2020թ․ արցախյան պատերազմի հրադադարի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակեց Արցախի դեմ ռազմական գործողությունները։ Հրադադարի պահանջը խախտած ադրբեջանական կողմն օրերս գրավեց նաև Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր համայնքները, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսեց Շուշիի՝ Հին Շեն և Մեծ Շեն համայնքների ուղղությամբ։
«Մենք միաժամանակ ունեցանք՝ Հադրութի շրջանում Խծաբերդի ու Հին Թաղերի, հաջորդ օրվանից նաև Շուշիի շրջանում` Հին Շեն և Մեծ Շեն համայնքների խնդիրները։ Խծաբերդն ու Հին Թաղերը մնացին ադրբեջանցիներին, իսկ Հին Շեն և Մեծ Շեն համայնքները վերականգնվեցին՝ ռուս խաղաղապահների օգնությամբ դուրս բերվեցին ադրբեջանցիներն, ու այնտեղի բնակիչները շարունակում են ապրել։ Բոլորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս եղավ , որ մի շրջանում վերականգնվեցին համայնքները, իսկ մյուս կողմի համայնքներն անցան Ադրբեջանի ենթակայության տակ»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ, «Արդարություն» կուսակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ երբ եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս վարչապետի քարտեզ գծեցին, ըստ որի՝ պետք է խաղաղապահները հսկեին Արցախի սահմաններն ու տարածքը, Խծաբերդն ու Հին թաղերը ՀՀ վարչապետը չներառեց հայկական քարտեզի մեջ, ինչի արդյունքում էլ թշնամին եկավ և պահանջեց իր տարածքը․ «Իսկ Հին Շեն և Մեծ Շեն համայնքները հայկական քարտեզի մեջ են ներառված եղել, այդ պատճառով էլ ռուս խաղաղապահները կարողացան ադրբեջանցիներին դուրս բերել համայնքներից»։
Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը չեն ներառվել հայկական քարտեզի մեջ, որպեսզի Հադրութն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին։
Նարա Մարտիրոսյան
