10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135766.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Երբ կհաշտվեն ընդդիմությունն ու իշխանությունը
Այլ Լուրեր

Երբ կհաշտվեն ընդդիմությունն ու իշխանությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դինաստիական հակամարտությունները միջնադարի կամ էլ ավատատիրական հասարակարգի ամենահետաքրքիր դրսևորումներից են։ Կարելի է ասել, որ հասարակարգը ձևավորվել, զարգացել և փլուզվել է նաև հենց այդ դիմակայությունների համատեքստում։

Խնդրո առարկայում կենտրոնական դեր էին զբաղեցնում գահաժառանգության իրավունքը, վասալական կախվածության հիման վրա գործող իրավահամակարգը, սյուզերենի և վասալների փոխհարաբերությունները, արքայական դոմենի ընդլայնման և միավորման, ինչպես նաև ավատատերերի կենտրոնախույս և ինքնիշխանությունը պահպանելու միտումները։ Իհարկե՝ Միջնադարյան Եվրոպայում համանման դիմակայությունները մշտական և չընդհատվող դրսևորումներ էին։ Օրինակ՝  կարող ենք մատնանշել Կապետինգների և Պլանտագենետների, Հոհենշտաուֆենների և Վելֆերի հարյուրամյակներ տևող հայտնի դիմակայությունները, որոնց համատեքստում ինչ-որ իմաստով նաև ձևավորվել է Եվրոպական աշխարհամասը։ Բնականաբար վերոհիշյալ գործընթացները ներհատուկ են եղել նաև հայկական միջավայրին, որը նույնպես ներքաշված է եղել դինաստիական համակամարտությունների հորձանուտի մեջ։ Թերևս ամենահայտնի օրինակները երկուսն են՝ Բագրատունիների և Արծրունիների, Ռուբինյանների և Լամբրոնի Հեթումյաննների դիմակայության պատմությունները։ Հայտնի փաստ է, որ առաջին դիմակայությունը կործանարար հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Եթե եվրոպական հողի վրա տեղի ունեցող հակամարտությունները ինչ-որ իմաստով կարող են որպես զարգացման խթան դիտարկվել, ապա բուն Հայաստանում Արծրունիների և Բագրատուների պայքարը Հայկական պետականությանը հասցրեց մինչև ինքնասպանության։ Իմ համոզմամբ՝ Անի թագավորությունը չի կործանվել, այն ի վերջո ինքնաոչնչացվել է, իհարկե՝ արտաքին և ներքին ուժերի դրդմամբ։ Չխորանալով առանձին մանրամասների մեջ՝ նշենք, որ Բագրատունիների և Արծրունիների դիմակայությունը խորհրդանշական զուգադիպությամբ ավարտվեց հենց այն ժամանակ, երբ Հայկական երկու խոշորագույն թագավորությունները՝ Անին և Վասպուրականը, այլևս գոյություն չունեին, իսկ արքայատոհմերն էլ հայտնվել էին բյուզանդական աքսորում՝ Կապադովկիայում։

Հետաքրքիրն այն է, որ երբեմնի անհաշտ մրցակիցներն ու անզիջում հակառակորդները աքսորում հանդես էին գալիս որպես խաղաղ հարևաններ և դաշնակիցներ։ Ժամանակագիրներն այդ շրջանում Բագրատունիների և Արծրունիների միջև որևէ դիմակայություն կամ էլ կոնֆլիկտ չեն արձանագրել, ընդհակառակը՝ նրանք համատեղ ուժերով դիմակայում էին բյուզական իշխանությունների ճնշումներին և կալվածքների վրա հարձակումների դեպքում օգնում մեկը մյուսին։ Օրինակ 1071 թ․ Ալփ Արսլան սուլթանի դեմ արշավանքի մեկնելիս Սեբաստիայում Ռոմանոս Դիոգոնես կայսրը սպառնում էր դաժան դատաստան տեսնել Արծրունիների նկատմամբ։ Միայն Գագիկ 2-րդ Բագրատունու միջամտությունից հետո կայսրը հրաժարվեց իր այդ վտանգավոր ձեռնարկից, քանի որ վախենում էր հայ իշխանների և բնակչության ապստամբությունից։ Մյուս ամենահայտնի օրինակը Արծրունի իշխաններ Ատոմի և Աբուսահլի մասնակցությունն է Կիզիստրա ամրոցի պաշարմանը, քանի որ հույն իշխանները գերեվարել և այդ ամրոցում էին բանտարկել Գագիկ 2-ին։

Վերջինս ի վերջո դաժանորեն սպանվում է։ Արքայի վրեժը հետագայում լուծում է Կիլիկիայի Թորոս 1-ին իշխանը, որը գրավում է Կիզիստրան և նույն ճակատագրին արժանացնում հույն Մանդալեի որդիներին։ Ի դեպ, նույնիսկ հայկական պետության չգոյության պայմաններում Մատթեոս Ուռհայեցին վկայում է, որ Գագիկ արքայի սպանությունը ցնցել է տարածաշրջանի հայ իշխաններին ու բնակչությանը, ինչպես Ասորիքում և Կիլիկիայում, այնպես էլ Կապադովկիայում և Փոքր Ասիայի այլ երկրամասերում։ Հայ գրեթե բոլոր իշխանները լցված են եղել վրեժով և ցանկացել են ամեն կերպ պատժել հույն իշխաններին։

Արծրունիները առավել ևս, որոնք, ինչպես տեսանք, մասնակցում էին Կիզիտրայի պաշարմանը, որն ավարտվեց անհաջողությամբ։ Իհարկե, սա ուշագրավ երևույթ է և արժանի առանձին ուսումնասիրության, թե ինչպես էին հայ իշխանները ոչնչացնում իրար բուն Հայաստանում, իսկ աքսորում հանդես գալիս միասնության և դաշնակցային փոխհարաբերությունների դիրքերից։

Ինձ թվում է՝ Բագրատունիների և Արծրունիների դիմակայությունն ու հաշտությունն արդեն իսկ մեր քաղաքական մշակույթի անբաժանելի խառնվածքն է, քանի որ տպավորությունն այնպիսին է, թե արդի Հայաստանում հանուն իշխանության անզիջում պայքարի ելած ընդդիմությունն ու իշխանությունը նույնպես պատրաստվում են ապագայում հաշտվել, բայց՝ նորից աքսորում, օտարության մեջ, երբ Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։

Կարպիս Փաշոյան

Նմանատիպ Հոդվածներ

Գիքորը` պետության և կալվածքի երկընտրանքի առջև

Սերինե

Հեղափոխության երկրորդ ալիքը․ Ուժեղ ձեռք

Սերինե

Միքայել Մինասյան․ վտարանդի արքայազնը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին