10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136121.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Խծաբերդի և Հին Թաղերի ոդիսականը․ ո՞վ է պատասխանատու
Վերլուծական

Խծաբերդի և Հին Թաղերի ոդիսականը․ ո՞վ է պատասխանատու

հետևեք մեզ նաև Telegram-ում

Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցուցադրեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի իրական պատկերը։ Մասնավորապես, ակնհայտ դարձավ, որ պատերազմից հետո Հայաստանն ի վիճակի չէ լուծել քիչ թե շատ տարրական խնդիր՝ կապված հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների պաշտպանության, բնակչության անվտանգության հետ։

Մնացել է միայն լեզուն՝ ջախջախված և իրենց մասնագիտական անկարողությունը աշխարհին ի ցույց դրած դիվանագետների հոխորտանքը, աշխարհից նեղացած կեցվածքն ու իշխանության ռազմատենչ հայտարարությունները։ Հողի վրա նման կեցվածքը հիմնավորելու որևէ կարողություն, հնարավորություն չկա, և դրա պատճառը ոչ միայն տարածքային կորուստներն են, այլև մարդկային խեղված ճակատագրերը՝ պետությունը չի կարողանում պաշտպանել իր շահերի պաշտպանության համար զինվորագրված մեր քաղաքացիներին։ Ոչ միայն չի կարող պաշտպանել, այլև ի վիճակի չէ հասկանալ, թե ո՞րտեղ են մեր քաղաքացիները, ի՞նչ վիճակում են, ի վիճակի չեն բանակցել՝ սեփական քաղաքացիներին ենթադրվող գերությունից ազատելու համար։

Հարգելի՛ իշխանություններ, եթե դուք չեք կարող որևէ գործողություն անել ի պաշտպանություն մեր քաղաքացիների, էլ չենք ասում հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքների, ապա ո՞րն է պատճառը, որ այդ մարդիկ մնացին Խծաբերդում և Հին Թաղերում։ Եթե չկա կապ նրանց հետ (այդ մասին հայտարարեց վարչապետը Ազատությանը տված հարցազրույցում), եթե չկան ուժեր, որոնք կպաշտպանեին մի քանի տասնյակից բաղկացած մեր կամավորներին, ի՞նչու չի եղել հրաման նրանց՝ այդ տարածքներից դուրս գալու վերաբերյալ։

Դեկտեմբերի սկզբից Ադրբեջանը հասկացնել էր տվել իր ցանկությունը վերահսկողության տակ առնել այդ երկու գյուղերը։ Մինչև դեկտեմբերի 13-ը ռուս խաղաղապահներն էլ չէին ներառել Խծաբերդն ու Հին Թաղերը իրենց քարտեզներում, հետևաբար՝ չէին իրականացնում խաղաղապահ գործողություն։ Ավելին, դեկտեմբերի 14-ին այդ խաղաղապահների քարտեզում կրկին Հադրութի շրջանի այդ գյուղերը չկային։ Սրանք հստակ ցուցիչներ են, որ այդ տարածքներում մնացած (կամ՝ ԶՈՒ կողմից տեղակայված) մեր զինվորները անպաշտպան են։ Հարց է առաջանում՝ ինչու՞ ՀՀ պատկան մարմինները չեն տեղահանել այդ մարդկանց, ո՞վ է պատասխանատու նրանց՝ անպաշտպան մնալու և առանց դիմադրության գերության մեջ հայտնվելու մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանեն իշխանությունները, Գլխավոր Շտաբը։

Ամենուր մենք հանդիպում ենք Զինված ուժերի անկարողությունը հավաստող գործողությունների, զուգահեռ կարդում ձախողված դիվանագետների կոշտ հայտարարություններ։ Եթե այդ հայտարարությունները չեն հիմնվում պետության ուժի, կարողությունների վրա, դրանք դառնում են դատարկ խոսքեր, որոնք չունեն որևէ վստահելիություն։ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ շարժվում է իրավիճակի կայունացման, լարվածության թոթափման, տարածաշրջանային համագործակցության ճանապարհների որոնման ուղղությամբ, թե շարունակելու է ոչինչով չհիմնավորված պահանջներն ու հոխորտանքները։ Նման չհիմնավորված հայտարարությունների զոհն են դառնում մեր զինվորները, որոնք մնացել են անպաշտպան քաղաքական և ռազմական առումով։

Անահիտ Փանոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին