգային շարժումում»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ռուսահայ օրիգարխները «պետք է ականջներին օղ անեն. ՀՀ-ում իշխանության հարց լուծողը ՀՀ քաղաքացին է՝ ազատ, արդար ընտրության ճանապարհով»: Ըստ նրա՝ ՀՀ-ում առայժմ կա օրինական իշխանություն, որը լեգիտիմ է, և իշխանության ու վարկանիշի այնպիսի անկում չկա, որ հայրենիքի փրկության կոմիտեի հարց լինի: «Հայաստանում իշխանության փոփոխության ուղին կարող է լինել միայն Սահմանադրության 2-րդ կետով, որն անփոփոխ է՝ անկախ Սահմանադրությունը կեղծված է, թե չէ: Իշխանափոխության համար կա 2 տարբերակ՝ ընտրություններ և հանրաքվե: Եթե գտնում են, որ իշխանությունը չունի այդքան վարկանիշ, պետք է գնան հանրաքվեի ճանապարհով՝ ժողովուրդը համաձա՞յն է իշխանափոխության, թե՞ չէ»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ստեղծված շարժումը «անցյալի ժառանգությունը փրկելու, անաշխատ եկամուտով ստացված եկամուտները պահելու, ապօրինի գույքի բռնագանձումից և պետական ունեցվածի թալանով քրեական գործերից խուսափելու, թալանը փրկելու խնդիր ունի»:
Մեր հարցին, թե Վազգեն Մանուկյանը կարո՞ղ է փրկել նախկիններին , քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանում հիմա ոչ ոք ոչ ոքի չի կարող փրկել, գործում է միայն ժողովրդի սուվերեն կամքը»:
16 կուսակցությունների վարկանիշը, ըստ քաղաքագետի, այնքան չէ, որ կարողանա վտանգ ներկայացնել, բայց ապակայունացնող գործոն կարող է լինել: «Ինչն այսօր մեզ համար անընդունելի է, որովհետև սահմանագծման, սահմանների ճշգրտման հարց կա, հետո այդ հրադադարի հայտարարությունը խաղաղաության պայմանագիր չէ, հրադադարը կարող է խախտվել: Բանակը վերակազմելու, վերազինելու հարց կա, կա նաև խաղաղապահների հետ հարաբերություններ կառուցելու հարց»,- նշեց Շիրինյանը՝ շարունակելով. «Իշխանությունն այնքան ձգձգեց իրական ռեֆորմները, որ ստացավ հայրենիքի փրկության կոմիտեն որպես իրեն հակադիր ուժ, սակայն սա դետոնատորի դեր է խաղալու իշխանության համար, և կառավարությունը գործի է դնելու խոստումների կատարումը, որով որ հեղափոխություն է արել»:
Մարինե Խառատյան