5 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » «Իմ քայլը» կբողոքարկի՞ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշումը
Գլխավոր Նորություններ

«Իմ քայլը» կբողոքարկի՞ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am –ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Սպասելի՞ էր նման որոշում ՍԴ-ի կողմից, գուցե ներկայացված փաստարկներն այդքա՞ն էլ հիմնավոր չէին։

-Ձեր հարցերին պատասխանել հնարավոր կլիներ, եթե այդ որոշումը տեսած լինեի։ Այդ որոշումն այս պահին բացի ՍԴ դատավորներից և աշխատակազմից, ոչ ոք չի տեսել, որովհետև նախատեսվել է, որ այդ որոշումը եռօրյա ժամկետում պետք է ուղարկվի Ազգային ժողով և ժամկետը դեռևս չի լրացել, ու ԱԺ-ն այն չի ստացել։ Որոշումների հիմնավորվածության մասին մեկնաբանություն հնարավոր է տալ որոշումը ստանալուց և կարդալուց հետո, դրա համար կարծում եմ, որ այս փուլում պետք է զերծ մնալ որևէ մասնագիտական կամ այլ գնահատականներ տալ մի փաստաթղթի, որը չենք կարդացել։

-Որոշման հիմքերին ծանոթանալուց հետո, եթե համակարծիք չլինեք՝ բողոքարկելու՞ եք Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, կա՞ նման ընթացակարգ։

-Որքանով ծանոթ եմ Սահմանադրական դատարանի մասին օրենքի կիրառման նորմերին, պետք է Ազգային ժողովին տրամադրվի եռօրյա ժամկետ, նշված որոշումը բողոքարկելու համար։ Պետք է հաշվի առնել, որ այս կարգի դիմում, այս ընթացակարգով առաջին անգամ է իրականացվում, եթե սա լիներ այլ դիմումների նման, որոնք բազմիցս եղել են և գործնականում երևացել է, թե դատարանն ինչպես է կիրառում նորմերը, ես ավելի ստույգ կասեի։ Իմ կարծիքը այն է, որ եռօրյա ժամկետում բողոքարկելի պետք է լինի այդ որոշումը, և դրա մասին պետք է նշում կատարվի որոշման մեջ, երբ որոշումը կստանանք և կծանոթանանք բովանդակությանը՝ ավելի հստակ կլինի, թե ինչպես է հարցին վերաբերվում Սահմանադրական դատարանը։ Սա մեկնաբանությունից խուսափելու համար չէ, որ ասում եմ, կարծում եմ` բոլոր մեկնաբանությունները, որոնք այս հարցի վերաբերյալ հնչում են, ժամանակավրեպ են, քանի որ մասնագիտական առումով այնքան էլ գրագետ չէ գնահատականներ տալ որոշման, որը չես կարդացել։

-Այնուամենայնիվ, կբողոքարկե՞ք որոշումը, պարո՛ն Գրիգորյան։

-Բողոքարկելու հարցը որոշվում է՝ ելնելով որոշման պատճառաբանությունից։ Երբ մասնագիտական առումով այդ որոշման հետ համաձայն ես, որոշում ես չբողոքարկել, հակառակ դեպքում՝ բողոքարկում ես, այսինքն՝ էլի գալիս ենք նրան, որ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է կարդալ Սահմանադրական դատարանի որոշումը։

Հարցազրույցից հետո Սուրեն Գրիգորյանը մեզ հետ կապ հաստատեց և նշեց, որ իր կողմից կարծես ճշգրիտ չեն ներկայացվել օրենքի կանոնակարգումները՝ բողոքարկման գործընթացի հետ կապված և նշեց, որ իր վերջնական դիրքորոշումը կարտահայտի որոշմանը ծանոթանալուց հետո։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է

Անի Գրիգորյան

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը

Անի Գրիգորյան

ՍԴ-ն 2020-ին տնտեսել է ավելի քան 106 մլն դրամ՝ ուղղելով այն կառավարության պահուստային ֆոնդ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին