1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136342.4 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Գործող իշխանության համար էլ արտահերթ ընտրություններն օգտակար կլինեին․ Նարեկ Սարգսյան
Այլ Լուրեր

Գործող իշխանության համար էլ արտահերթ ընտրություններն օգտակար կլինեին․ Նարեկ Սարգսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ՀԱԿ կուսակցության ակտիվիստ Նարեկ Սարգսյանը:

-Մենք պարտվեցինք այս պատերազմը, և հիմա գլխավոր հարցը սա է՝ գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև սա այլևս նախկին Հայաստանը չէ՞, թե այնուամենայնիվ փորձել հասկանալ պատճառները, վերլուծել և ամեն ինչ շարունակել Նիկոլ Փաշինյանի հետ։

-Ներկայումս ճգնաժամ կա, որը պայմանավորված է այս պատերազմում կրած անհաջողությամբ։ Ցանկացած պատերազմում թե հաջողության, թե անհաջողության պատասխանատուն իշխանությունն է, հաջողության պտուղներն էլ իշխանությունը վայելում է ռեյտինգի միջոցով։ Ներկա իշխանությունը 2018-ին հսկայական ռեյտինգով եկավ իշխանության, և այս ԱԺ-ն ներկայացնում է այդ պահի դրությամբ ժողովրդի կամարտահայտությունը։ Ժողովրդավարական երկրներում, սովորաբար ինչ էլ պատահի տված մանդատի ընթացքում, նպատակահարմար է, որ գործող իշխանությունն ավարտի մանդատը, նույնիսկ եթե այդ իշխանությունը լավ իշխանություն չէ։

-Ձեր ասածն ավելի չի՞ սազում կառավարման նախագահական մոդելին։ Որովհետև խորհրդարանականի դեպքում հեշտ է որոշել, որ դուք այլևս նախկինը չեք։

-Տարբերություն չկա։ Տեսեք, այս սկզբունքը կախված չէ կառավարման մոդելի ձևից։ Կա իշխանություն, որն ընտրվել է 2018-ին և ունի 5 տարվա մանդատ։ Ինչ էլ տեղի ունենա, այդ իշխանությունը սովորաբար ավարտում է իր մանդատը, նույնիսկ եթե լավը չէ։ Էդ 5 տարվա սահմանափակումն ինչի՞ համար է, կարող էր լինել 10 տարվա։ Երկիր կա, Ֆրանսիան, օրինակ, 7 տարվա նախագահական ցիկլ էր, դարձրեցին 5, ԱՄՆ-ում 4 տարի է, բայց մոտավորապես 4-ից 7 տարի։ Այդ ցիկլը նրա համար է, որ եթե պարզեցին, որ այդ իշխանությունը լավը չէ, կարողանա ավարտել իր մանդատը և ժողովրդավարական օրացույցը նորմալ աշխատի, բայց երկիրը մեծ կորուստներ չկրի։ Պատերազմի պարտությունը այն բացառիկ դեպքերից է, երբ ցանկալի է, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Ինչու՞։ Որովհետև կա մեծ ներքին լարվածություն, հասարակության մի հսկայական շերտ ոչ առանց հիմքի մեղադրում է գործող իշխանություններին, և արտահերթ ընտրությունները կարող էին լինել այն բուժիչ դեղը, որ հասարակության լարվածությունը կնվազեցնեին։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք հիմա արտաքին աշխարհում շատ դժվարին դրության մեջ ենք, և ամենավատ բանը որ կարող է լինել, ներքին խժդժություններն են։ Արտահերթ ընտրությունները ցանկալի կլինեին, դա չի նշանակում, որ գործող իշխանությունը դադարի քաղաքականությամբ զբաղվել։ Գործող իշխանության համար էլ արտահերթ ընտրություններն օգտակար կլինեին, ու գուցե պարզվեր, որ նա չունի 80 տոկոսանոց լեգիտիմություն, բայց ավելի ցածր ու զգալի լեգիտիմություն է։ Ու միգուցե հաջորդ իշխանությունն արտահերթի միջոցով լինի կոալիցիոն։

-Փաշինյանն ինչու՞ է դիմադրում։

-Դա պիտի իրենից հարցնել, ես չգիտեմ։ Ես նույնիսկ չգիտեմ՝ դիմադրում է, թե՝ ոչ։ Որովհետև շատ կարճ ժամանակ է անցել պայմանագրից։ Հիմա նույնիսկ եթե գործող վարչապետը հայտարարեր, որ պիտի լինեն արտահերթ ընտրություններ, դա չէր լինելու վաղը կամ մյուս օրը։ Դա լինելու էր մոտավորապես 6 ամիս հետ։ Ներկա վիճակում գործող իշխանությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները։ Երբ երկիրը, այն էլ մեր նման փոքրիկ երկիրը, ինքնուրույնության պակաս ունեցող երկիրը, պատերազմում պարտված երկիրը ներքին խժդժությունների զոհ դառնա, կարող ենք շատ մեծ կորուստներ ունենալ։

-Այս պատերազմն ի՞նչ ցույց տվեց, որտե՞ղ սխալվեցինք։

-Ես այդ մենքը չեմ հասկանում, սխալվել է իշխանությունը։ Ես ու դուք կարող ենք շատ բան ասել, կարող ենք սխալվել, կարող ենք վրիպել, մենք չենք տիրապետում ռազմական գաղտնիքներին, Գլխավոր շտաբի պետը մեզ չի զեկուցում, Ռուսաստանի նախագահը մեզ չի զանգում, պետությունն ունի վարչապետ, ղեկավարություն, որը զբաղվում է պետական գործերով։ Մենք կարող ենք սխալվել, դրա համար էլ կա ժողովուրդ, ժողովուրդն ունի իշխանություն։ Ժողովուրդն ընտրում է իշխանություն, իշխանությունը որոշումներ է կայացնում, սխալը եղել է իշխանության կողմից և սխալը եղել է սեփական ուժերը ճիշտ չգնահատելու և իրականությունից կտրվելու մեջ։ Սա դիվանագիտական սխալ է եղել։ Ռազմական առումով պատերազմը մեկ օր չի տևել, տևել է 44 օր։ Եվ մեր բանակը, 20 տարի թերսնված ու թերհագեցած զինամթերքով բանակը 44 օր դիմադրել է իրենից տեխնոլոգիապես գերազանցող թշնամուն։ հետևաբար եթե կա սխալ, իսկ սխալը կա, դիվանագիտական ձախողումների հետևանք է։

-Այսինքն, դիվանագիտական ձախողումներն անխուսափելի դարձրեցին պատերա՞զմը։

-Եկեք կոնկրետ խոսենք, կարդում եմ Առաջին Հանրապետության պատմությունը։ Ինչի՞ց էին մեր տարածքային կորուստները, արդյո՞ք հնարավոր էր խուսափել այդ կորուստներից, որոնք անհամեմատելի էին այսօրվա կորուստների հետ։ Չլինեին այդ կորուստները, ոչ Ղարաբաղի հարց կլիներ, ոչ էլ հայ-պարսկական երկաթուղու խնդիր կլիներ։ Ես հիմա մտածում եմ, միգուցե մենք 1918-ին ունենայինք լուրջ դիվանագետներ, որոնք կարող էին Աթաթուրքի հետ բանակցել, չգիտեմ, ռուսների, թուրքերի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնել, ոչ թե Սևրի հեքիաթներով տոգորվել, և մենք էդ կորուստները չէինք ունենա։ Գիտե՞ք ցավը որն է։ Որ ես մեկ մտածում եմ ու ասում եմ՝ մեզ պետք էր ուժեղ դիվանագիտություն, հետո երբ մի քիչ ավելի երկար եմ մտածում, ասում եմ՝ նույնիսկ ուժեղ դիվանագիտության կարիք չկար, նույնիսկ թույլ դիվանագիտությամբ կարելի էր էդ հարցերը լուծել, կորուստներից խուսափել, եթե չլիներ խայտառակ ձախողում իրականությունից կտրվելու տեսքով, այսինքն, պետք էր իրականությունից չկտրվել, նույնիսկ վատ դիվանագիտությունը կարող էր օգնել կորուստներ չունենալ։

Մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Նարեկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը

Նատա Հարությունյան

Մեկնարկել է Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը

Նատա Հարությունյան

Ոչ մի կերպ թույլ չտալ հեղաշրջում, իշխանություններին սատարել, որպեսզի ապահովվի սահմանադրական կարգը. Նարեկ Սարգսյանի գրառումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին