3 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին չի ասել, որ պատերազմում մենք ունենք խնդիր». Անի Սամսոնյան
Այլ Լուրեր

«Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին չի ասել, որ պատերազմում մենք ունենք խնդիր». Անի Սամսոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը

-Տիկին Սամսոնյան, գերի ընկածների հարցը նոր զարգացումներ է ստանում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում։

-Այն, ինչ պիտի տեղի ունենար, եթե մենք ճանաչում ենք մեր հակառակորդին, մեր թշնամուն, որի հետ գործ ունենք։ Եթե հիշում եք՝ ես մի քանի անգամ ասել եմ, որ գերիների հարցը Ադրբեջանը մեզ համար սարքելու է գլխացավանք, որովհետև հասկանում է, որ պետությունը, որի համար կարևոր է տարածքը, ոչ թե մարդը, չի կարող արժևորել հակառակորդ պետության քաղաքացուն կամ մարդուն։ Եվ հասկանալով, որ մեզ համար մարդկային այդ կյանքերն մեծ արժեք ունեն, նրանց նկատմամբ վերաբերմունքը մեծ արժեք ունի, ու մենք ամեն օր տարբեր հարթակներում տառապում ենք այդ խնդրով՝ Ադրբեջանն օգտվում է իրավիճակից ու շարունակում է այդ հարցով մեզ ցավացնել։ Եվ ավելին, այն, որ պետք է կատարվեր կոնվենցիայի այն դրույթը, որ ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո կողմերի ռազմագերիները պետք է հայրենադարձվեն, ոչ միայն չի կատարվում, այլև հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է գերիներ տանել Արցախի տարածքից և ըստ էության խորացնելով մեր խնդիրը։

-Հենց դա էի ուզում ասել, մեր տղաներին գերի են վերցնում նույնիսկ հրադադարի հաստատումից հետո, ռուս խաղաղապահների գոյության դաշտում։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են իրենց նպատակին ծառայում խաղաղապահները։

-Այն տարածում, որտեղ վերջին 2-3 օրերին տեղի են ունենում հրաձգությունները՝ Խծաբերդում ու Հին Թաղերում, գիտեք, որ դրանք գտնվել են մեր զորքերի վերահսկողության տակ, ու հրադադարից հետո շարունակել են գտնվել մեր վերահսկողության տակ։ Խաղաղապահներ այնտեղ չեն եղել, ՌԴ-ն այնտեղ չի տարել խաղաղապահներ, և քանի որ այդ հայտարարության առաջին կետում ասում է, որ կողմերը զբաղեցնում են այն դիրքերը, որոնք զբաղեցրել են հրադադարից առաջ, Ադրբեջանը խախտել է այդ կետը, ու ՌԴ-ի արձագանքը չուշացավ, շատ արագ տեղափոխեցին խաղաղապահ ուժեր, բայց դա չի նշանակում, որ այդ գյուղերը մեր վերահսկողության տակ են ու մերն են։ Ինձ թվում է, որ ինքներս մեզ չպետք է խաբենք ու պիտի ասենք, որ այդ գյուղերում կան ռուս խաղաղապահներ, բայց գյուղերը մերը չեն։

-Տիկին Սամսոնյան, բոլոր ընդդիմադիր ուժերն, ըստ էության, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պարոն Փաշինյանին չաջակցել, որպեսզի նա մեր գերիների ու անհետ կորածների հարցով վստահություն ունենա բանակցելիս։

-Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշումն է խանգարում, որ ունենա վստահություն բանակցելու, խնդիրն այն է, թե ում հետ ես բանակցում։ Հաշվի առնելով այն, որ դու գործ ունես Ադրբեջանի հետ, որը տարբեր մեդիահարթակներով ծաղրում է քեզ՝ որպես երկրի ղեկավար, նվաստացնում է ու չի ուզում քեզ հետ խոսել, նշանակում է, որ դու խնդիր ունես հենց նրա հետ, ում հետ պիտի նստես բանակցելու։ Այսինքն, այստեղ հայ հանրությունը որևէ մեղավորություն չունի։ Հայ հանրությունը մեղավոր չէ, որ 2,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Ալիևի մասին ասում էր, որ նա կառուցողական է ու կիրթ, իսկ հիմա պարզվում է, որ այդպիսին չէ, ու փաստորեն նա ցանկություն չունի բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Մոսկվայի միջոցով որևէ հարց լուծելը բավականին ժամանակատար է։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ի վերջո ո՞վ է մեղավորը ստեղծված իրավիճակի համար, պատասխանել է այսպես՝ ես ինձ համարում եմ թիվ 1 պատասխանատուն, բայց թիվ 1 մեղավորը չեմ։ Սա ի՞նչ է նշանակում, ըստ Ձեզ։

-Բառախաղ է ասել, որ թիվ 1 պատասխանատուն եմ և թիվ 1 մեղավորը չեմ։ Որովհետև եթե դու թիվ 1 պատասխանատուն ես ու կարծում ես, որ քո սխալ որոշումների, քո անվճռականության, դիվանագիտությունից, բանակից, ռազմական գործից չհասկանալու հետևանքով հասել ես այսպիսի վիճակի, և դա թանկ է նստել պետության, հանրության ու այն տարածքի վրա, որը մեր անվտանգության երաշխավորն էր,-մենք ասում էինք, թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց մենք այսօր զգում ենք, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը,-հետևաբար այդ ամենում դրված է քո մեղավորությունը։ Դա բառախաղ է՝ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, իսկ մեղավորությունը բաշխել բոլորին։

-Իսկ եթե նա նկատի ունի, թե պատերազմի առաջին օրը խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչներին ներկայացրել է իրավիճակը, և նրանք չեն փորձել ոգևորել վարչապետին, որպեսզի կանգնեցնի պատերա՞զմը․․․

-Նիկոլ Փաշինյանը խորհրդարանականներին չի ներկայացրել որևէ իրավիճակ, այլ եկել է խորհրդարան ռազմական դրությունը հայտարարած և պատերազմելու նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ տեսած։ Սա նշանակում է, որ որևէ խորհրդակցություն չի եղել, և որևէ փակ նիստում խորհրդարանին չի ասել, թե պատերազմում ունենք խնդիր, որ մենք չենք կարող երկար պատերազմել ու պետք է միջոցներ գտնենք պատերազմը կանգնեցնելու համար․․․

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրն ու հայ- ամերիկյան համագործակցության օրակարգը

Նատա Հարությունյան

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում

Նատա Հարությունյան

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանին. խորհրդակցությունները կշարունակվեն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին