2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Զինված հեղաշրջումն ամենավերջին հարվածը կհասցնի Հայաստանին․ իրավապաշտպան
Այլ Լուրեր

Զինված հեղաշրջումն ամենավերջին հարվածը կհասցնի Հայաստանին․ իրավապաշտպան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հանուն հայրենիքի փրկության» շարժման այսօրվա ակցիան տապալվեց: Շարժումը նպատակ ուներ  շրջափակելու կառավարության շենքի մուտքերը, որպեսզի կառավարության նիստը չկայանա:

Կառավարության նիստը ոչ միայն կայացավ վարչապետի և նախարարների մասնակցությամբ, այլև նրանք ոստիկանների ուղեկցությամբ ներս ու դուրս արեցին: Ճիշտ է՝ ցուցարարները վարչապետի մեքենան ճանապարհեցին ձնագնդիների հարվածներով, սակայն դա ակցիայի բուն նպատակին չծառայեց:

Միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որն ինքը բավական ուշ միացավ ակցիային, հայտարարեց, թե՝ եթե 100 հազար մարդ լիներ այնտեղ, հարցն արդեն լուծված կլիներ: Շարժման ներկայացուցիչներից Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ ասաց, թե չգիտի՝ ինչու քաղաքացիներն իրենց չեն միանում:

Ակցիայի փաստացի տապալումից հետո հանրահավաքի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, թե պետք է գնալ ռազմական հեղաշրջման, ինչը երկրում սահմանադրական կարգի տապալման կոչ է:

Այդ առթիվ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ընդդիմադիր ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չդատապարտեց իրենց համախոհի կոչը: «Ռազմական հեղաշրջում անում են զինվորականները, շարժումն ինչպե՞ս կարող է կազմակերպել ռազմական հեղաշրջում, դա զինվորականների գործն է»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Այլ երկրներում երբ որ զինվորականությունը տեսնում է, որ պատերազմը տանուլ են տալիս, և մեղավորը երկրի ղեկավարությունն է, փորձում է զինված հեղաշրջում անել, որպեսզի փրկի երկիրը, փրկի իրավիճակը, մեզ մոտ դա չկատարվեց: Հիմա ես չեմ տեսնում ռազմական կամ զինված հեղաշրջման տարբերակը»: Շարժման համակարգող ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, թե շատերն այսօր ունեն բարձրախոս և կարող են տարբեր բաներ ասել, իրենք պատասխանատու չեն ամեն մասնակցի ասածների համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը NewArmenia.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց շարժման պատասխանատուների արձագանքի առթիվ՝ շեշտելով, որ նրանք պատասխանատու են իրենց կողմից կազմակերպված հավաքների ժամանակ հնչող նման կոչերի համար:

«Պետք է հստակ դատապարտեն զինված մեթոդով խնդիրներ լուծելու կոչերն ու մեթոդները, բայց չեն դատապարտում, որովհետև իրենք կողմնակից են այդ մեթոդների կիրառմանը»,-ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Դրանք հակապետական և հակասահմանադրական կոչեր են, որոնք ուղղված են պետությունը ներսից թուլացնելուն: ԵՎ դատապարտված են անհաջողության»։

Ըստ իրավապաշտպանի՝ 16+1 ֆորմատով ընդդիմություն անվանվող խմբի կողմից բողոքի ցույցերի ամբողջ տրամաբանությունը «գնալով ավելի է ստանում ռադիկալ բնույթ և բացահայտում է ամեն գնով իշխանությունը վերցնելու նրանց մտադրությունը»:

«Այդ թվում, թե ռազմական հեղաշրջման, թե պետական հեղաշրջման միջոցով: Սա շատ նման է առաջին հանրապետության ժամանակ Հայհեղկոմի կողմից դրսևորված վարքագծին, երբ հայ-թուրքական պատերազմների ժամանակահատվածում նախ կազմակերպվեց մայիսյան ապստամբություն, այնուհետև արտաքին ուժերի աջակցությամբ իշխանության զավթում»,-ասաց Սաքունցը:

Մեր դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանն այնուամենայնիվ մերժեց ռազմական հեղաշրջման ճանապարհը, իրավապաշտպանը նշեց. «Այն կոչերը, որ վերջի օրերին հնչեցվում են՝ ուղղված ուժային կառույցներին և իրավապահ մերմիններին, հենց խոսում է այն մասին, որ ուղերձ կա, որ նրանց ներգրավեն բռնի մեթոդով իշխանությունը զավթելուն: Վազգեն Մանուկյանը չդատապարտեց հնչած կոչը: Նա ընդունելի է համարում զինվորական հեղաշրջումը, այսինքն՝ ակնհայտ է, որ սպասում էր, որ զինվորականներն անեն: Կարելի է ասել՝ կա որոշակի ակնկալիք, որ լիներ զինվորական հեղաշրջում: Հատկապես, որ իրենք ասում են, որ Եռակողմ համաձայանգիրը չի փոխվելու, իրենք դա ընդունում են որպես արդեն կատարված փաստ և անշրջելի իրավիճակ: Այս պայմաններում իրենց գործողութունների միակ նպատակը մնում է իշխանությունը զավթելը, ոչ թե Սյունիքում կամ այլ տեղ իրավիճակ փոխելը կամ այդ հայտարարությունը չեղյալ հայտարարելը»:

Սա, իհարկե, Սաքունցի խոսքով, չի արդարացնում այսօրվա իշխանությանը, որոնց կողմից շատ խնդիրներ պատշաճ լուծում չեն ստանում: «Բայց նախկինների առաջարկն իր բովադակությամբ ընդամենը մեկն է՝ իշխանությունը վերցնել առանց ծրագրի և պատերազմի տխուր արդյունքներն ուղղակի օգտագործել՝ իշխանության գալու համար»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով. «Զինված հեղաշրջումը ամենավերջին հարվածը կհասցնի Հայաստանին: Ծանր վիճակում գտնվող պետության փրկությունը զինված հեղաշրջումը չի կարող լինել»:

Արդյոք ընդդիմությունը կգնա՞ ռադիկալ քայլերի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դժվարացավ ասել՝ ինչ բացասական զարգացումների կարող է դրդել կատարվողը: «Ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենք փոխեին իրենց մարտավարությունը և հասկանային, որ փողոցային պայքարի այս ձևն արդյունավետ չի գոնե իրենց դեպքում: Իսկ թե ինչ քայլերի իրենք կդիմեն, կամ ինչ կլինի, կանխատեսել ես չեմ կարող: Պետք է սպասել դեպքերի զարգացմանը»,-նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ «շատ կարևոր է, որ վերջնագրերից հետո չլինեն ծայրահեղ, օրենքից դուրս գործողություններ, որոնք մեզ հերթական անգամ փաստի առաջ կկանգնեցնեն»:

«Մենք այսօր ունենք այնպիսի լուրջ իրավիճակ, Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ ներքաղաքական ցանկացած խժդժություն, ցանկացած բախում կարող է էլ ավելի ծանրացնել Հայաստանի վիճակը: Մենք պետք է խոսենք կամ մտածենք ոչ թե այն մասին, թե ով է այսօր իշխանության, կամ ովքեր են ցանկանում գալ իշխանության, այլ այն մասին, թե ինչպես կարող ենք փրկել մեր պետությունը: Խնդիրը պետության մեջ է»,-եզրափակեց նա: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանն ու Արցախը քննարկել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում համագործակցության ուղղությունները

Անի Գրիգորյան

ՀՀ համապատասխան մարմինները չգիտեն՝ քանի արցախցի է այս պահին ապրում Հայաստանում

Սերինե

Հարևանների հետ հարաբերություններում նախաձեռնողը պետք է լինենք մենք, այլ ոչ թե երրորդ պետությունները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին