5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Համալսարանում միանշանակ չի ողջունվել գործադուլին մասնակցելու ակցիան. ԵՊՀ դասախոս
Գլխավոր Նորություններ

Համալսարանում միանշանակ չի ողջունվել գործադուլին մասնակցելու ակցիան. ԵՊՀ դասախոս

հետևեք մեզ նաև Telegram-ում

17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից ձևավորած Հայրենիքի փրկության շարժումը կոչ էր արել քաղաքացիներին գործադուլ և դասադուլ անել այսօր՝ դեկտեմբերի 22-ին։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով` ներկայիս կառավարության քայլերը չեն բխում ժողովրդի շահերից։

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի պետական համալսարանը իր կայքում հայտարարություն տարածեց, որ համալսարանի մի շարք ֆակուլտետներմիանում են համազգային անհնազանդության միջոցառումներին:

NewArmenia.am-ը կապ է հաստատել Երևանի պետական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսներից մի քանիսի հետ։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Էռնեստ Նազարյանը մեզ հետ զրույցում  ընդգծեց, որ բնագիտական ֆակուլտետները՝ բացի Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետից, չեն մասնակցում գործադուլին․ «Համալսարանում միանշանակ չի ողջունվել գործադուլին մասնակցելու ակցիան։ Իսկ ինչ վերաբերում է դասադուլին՝ դասերը հեռավար են ընթանում, և ուսանողների հետ չկա անմիջական շփում նրանց մտադրությունն այդ հարցում հասկանալու համար»։

Թեև համալսարանի կայքում հրապարակված ֆակուլտետների մեջ նշված էր, որ գործադուլին միացել է  նաև Արևելագիտության ֆակուլտետը, այնուամենայնիվ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Սոնա Տոնիկյանը նշեց, որ մամուլից է իմացել, որ Արևելագիտության ֆակուլտետը միանում է գործադուլին, իսկ միանալն էլ շատ հարաբերական է․ «Համալսարանի կայքում տարածվել էր, որ գործադուլին միացել են որոշ ֆակուլտետներ, բայց այդ միանալն էլ է շատ հարաբերական, որովհետև մեկ օրվա ակցիա է։ Հաշվի առնելով այն հանագմանքը, որ հիմա դասեր չկան՝ դասադուլ անելն ըստ էության հնարավոր չէ։ Հիմա միջանկյալ քննություններ են, որքան տեղյակ եմ, ուսանողները չունեն մտադրություն դասադուլ անելու»։ 

Նույն ֆակուլտետի մեկ այլ դասախոս էլ շեշտեց, որ ինքն էլ չի միացել գործադուլին և հավելեց. «Դաս չկա, գործադուլ չենք կարող անել»։

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսներից Լուսինե Աղաբեկյանի խոսքով` ուսանողները չեն միանում դասադուլին, որովհետև քննությունների են պատրաստվում, ինքն էլ գործադուլին չի մասնակցում, որպեսզի ուսանողները դաս չկորցնեն։

ԵՊԲՀ-ի դասախոսներ Մերի Հարությունովնան և Սոնա Գևորգյանն ասացին, որ հեռավար են դասերը, իսկ իրենք էլ այսօր դաս չունեն դասացուցակով և գործադուլին չեն մասնակցում։

«Ի՞նչ գործադուլ, ես աշխատանքի եմ, ինձ մոտ հիմա հեռավար դասընթացներ են ընթանում»,-մեր հարցին՝ արդյոք մասնակցում է գործադուլին, այսպես պատասխանեց ԵՊԲՀ դասախոս Մարգարիտա Էդուարդովնան։

Ն. Մ.

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին