5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Շատ հայ մասնագետներ վախենում են հնարավորություն տալ պատանիներին. Էդգար Մանուչարյան
Սպորտ

Շատ հայ մասնագետներ վախենում են հնարավորություն տալ պատանիներին. Էդգար Մանուչարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարզական 2020-ը ոչ լիարժեք լինելով հանդերձ նաև վերջինն էր հայկական ֆուտբոլի գուցե ամենատաղանդավոր ֆուտբոլիստների մեկի` Էդգար Մանուչարյանի համար, որն ավարտեց կարիերան` հեռանալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանուչարյանը խոսեց որպես մարզիչ իր մեկնարկի, երիտասարդ հայ ֆուտբոլիստների հեռանկարի և Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու ելույթների մասին:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել եք հետաքրքրվել մարզչական աշխատանքով: Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ում վերջին շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին:

-Վերջին շրջանում ամբողջ թիմով շատ մեծ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ և՛ հոգեբանական, և՛ տակտիկական առումով: Արդյունքը պատահական չէ, քանի որ մենք Առաջին խմբում գտնվում ենք առաջին հորիզոնականում: Բացի այդ, Բարձրագույն խմբի մի շարք թիմերի դեմ խաղում ենք հավասարը հավասարի դեմ: Մեզ համար շատ կարևոր է խաղալ ավելի բարձրակարգ թիմերի դեմ, քանի որ ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են երիտասարդական հավաքականի խաղացողները, որոնք հետագայում մրցելու են տարբեր հավաքականների հետ: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ֆուտբոլն ապագա ունի: Բոլորս պետք է մեր շահերը մի կողմ թողնենք և աշխատենք հայկական ֆուտբոլն ուժեղացնելու համար, որպեսզի 5-10 տարի անց կարողանանք խաղալ թոփ ընտրանիների դեմ:

Դյուրի՞ն է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ:

-Ֆուտբոլում հեշտ բան չկա: Երբ ես ֆուտբոլիստ էի, չէի պատկերացնում՝ որքան դժվար է մարզչի աշխատանքը: Հիմա դա հասկանում եմ: Շատ բարդ է ամբողջ համակարգը՝ սկսած մարզումային ծրագրերից մինչև հոգեբանություն: 3-4 ամիսը շատ կարճ ժամանակ է՝ ամեն ինչ հասկանալու համար: Փետրվարին լինելու են մարզչական դասընթացներ, որոնց անպայման կմասնակցեմ:

Վերջին շրջանում ազգային հավաքականում ակտուալ է սերնդափոխության թեման: Ո՞ր ֆուտբոլիստներին խորհուրդ կտաք հրավիրել ազգային հավաքական՝ հաշվի առնելով, որ աշխատում եք երիտասարդների հետ:

-Չեմ ցանկանում խառնվել ուրիշի գործերին:Հայաստանի հավաքականի մարզիչը բոլորից լավ գիտի՝ ում հրավիրել, ում՝ ոչ: Ուրախալի է, որ Խոակին Կապառոսը հնարավորություն է տալիս երիտասարդ խաղացողներին՝ հանձին Վահան Բիչախչյանի: Շատ հայ մասնագետներ վախենում են հնարավորություն տալ պատանիներին: Եթե խաղացողը պատրաստ է, ապա տարիքը կապ չունի: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր թիմը նույնպես ներկայացուցիչներ կունենա Հայաստանի հավաքականում:

Ինչպե՞ս կբնութագրեք Ռաֆայել Նազարյանի հետ աշխատանքը:

-Դա ինձ համար անգնահատելի փորձ է: Միշտ ասել եմ, որ նա Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Շատ բաներ եմ սովորում նրանից: Նա ամեն ինչ շատ սիրով բացատրում է մեզ: Նրա հետ և՛ ընկերական, և՛ աշխատանքային լավ հարաբերությունների մեջ եմ:

Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք Հայաստանի հավաքականի ելույթներից Ազգերի լիգայում:

-Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, որի պատճառով առաջատար ֆուտբոլիստները չկարողացան մասնակցել վերջին խաղին, ինչպես նաև պատերազմը՝ մեր հավաքականը գերազանց ելույթ ունեցավ: Մեզ ավելի շատ անհրաժեշտ էր արդյունքը, քան խաղը: Կան հանդիպումներ, որոնցում պետք է ուշադրություն դարձնել միայն արդյունքին:

Վահան Բիչախչյանը և Էրիկ Վարդանյանը համարվում են հայկական ֆուտբոլի ներկայիս ամենահեռանկարային խաղացողները: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

-Ե՛վ Էրիկը, և՛ Վահանը շատ տաղանդավոր են: Հասցրել եմ խաղալ Էրիկի հետ և կարող եմ ասել, որ նա շատ լավ որակներ ունի: Ցավոք սրտի, նրան հետապնդում են վնասվածքները: Առանց վնասվածքների նա կդառնա մեծ ֆուտբոլիստ: Նրանք պետք է նվիրվեն ֆուտբոլին, քանի որ ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է: Ես հավատում եմ նրանց: Մնացածը կախված է խաղացողներից:

Հայաստանի առաջնությունում շատ է խոսվում լեգեոներների լիմիտի մասին, հնչում են բազմաթիվ տարբերակներ: Ինչպիսի՞ն է ձեր տարբերակը:

-Դեմ եմ մեծ թվով լեգեոներներին: Ցանկացած առաջնությունում էլ պետք է լինեն արտասահմանցի խաղացողներ, սակայն 3 կամ 4-ից ոչ ավելի, որ մեր երիտասարդներն էլ հնարավորություն ստանան: Նրանցից նույնպես շատ բան կա սովորելու: Սակայն մեկ թիմում 10 արտասահմանցիների դեպքում մեր ֆուտբոլիստները չեն զարգանում: Դաշտում պետք է լինեն 2 կամ 3 լեգեոներներ, բայց ոչ դարպասապահներ:

Վերջին շրջանում սկսել եք հարցազրույցների շարք: Ինչպե՞ս առաջացավ հաղորդում ունենալու գաղափարը:

-Գաղափարն իմը չէր: Իմ ընկերներից մեկն ինձ առաջարկեց, քանի որ ցանկանում էի ինչ-որ բանով օգնել մեր ֆուտբոլին: Երբեք PR-ի կարիք չեմ ունեցել: Հաղորդման շրջանակներում ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, խոսելու ենք տարբեր թեմաներից՝ և՛ պատանեկան հավաքականներից, և՛ թիմերից, և՛ ընդհանուր ֆուտբոլից: Ներկայումս մեր ֆուտբոլին պակասում են այսպիսի հաղորդումները: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես այն կընդունվի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին